19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի տարեվերջյան ամփոփիչ ժողովը

Դեկտեմբերի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, տարեվերջյան ժողովով ամփոփեց տարվա իր գործունեությունը: Այն սկսվեց Տերունական աղոթքով: Տեր Գրիգորն ուրախությամբ արձանագրեց, որ այս տարի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, համայնքային կյանքից ներս իրագործվող գործունեության՝ թե՛ քարոզչության, թե՛ սոցիալական ծրագրերի, թե՛ եկեղեցու տարածքում իրականացվող շինարարության, նաև այլ նախաձեռնությունների առումով մեծ առաջընթաց է գրանցվել: Սոցիալական ծրագրերի առնչությամբ Տեր Գրիգորը ներկայացրեց, որ Տիրոջ կամքով և օրհնությամբ այն ավելի ընդլայնվեց և դարձավ կայուն մի ծրագիր, որ շարունակվում է մինչ օրս։ Ծրագրին աջակցել են համայնքի և արտերկրում բնակվող հավատավոր հայորդիներ, որի արդյունքում հոգևոր և նյութական օժանդակություն են ստացել սոցիալապես անապահով իննսունմեկ ընտանիք, Հայոց ազգային բանակի մեր զինվորները, եկեղեցու համայնքի կարիքավոր անդամները:

Տեր Գրիգորը նշեց, որ նվիրատվությունների շնորհիվ բարեկարգվել ու բարեզարդվել է եկեղեցին և նրա շրջակայքը. կառուցվել է եկեղեցու արևելյան ճեմուղին, հարավային և արևելյան մուտքերը, աստիճանները, տեղադրվել են արևելյան, արևմտյան և հարավային պարսպի ճաղաշարերը և մուտքերի ճաղաշար դարպասները: Եկեղեցու տարածքը կանաչապատվել է մշտադալար տնկիներով, արծաթափայլ եղևնիներով և ծաղիկներով, վերանորոգվել են բակի երեք նստարանները, տեղադրվել են մետաղյա աղբամաններ, բակում կանգնեցվել է խաչքար (Ջուղայի կրկնօրինակը): Եկեղեցուն է նվիրաբերվել քանդակազարդ աթոռներ, գրակալներ, խաչվառ, արծաթե կանթեղներ և մեռոնաթափ աղավնի: Տպագրվել է «Զորավոր Ավետարանը» պատկերագիրք-ուսումնասիրությունը (1000 օրինակ):

Ինչպես նշեց Տեր Հայրը եկեղեցում շաբաթվա ընթացքում յոթ անգամ քարոզխոսություն է լինում, փոքրիկները հաճախում են կիրակնօրյա դպրոց, այժմ դպրոցը, ըստ տարիքային խմբերի, վերակազմավորման փուլում է գտնվում, «Զորավոր» երիտասարդաց միությունը շաբաթական երկու օր մասնակցում է քրիստոնեական դասընթացների և Աստվածաշնչի սերտողության: Տեր Հայրը նշեց, որ տարվա ընթացքում կազմակերպվել է տասնութ ուխտագնացություն և կարևորեց դրանց նշանակությունը՝ համարելով այն հավատքի ամրապնդմանն ու վերանորոգմանն ուղղված կարևոր խթաններից մեկը: Ժողովին անդրադարձ եղավ նաև surbzoravor.am կայքի աշխատանքներին, որն այն այսօր Հայաստանում հոգևոր կայքերի շարքում համարվում է առաջատար:

Այնուհետև Տեր Գրիգորը ծխական խորհրդի անդամների հետ փոխհամաձայնությամբ ծխական խորհրդի ատենապետ վերընտրեց Գագիկ Ավետիսյանին, վերընտրվեցին ծխական խորհրդի մյուս անդամները, և ընտրվեց նոր անդամ՝ համայնքից Մանվել Բաբայանը: Ժողովի ավարտին քննարկվեցին նաև հաջորդ տարվա անելիքներն ու ծրագրերը:

«Ուրախություն եմ ապրում՝ տեսնելով, որ այսօր էլ մեր մեջ շատ են ավետարանական այրի կնոջ օրինակին հետևող մարդիկ, ովքեր առանց փոխադարձության ու վարձքի ակնկալիքի, անձնվիրաբար և Աստծուց իրենց տրված կարողության չափով ծառայում են Տիրոջը, Մայր եկեղեցուն և իրենց նմանին»,- ասաց Տեր Գրիգորը:

 

 

Կարինե Սուգիկյան

20.12.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․