Գրքեր

Զրկանքները շատ են օգնում մարդկանց

- Հա՛յր, մարդիկ այսօր ինչո՞ւ են այդքան տառապում:

- Որովհետև խուսափում են աշխատանքից: Հարմարավետություն, ահա, թե որն է մարդկանց հիվանդությունների և տառապանքի պատճառը: Մեր ժամանակաշրջանում հարմարությունները բթացրել են մարդկանց: Իսկ փափամազիկությունն ու քնքշակեցությունը բազմաթիվ հիվանդություններ են իրենց հետ բերել: Առաջ մարդիկ որքա՜ն էին տանջվում, երբ ցորեն էին աղում: Ինչպիսի՜ աշխատանք էր, բայց ախր այն ժամանակվա հացն էլ որքա՜ն քաղցր էր: Մարդիկ գետնին ընկած հացը բարձրացնում էին և համբուրում: Շրջափակումը վերապրած մարդիկ, երբ հացի ավելորդ կտոր են տեսնում՝ խնամքով մի կողմ են դնում: Իսկ մյուսներն ավելորդ հացը դեն են շպրտում՝ չհասկանալով, թե ինչ գնով է այն ստացվում: Հացը չեն գնահատում՝ մեծ կտորներով աղբանոց են նետում: Աստված Իր օրհնություններն է տալիս մարդկանց, բայց նրանց մեծամասնությունը նույնիսկ փառք չի տալիս Աստծուն: Այսօր ամեն ինչ հեշտորեն, առանց դժվարության է տրվում մարդկանց:

Զրկանքները շատ են օգնում մարդկանց: Երբ մարդիկ զրկվում են որևէ բանից, ինչ-որ բանի պակաս են զգում, ապա ի վիճակի են լինում գնահատել այն, ինչ կորցրել են: Իսկ նրանք, ովքեր գիտակցաբար ու խոնարհությամբ իրենց ինչ-որ բանից զրկում են հանուն Քրիստոսի սիրո՝ հոգևոր ուրախություն են ապրում: Եթե, օրինակ, մեկն ասի. «Մի մարդ հիվանդ է և այդ պատճառով էլ ես այսօր ջուր չեմ խմի: Տեր Աստված, ավելին անել չեմ կարող»: Եվ եթե մարդը դա անի, ապա Աստված նրան ոչ թե ջուր կտա խմելու, այլ քաղցր զովացուցիչ ըմպելիք՝ աստվածային մխիթարությունը:

Տառապող մարդիկ խորը երախտագիտություն են զգում նույնիսկ ամենաչնչին օգնության համար: Իսկ հարուստ ծնողների երես առած երեխան ոչնչով չի գոհանում, նույնիսկ, եթե հայրն ու մայրը նրա բոլոր քմահաճույքները կատարեն: Նման երեխան կարող է ամեն ինչ ունենալ ու տանջվել, ձախողվել, խենթություններ անել: Իսկ որոշ խեղճ երեխաներ մեծագույն երախտագիտություն են զգում իրենց ցույց տրված փոքր օգնության համար: Եթե մի բարի մարդ նրանց փոխարեն վճարում է ուղեվարձը մինչև Աթոս, ապա ինչպե՜ս են շնորհակալություն հայտնում նրան և Քրիստոսին: Իսկ բազմաթիվ հարուստ երեխաներից լսում ես. «Մենք ամեն ինչ ունենք, ինչո՞ւ ամեն ինչ ունենք»: Ոչնչի կարիք չունենալով՝ տրտնջում են, փոխարենը շնորհակալ լինեն Աստծուն և աղքատներին օգնեն: Սա մեծագույն երախտամոռություն է: Նրանք նյութական որևէ կարիք չունեն և այդ պատճառով էլ դատարկություն են զգում իրենց ներսում: Ծնողներն ամեն ինչ պատրաստի են տալիս իրենց երեխաներին, և այդ պատճառով էլ երեխաներն ապստամբում են նրանց դեմ, միայն մի ուսապարկով հեռանում են տանից ու թափառում ողջ աշխարհում: Դեռ ծնողներն էլ գումար են տալիս, որպեսզի տուն զանգեն ու ասեն, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, բայց նրանք թքած ունեն ծնողների խնդրանքների վրա: Հետո ծնողներն սկսում են փնտրել նրանց: Մի պատանի ամեն ինչ ուներ, սակայն ոչինչ չէր ուրախացնում նրան: Եվ ահա, հեռացավ տանից, շենքերի մուտքերում էր գիշերում, բայց չէ՞ որ լավ ընտանիքից էր: Իսկ եթե որևէ աշխատանք ունենար և հացն իր քրտինքով վաստակեր, ապա իր աշխատանքն իմաստ կունենար, իսկ ինքն էլ խաղաղ կլիներ ու կփառաբաներ Աստծուն:

Մարդկանց մեծամասնությունն այսօր զրկանքներ չի կրում: Եվ հենց այդ պատճառով էլ բարեպաշտություն չունեն: Եթե մարդն ինքը չի աշխատում, ապա ուրիշների աշխատանքը գնահատել չի կարող: Մի թեթև աշխատանք գտնել, գումար վաստակել, այնուհետև քեզ համար զրկանքներ փնտրել՝ ի՞նչ իմաստ ունի: Օրինակ՝ շվեդները, որ իրենց անհրաժեշտ ամեն ինչի համար պետությունից նպաստ են ստանում և այդ պատճառով էլ չեն աշխատում ու թափառում են միայն: Նրանց ողջ աշխատանքը քամին է տանում, ներքուստ անհանգիստ են, որովհետև հոգևոր ռելսերից դուրս են եկել: Նրանք աննպատակ գլորվում են [կյանքում], ինչպես առանցքից դուրս եկած անիվներն են ճանապարհին գլորվում, մինչև որ անդունդն են ընկնում:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

29.10.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․