Գրքեր

Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցում նշվեց Համբարձման տոնը

Բոլոր տոների ու տնօրինական խորհուրդների ամբողջացումը՝ Համբարձման տոնը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է տասը օր շարունակ: Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը՝ այս տարի հունիսի 2-ին, Հայ եկեղեցին նշեց Հինանց կիրակիներից նախավերջինը՝ Երկրորդ Ծաղկազարդը, որ հաստատել է Ներսես Շնորհալու եղբայրը՝ Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը, 11-րդ դարում:

Հունիսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Սուրբ Պատարագը մատուցեց խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը: Քարոզին Տեր Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին՝ համեմատելով Առաջին և Երկրորդ Ծաղկազարդի տոները. «Եթե Առաջին Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը երկրային Երուսաղեմ, որի ժամանակ մանուկներն օրհնում ու փառաբանում էին Աստծո Միածին Որդուն, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը երկնային Երուսաղեմ, որի ժամանակ հրեշտակներն էին փառաբանում Աստծուն», ապա մանուկների օրինակը մատնանշելով՝ Տեր Հայրը մասնավորաբար ասաց. ««Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայությունը չեք մտնի (Մատթեոս 18:3): Կյանքը Աստվածապարգև է, և այն պետք է անցկացնել Աստծուն փառաբանելով, ինչպես արեցին մանուկները Քրիստոսի՝ Երուսաղեմ մուտքի ժամանակ: Նրանք ընտրել էին լավագույն մասը՝ Աստծո հետ հաղորդակցումը»:

Ս. Պատարագի ավարտին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ազգային կոլորիտով զարդարուն բակում, «Անուշ» օպերայի նախերգանքի ներքո կիրակնօրյա դպրոցի սաների շուրթերով կրկին անգամ ազդարարվեց Սուրբ Համբարձման ավետիսը՝ հրավիրելով բոլորին ներկա գտնվելու օրվա տոնախմբությանը: Հնչեց Համբարձման շարականը, և հանդիսատեսը կրկին անգամ վերապրեց Համբարձման ավետարանական պատմությունը, որի լրումը հանդիսացավ Տիրոջ հաղթական խոսքերը՝ «Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. 28:20)»:

Իսկ ահա միջոցառման երկրորդ մասում սուրբ օրվա գովքն էին անում ժողովրդական տոնախմբությամբ՝ երգ ու պարով և վիճակով: ժողովուրդը Համբարձման տոնը անվանել է Վիճակի օր, ինչը կապված է Քրիստոսի համբարձվելուց հետո առաքյալների կողմից Հուդայի փոխարեն վիճակահանությամբ նոր աշակերտ ընտրելու ավանդության հետ (Գործք Առաք. 1:26): Համբարձումը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, վիճակահանման խաղիկներով և ժողովրդական երգերով՝ «Ջանգյուլում»-ը, «Ծաղիկ ունեմ նարընջի», «Համբարձում եկավ»:

Ապա եկեղեցու բակում մի խումբ աղջիկներ վիճակի սափորով, յոթ աղբյուրից ջուր լցրած կժերով, վիճակի զամբյուղներով, ծաղկաթերթերի թասով, Ծաղկամեր խաչով, Ջան գյուլում, ջա՜ն, ջա՜ն երգելով, մոտեցան ժողովրդին: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում էր, թե ինչ է բերել իր հետ: «Անուշ հոտով, անուշ խոսքով, վիճակ հանենք համ ու հոտով».- սկսվեց վիճակ հանելու գեղեցիկ սովորույթը: Վիճակ հանողը աստվածաշնչյան խոսքին էր հաղորդ դառնում՝ լսելով այն հորդորը, որ ասում էր՝ Տիրոջ խոսքով առաջնորդվողը կյանքում միշտ էլ կօրհնվի:

Այնուհետև «Զորավոր մանկունք» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Լիլիթ Սիմոնյանի գլխավորությամբ, հանդես եկավ «Հա կլոր», «Լեպ հո լե լե» ժողովրդական երգերով: Համբարձման տոնախմբությունը շարունակվեց ավանդական երգ ու պարով, խաղերով: Քանի որ Համբարձման տոնը հայտնի է նաև «Կաթնապրի օր» անունով և կաթնապուր եփելը պարտադիր էր, ուստի, սովորույթի համաձայն, ներկաներին բաժանվեց կաթնապուր, այնուհետև ներկաները ճաշակեցին նաև տոնական տորթը:

Սուրբ Համբարձման խորախորհուրդ և ուրախ տոնախմբությունը կայացավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության նախանձախնդիր ջանքերի շնորհիվ: Տոնախմբությանը մեծ սիրով իրենց մասնակցությունն էին բերել եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, երիտասարդաց միության անդամները, «Զորավոր մանկունք» երգչախումբը և Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի աշակերտուհիները: Վերջիններիս պատմության, հայոց եկեղեցու պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Տաթևիկ Պետրոսյանը, ով նաև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց և ծխական խորհրդի անդամ է, ասաց, որ աղջիկները՝ որպես Ջան գյուլում խաղացող աղջիկներ, մեծ ուրախություն ապրեցին՝ մասնակցելով ազգային հրաշալի ավանդույթին: «Իրենք ազգայինի համը յուրովի ու առաջին անգամ ճաշակեցին և ցանկություն հայտնեցին հաջորդ տարի ևս մասնակցել: Ամեն տարի նոր աշակերտների եմ ընդգրկում Համբարձման տոնախմբությանը, և նրանք բոլորը ցանկություն են հայտնում կրկին մասնակցելու: Ազգայինն իրենց արյան և հոգու մեջ է, մասնակցելով տոնախմբությանը, նրանց հոգում ննջած ազգայինը արթնանում է, ջերմանում և իրենք զգում են, որ դա իրենցն է: Ամեն հայ մարդու համահունչ է Համբարձման տոնի խորհուրդը և հայ ժողովրդական տոնախմբությունը»,- ասաց տիկին Տաթևիկը: Տոնախմբությանը մասնակից երեխաներին տիկնանց միության անդամները նվիրեցին ազգային նախշազարդերով թևնոցներ:

Համբարձման տոնի հորդորն է յուրաքանչյուրին՝ դեպի Երկինք նայել, ըստ Օգոստինոս Երանելու, քրիստոնյան այն անձն է, որ հաստատուն քայլում է երկրի վրա, բայց գլուխը Երկնքում է:

 

Կարինե Սուգիկյան

02.06.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․