Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի ամանորյա տոնախմբությունը

Դեկտեմբերի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Ձորաբերդ» ռեստորանում նշեց Ամանորը՝ իրենց բնորոշ սովորությամբ, խաղերով և հետաքրքիր անակնկալներով: Ամանորյա տոնախմբությունը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, սկսվեց Տերունական աղոթքով:

Տեր Հայրը ներկաներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը: «Գալիք Ամանորի հրաշալի տոնի առթիվ ջերմագին շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ ուղղում ձեզ և ձեր ընտանիքներին՝ Աստվածային սեր ու բարեշնորհություն մաղթելով ամենքիդ: Սիրելինե՛ր, ձգտենք հոգևոր առումով նորանալուն՝ վստահ լինելով, որ նորի այդ փափագը մշտապես հագեցվելու է Բարեխնամ Հոր կողմից, քանի որ հոգևոր կյանքը՝ Քրիստոս Հիսուսով, իր էությամբ արդեն իսկ նոր է: Միմյանց և այլոց հետ կիսվենք մեր ունեցած նորով, նրա տված ուրախությամբ ու երանությամբ: Մաղթում եմ ամենքիս, որպեսզի առ Աստված ունեցած մեծ հավատքով ու վստահությամբ դիմավորենք Նոր Տարին: Իրական ուրախությամբ ու սիրով լեցուն հոգիներով հոգ տանենք միմյանց մասին: Թող այս նոր տարում աստվածային կենարար սերը, լույսն ու իմաստությունը մեր միջոցով փոխանցվի մեր միջավայրին»,- ասաց Տեր Գրիգորը:

Ապա Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության ատենապետուհի Զարուհի Համալյանը ողջունեց ներկաներին և շնորհակալական խոսք հղեց Նավասարդ Սրբազանին, Տեր Գրիգորին՝ նշելով, որ տարիներ շարունակ, Սրբազան Հոր օրհնությամբ և Տեր Գրիգորի գլխավորությամբ, իրականություն են դառնում իրենց բոլոր ձեռնարկներն ու միջոցառումները: Նա շնորհակալություն հայտնեց նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանին, ով, ամեն ուրբաթ արևմտահայերենով քարոզխոսելով, նպաստում է իրենց հոգևոր աճին: Ամանորի տոնի կապակցությամբ Զարուհին մաղթեց, որ գալիք տարին մարդկային կյանքի արժևորման տարի լինի, որ բոլոր մարդիկ միմյանց ժպիտներ նվիրեն՝ մոռացության մատնելով բոլոր դժվարությունները, հիվանդություններն ու դժբախտությունները:

Ողջ երեկոյի ընթացքում մեկը մյուսին հաջորդող ուրախ պարեղանակները, խաղերն ու անակնկալները տոնական տրամադրություն էին ստեղծել, որը լրացրեցին բոլորի կողմից սպասված հյուրերը՝ Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Իսկ մինչ նրանց գալուստը, Զարուհին ներկաներին հիշեցրեց. «Ամանորյա զանգակների ղողանջը մեզ դեպի Աստված ուղղորդելու խորհուրդն ունի, մոմերը՝ աստվածային լույսի, տոնածառը՝ Կենաց ծառի՝ Քրիստոսի, աստղը՝ Բեթղեմյան աստղի, իսկ տոնածառի ժապավենները խորհրդանշում են աշխարհում ապրող քրիստոնյաների սիրո միությունը»:

Ուրախությունը կրկնապատկվեց, երբ ժամանեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Իր թոռնիկներով շրջապատված Ձմեռ պապը դեռ շատ անակնկալներ ուներ նրանց համար պատրաստած: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Հույսի միավոր» սիրիահայ տիկնանց օժանդակ միության ջանքերով կազմակերպված ամանորյա տոնախմբությունը, խաղերը, անակնկալներն ու Ձմեռ պապի ներկայությունն իրապես տոնական դարձրեցին յուրաքանչյուր սիրիահայի օրը:

 

Կարինե Սուգիկյան

21.12.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․