27 Փետրվար, Եշ, Մեծ Պահքի Դ օր

Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն նվիրաբերվեց Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքը

Հունիսի 9-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Հինանց շրջանի վերջին՝ յոթերորդ կիրակին՝ Հոգեգալստյան տոնը: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագը մատուցեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Հընթացս Ս. Պատարագի ներկաները երգեցին օրվա «Երեքսրբյան» աղոթքը, որ Սուրբ Հոգուն էր ուղղված, ունկնդիր եղան Ներսես Լամբրոնացու Սուրբ Հոգու գալստյան ներբողին, իսկ Ս. Հովհան Ոսկեբերանի «Ի Սուրբ Երրորդութիւն» աղոթքի խոսքերով, Սուրբ Հոգուն դիմելով, հայցեցին, որ Սուրբ Հոգի Աստված շնորհի իրենց երկնային խաղաղություն, հոգիների ու մարմինների նորոգում և զորացնի զգաստությամբ ու արդարությամբ:

Մինչ քարոզը Տեր Գրիգորը շնորհավորեց ներկաներին շնորհառատ տոնի՝ Հոգեգալուստի կապակցությամբ՝ նշելով, որ այս օրը տարբերվում է ոչ միայն տոնի առթիվ երգված հոգեզմայլ շարականներով, աղոթքներով և ընթերցումներով, այլ մի օրհնաբեր առիթով ևս. Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին հարստացավ ևս մեկ զորավոր սրբությամբ՝ Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքով, որ նվիրաբերել է արտերկրում բնակվող բարերար Գեղամ Ղուկասյանը: Տեր Հայրը հորդորեց ներկաներին՝ աղոթք բարձրացնել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բարերար Ղուկասյան ընտանիքի՝ ի մասնավորի Գեղամ Ղուկասյանի համար, որպեսզի Տիրոջ Ամենազոր Աջը պահապան լինի բարերարի ընտանիքին՝ հաջողեցնելով ի փառս Աստծո և հայրենիքի համար իրագործված իրենց բոլոր ձեռնարկները:

Սուրբ Պատարագի ավարտին ներկաները հաղորդ դարձան Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքին՝ խնդրելով Տիրոջից սրբի բարեխոսությունը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու չորս ուխտի օրերին կհամալրվի ևս մեկը, որի շնորհիվ հավատավոր հայորդիներն առիթ կունենան հաղորդակցվելու առաջին հայրապետի մասունքին: Հովհաննես ավետարանչի հետևյալ խոսքի համաձայն՝ սրբերին պետք է հարգել՝ որպես Քրիստոսի բարեկամների, որպես Աստծո որդիների և ժառանգորդների. «Իսկ Իրեն ընդունողներին և Իրեն հավատացողներին Նա իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու. ո՛չ արյան ճամփով և ո՛չ էլ մարմնի կամ մարդկային կամքով, այլ Աստծուց ծնվելով» (Հովհ. 1:12):

 

Կարինե Սուգիկյան

09.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․