Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Տարեմուտն ազդարարվեց աղոթքով

Տարեմուտի գիշերն իմաստավորելու հնագույն և գեղեցիկ ավանդույթ ունի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Ավանդույթի համաձայն՝ բոլոր եկեղեցիներում Նոր տարվա մուտքն ազդարարվում է աղոթքով: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում զանգերի ղողանջյունով ազդարարվեց Տարեմուտը, ազդարարվեց՝ տարին աղոթքով իմաստավորելու կոչով: Տարեմուտի արարողությունը բազմաթիվ հավատացյալների էր համախմբել եկեղեցու սուրբ հարկից ներս՝ փառաբանելու Տիրոջն ապրած յուրաքանչյուր օրվա համար՝ Սուրբ Գրքի հետևյալ խոսքի համաձայն. «Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թեսաղ. 5:18):

Արարողությունը սկսվեց Գիշերային ժամերգությամբ, ապա կատարվեց «Վասն Հանրապետութեան Հայաստան աշխարհի» մաղթանքը, որով ներկաները Աստծո ամենաառատ ողորմությունը հայցեցին, որպեսզի Տերը պահի և պահպանի Հայաստան աշխարհը խաղաղության, բարօրության և անսասանության մեջ: Գոհաբանական աղոթքից հետո ներկաները մասնակցեցին նռնօրհնեքի կարգին: Արդեն չորրորդ տարին է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Տարեմուտին կատարվում է նռնօրհնեք:

Այնուհետև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանն ամանորյա իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին. «Ամանորյա գիշերը գոհունակ սրտով փառաբանում ենք մեր Տիրոջը, որ հարատև Իր օրհնությանն է արժանացնում մեզ՝ զորացնելով մեր հավատքը: Եվ այժմ, սիրելինե՛ր, Նոր տարվա սեմին կանգնած, յուրաքանչյուր օրն ապրենք Աստծո ներկայությամբ, թող Աստված պահպանի մեզ չարից ու փորձանքներից և թող գոհունակ սրտով փառաբանենք մեր Տիրոջը: Իսկ օրհնված այս նուռը մեզ հետ տանենք մեր տները՝ որպես Աստծո օրհնության առհավատչյան և Աստծո օրհնությամբ սկսենք այս տարին»:

Արարողության ավարտին ներկաներին բաշխվեց օրհնված նռներ: Քրիստոնեության մեջ նռան սիմվոլիկան բավականին տարողունակ է, այն մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն է՝ Իր՝ գավաթում հեղված արյամբ: Նուռը խորհրդանշում է նաև աստվածային շնորհների բազմազանությունը, Եկեղեցին՝ իր բազմաթիվ հոտով:

Առ Աստված ունեցած երախտագիտության մեծ զգացումով, հավատով, հույսով և աղոթքով քրիստոնյան մուտք է գործում Նոր տարի՝ ջանալով աստվածահաճո ապրել այն օրերը, որոնց կարժանացնի իրեն Տերը: Շատ հաճախ է հնչում այն կարծիքը, թե տարին ինչպես նշենք, այնպես էլ այն կընթանա, այս մասին Ս. Հովհան Ոսկեբերանը հորդորում է և ասում. «Վշտացնում է ինձ այն մարդկանց ոչ ճիշտ ընթացքը, որոնք հետևում են օրերին, կռահում և մտածում, որ եթե Նոր տարվա առաջին օրն անցկացնեն ուրախության և հաճույքի մեջ, ապա ողջ տարին այդպես էլ կանցնի: Ոչ միայն ծայրաստիճան անմտություն, այլ նաև չարի ներշնչանք է մեկ օրվա ապրած կյանքը տարածել ողջ տարվա համար: Երջանիկ կլինի տարին քեզ համար ոչ թե այն դեպքում, որ տարվա առաջին օրը տրվես հարբեցողության, այլ ինչպես այդ օրը, այնպես էլ տարվա մյուս օրերն ապրես աստվածահաճո կյանքով: Օրը լավ կամ անհաջող է ոչ թե իր բնույթով, քանի որ օրը օրից ոչնչով չի տարբերվում, այլ թե ինչպես ենք ապրել այն. եթե բարին ես գործել, ապա օրը քեզ համար լավ է անցել, իսկ եթե մեղանչել ես, ապա՝ տանջալից և վատ: Եթե այսպես դատես՝ քո յուրաքանչյուր օրն անցկացնելով աղոթքի և ողորմության մեջ, ապա ողջ տարին քեզ համար երջանիկ կլինի: Եթե ցանկանում ես տարվա առաջին ամսվա առաջին օրից օգուտ ունենալ, ապա այսպես վարվիր, երբ հասնես տարվա ավարտին, փառաբանիր Տիրոջը, որ ապրեցիր մինչ այդ օրը, ինքդ քեզ ասա՝ օրերն անցնում են, տարին ավարտվում, ի՞նչ բարիք եմ գործել, մի՞թե առանց ոչնչի, առանց ճշմարտության կհեռանամ այստեղից, դատաստանը դռան առջևում է»:

 

Կարինե Սուգիկյան

01.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․