Գրքեր

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին տոնախմբեց Վարդավառը

Հուլիսի 3-ին Հայ Առաքելական Սբ. եկեղեցին տոնախմբեց հինգ տաղավար տոներից երրորդը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը: Տաղավար տոնը յուրաքանչյուր հայորդու ուղղորդում է նախ եկեղեցի՝ մասնակիցը լինելու տոնական Սբ. Պատարագին: Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում խորախորհուրդ տոնի շուրջ համախմբված համայնքը Սբ. Պատարագին իր աղոթական մասնակցությամբ կրկին անգամ վերապրեց Քրիստոսի երկրային կյանքի զարմանահրաշ դրվագը՝ Քրիստոսի այլակերպությունը: Պատարագիչը՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, քարոզին մասնավորապես նշեց, որ տոնն ամենքիս համար մեծագույն մխիթարություն լինելուց բացի, զորություն է հավատքի մեջ անսասան լինելու և հաստատակամորեն առաջ ընթանալու, քանի որ Քրիստոսի պայծառակերպվելը և նրա երկու կողմերում Մովսես և Եղիա մարգարեների հայտնվելը ոչ միայն Տիրոջ աստվածության վկայությունն էր, այլև՝ հավիտենական կյանքի, այն փաստի, որ բոլոր հոգիներն էլ ողջ են երկրային վախճանից հետո, իսկ Աստծո արդարներն ու ընտրյալները հենց Տիրոջ մոտ են գտնվում: Տեր Հոր մաղթանքն էր բոլորին, որ յուրաքանչյուր ոք, Թաբոր լեռան վրա աստվածային ներկայությանը հաղորդակից լինելով, պայծառակերպի իր միտքը, խոսքն ու գործը և թող պայծառակերպված Տիրոջ վսեմաշուք պատկերը մշտապես ուղեկից լինի բոլորին և հիշեցնի, որ Ամենակալի անսահման սերն առ մեզ հիմք հանդիսացավ, որպեսզի Փառքերի Տերը երկիր իջնի և Իր Սուրբ Արյունը հեղի մեզ համար:

Սբ. Պատարագի ավարտին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու կանաչապատ և ծաղկապատ այգում վարդավառյան ուրախությունն էին իրենց շուրջը տարածել կիրակնօրյա դպրոցի սաները մանկավարժ Սիրանուշ Գումրույանի գլխավորությամբ: Մանկավարժը տոնի վերաբերյալ երեխաներին հարցեր էր ուղղում և փոքրիկների լիարժեք պատասխաններն ուրախություն էր պատճառում և՛ ծնողներին, և՛ համայնքի անդամներին: Երեխաները քաջատեղյակ էին տոնի թե՛ ավետարանական պատմությանը և թե՛ ժողովրդական սովորությանը: Այնուհետև եկեղեցու բակում տոնի ժողովրդական սովորության ուրախությունը տիրեց. կիրակնօրյա դպրոցի երեխաները, «Զորավոր» երիտասարդաց միության անդամները և համայնքի անդամները, փոքր թե մեծ միմյանց վրա ջուր էին ցողում:

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու բակում վարդավառյան տոնախմբությունն եզրափակեցին Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաներն իրենց ելույթով: Այն կազմակերպվել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանի կողմից: Հանդես եկան պարարվեստի բաժնի «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը (գեղարվեստական ղեկավար Սուրեն Գյանջումյան) և վոկալ բաժնի սաները: Ելույթի ավարտին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանն օրհնեց մասնակից երեխաներին:

Սիրելի դարձած տոնը մեր կյանքում այս տարի ևս, կրկին անգամ հաստատելով կարևորագույն ճշմարտությունը, որ Հիսուսն Աստծո «սիրելի Որդին է», Աստծո պատվերն է կրկին անգամ հիշեցնում՝ «Նրա՛ն լսեցեք»:

 

Կարինե Սուգիկյան

03.07.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․