Գրքեր
Ինչպիսի՞ն էր վկայության խորանը:

Երկարությունը երեսուն, լայնությունն ու բարձրությունը տասական կանգուն էր, երեք կողմերը տախտակով էր պատած: Սակայն ոչ թե յուրաքանչյուր կողմը միակտոր էր, այլ ամեն տախտակ մեկ ու կես կանգուն լայնություն ուներ, որպեսզի շարժվելու ժամանակ քանդվեր և հաջորդ իջևանում նորից հավաքելու հնարավորություն լիներ: Քսան տախտակ հարավային, քսան՝ հյուսիսային կողմում և միայն վեց տախտակ արևմտյան կողմում, և սրանք բոլորն էլ ծխնիներով ամուր կերպով իրար էին ամրանում, երբ կանգնեցնում էին խորանը:

Երկու անկյուններում տախտակները պահելու համար մեկական սյուներ կային, որոնք չփտող փայտից էին և ոսկեպատ: Դուռը արևելյան կողմն էր բացվում և միայն այն կողմից էր լույս ընկնում ներս, և չորս ծածկոցներով էր պատված: Առաջին ծածկոցը կապույտ, ծիրանագույն և կարմիր բեհեզից էր: Երկրորդը այծի մազից էր հյուսված: Երրորդը խոյի մորթուց էր, որը դեղին երանգով կարմիր գույն ուներ, չորրորդը ամբողջովին կապույտ ներկված բրդից էր: Սրանք ոչ թե միակար էին, այլ լայնությամբ բաժանված լինելով, ոսկե կոճակներով իրար էին ամրացված, որպեսզի դնելն ու վերցնելը հեշտ լինի:

Խորանի ներսում՝ լայնությամբ, ոսկով պատված չորս սյուներ կային, որոնցից տարբեր գույների թանկարժեք վարագույրներ էին կախված  և այս վարագույրներից այն կողմը «Սրբությունների Սրբություն» էր կոչվում, քանի որ այնտեղ էր պահվում տապանակը: Որևէ մեկը չէր կարող այնտեղ մտնել, բացի միայն մեծ քահանայապետից, որը տարին մեկ անգամ՝ քավության տոնին մտնում էր այնտեղ և աղոթում Աստծուն (Եբր. 9:6): Իսկ վարագույրների դրսի մասը «Սրբություն» կոչվեց:

Այս հատվածում (սրբությունում) հյուսիսային կողմում էր Առաջավորության սեղանը, իսկ հարավային կողմում՝ Խնկերի սեղանը: Նաև նույն վարագույրի առջև ոսկեղեն աշտանակն էր դրվում, որը յոթ ճրագարաններ ունենալով, յուրաքանչյուրի վրա կանթեղի տեղ ուներ, որ ամեն գիշեր վառում էին: Նմանապես խորանի դռան առջև ոսկեպատ հինգ սյուներ կային, որոնցից թանկագին վարագույրներ էին կախված, որպեսզի ներսի մասը դրսի նայողների համար անտեսանելի մնա:

Իսկ խորանի դրսի մասում բացօթյա շրջանաձև բակ կար, որը հարյուր կանգուն երկարություն և հիսուն կանգուն լայնություն ուներ, որի երկու կողմերի երկայնքով քսան սյուներ կային, և ետևի կողմում՝ տասը սյուներ, որոնք հնգական կանգուն լայնություն ունեին, որոնցից վարագույրներ կախվելով՝ խորանը այդ բակով շրջապատված էր լինում, և հիշյալ սյուները բոլորն էլ չփտող փայտից և պղնձապատ էին:

Հիշյալ բակում էր գտնվում ողջակեզների սեղանը և պղնձե ավազանը, որը ջրով էին լցնում և այդ ջրով լվանում էին զոհը: Քահանաները նույնպես իրենց պաշտոնակատարությունը սկսելուց առաջ լվանում էին  ձեռքերն ու ոտքերը: Սույն բակը երկու մասի էր բաժանված, որոնցից մեկը քահանաներին էր հատկացված, որտեղ զոհաբերություն էին անում, իսկ մյուս մասում ժողովուրդը կանգնելով նայում էր քահանաների զոհաբերությանը: Ժողովուրդը, խորան մտնելու արտոնություն չունենալով, միայն հիշյալ հրապարակում կարող էր կանգնել:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․