Գրքեր

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին շարունակում է սիրո առաքելության իր ուղին

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, այցելելով կարիքավոր ընտանիքներին, շարունակում է սիրո առաքելության իր կարևոր ուղին՝ վայելելով աստվածային ներկայության երանությունը: Քանի որ, Սբ. Հովհաննես առաքյալի խոսքի համաձայն, աստվածային սիրո մեջ գտնվողը միանում է Աստծուն, Աստված էլ՝ իրեն (Ա Հովհաննես 4:16):

Սիրո առաքելության ուղին այս անգամ՝ հուլիսի 13-ին, համայնքին, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, առաջնորդեց դեպի Էջմիածին քաղաք:Մովսես Խորենացու 4/4 հասցեում վարձակալությամբ ապրող Գաբրիելյան ընտանիքի համար սոցիալական խնդիրներն ինչ-որ չափով աննշան են այն մեծ խնդրի առջև, որ ունեն իրենք. ընտանիքի երեք զավակները տառապում են պարբերական՝ երևանյան հիվանդությամբ:  Գաբրիելյան Սվետլաննան՝ ընտանիքի մայրը (37 տ.), նշեց, որ ամուսինը ստիպված է եղել մեկնելու արտագնա աշխատանքի, թեև նա էլ առողջական խնդիրներ ունի և մի քանի անգամ վիրահատվել է: «Ես էլ եմ աշխատում, բայց իմ և ամուսնուս վաստակած գումարի մեծ մասը և ընտանեկան նպաստը հիմնականում հատկացնում ենք երեխաների բուժմանը վերաբերող խնդիրները մասամբ լուծելուն, իսկ մնացած գումարը չի բավարարում տան վարձի, կոմունալ և ամենօրյա ծախսերը հոգալուն»,- ասաց Սվետլաննան:

Տեր Գրիգորի հետ զրույցը գոտեպնդեց ընտանիքի երիտասարդ մորը: «Աստծուն հուսալով շարունակեք ապրել ձեր կյանքը լավատեսորեն՝ այդ կերպ օգնելով և՛ ձեզ, և՛ ձեր ընտանիքին, գտնելու համար հոգևոր անանցանելի ուրախությունը: Փոփոխվող այս աշխարհում մարդու համար հաստատուն և ամուր հենարանն Աստված է և ինչպես սաղմոսերգուն է ասում. «Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա: Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը»» (Սաղմոս 120:1-2),- ասաց Տեր Գրիգորը:

Ապա, բժշկության աղոթք կարդալուց հետո, Տեր Հայրն ընտանիքին հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ գնված սննդի փաթեթներն ու հիգիենիկ պարագաները, իսկ ընտանիքի մայրն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին՝ իրենց ընտանիքի հանդեպ ցուցաբերած ուշադրության և հոգածության համար:

 

 

Կարինե Սուգիկյան

13.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․