Գրքեր
Հարց 72 - Ի՞նչ նկարագիր պետք է ունենա հաղորդվողը:

Պատասխան - Կատարելության շատ կարիք ունի, քանզի պետք է առաքինության գործերով զարդարված լինի, որպեսզի այս Սուրբ Խորհուրդն իր հոգու մեջ ընդունելու տեղ ունենա: Պետք է մաքուր խղճով հաղրդվի, ինչպես Սերովբեն ունելիով մոտեցավ Սուրբ Սեղանին: Պողոս Առաքյալը հրամայում է. «Թող մարդ նախ ինքն իրեն փորձի և ապա ուտի այդ հացից» (Ա Կորնթ. 11:28):

Պետք է սրբությամբ մաքրվել յոթը մահացու մեղքերից: Նախ պետք է ազատվել հպարտության մեղքից, ինչը հրեշտակներին գցեց իրենց աթոռից և երկիր աքսորեց, որովհետև հպարտության մեղքով մերձեցողը նույն պատիժն է կրում:

Պետք է հոգին մաքուր լինի նախանձից: Ինչպես Սուրբ Հոգին, որ երևաց աղավնակերպ, դառնություն չունի, նույնպես և հաղորդվողը պիտի նախանձի դառնություն չունենա իր սրտում:

Պետք է ազատվել նաև բարկության ախտից, քանզի ինչպես Պիղատոսի բարկացող և կատաղի զինվորները չարչարեցին Քրիստոսին, նույնպես և բարկության ախտով հաղորդվողն է դասվում նրանց կարգը և պատժակից լինում նրանց:

Պետք է զգուշանալ ծուլությունից և առաքինի արիությամբ կատարել խոստովանահոր կարգած ապաշխարությունը և նույն արիությամբ միշտ պայքարել երեք տեսակ թշնամիների

դեմ, որոնք են`մարմինը, աշխարհն ու սատանան (նյութը, ցանկություններն ու նրանց տիրակալը):

Պետք է զգուշանալ ագահությունից` Հուդային չնմանվելու համար, ում սրտի մեջ մատնության երեսուն արծաթը կար, իսկ բերանի մեջ` մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը, ինչի պատճառով Աստված այսպես էր հանդիմանում Դավիթ մարգարեի բերանով. «… Եվ որն ուտում էր հացն իմ, հաճախակի իմ դեմ խաբեություն գործեց» (Սաղմ. 40:10):

Պետք է զգուշանալ որկրամոլությունից, քանզի որկրամոլությանը հետևելը կռապաշտություն է. ինչպես Իսրայելի համար ասում է Դավիթը. «Նրանք Բելփեգորին հարեցին, զոհի միս կերան ու մեռելոտի» (Սաղմ. 105:28):

Պետք է զգուշանալ պոռնկությունից և բղջախոհությունից, որովհետև Սուրբ Հաղորդությունը հրեշտակների հաց է կոչվում; Ուրեմն հաղորդվողը հոգով պետք է նմանվի հրեշտակի: Իսկ բղջախոհները ոչ թե հրեշտակների, այլ պիղծ անասունների են նմանվում: Այդ պատճառով մեր Տեր Հիսուս Քրիստոս հրամայում է արգելել այդպիսիներին` ստանալ Սուրբ Հաղորդություն`ասելով. «Մի՛ տվեք սրբությունը շներին. և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք» (Մատթ. 7:6):

Վերջապես ամեն տեսակ մեղքից պետք է մաքուր և սուրբ լինի հաղորդվողը: Քանզի զազիր մեղքով ախտահարվածը և չզղջացողը նույնիսկ եկեղեցի մտնելու իրավունք չունի: Այս է պատճառը, որ սարկավագները ողջույնի ժամանակ ասում են. «Ովքեր չեն կարող հաղորդվել աստվածային խորհրդին, թող դռների մոտ կանգնեն ու աղոթեն»:

Հիրավի, սրբություն է կոչվում այս Սուրբ Խորհուրդը, բայց սրբերի սրբություն է: Այս պատճառով էլ ժամարարը, Սուրբ Խորհուրդը վեր պահելով, բարձրաձայն ասում է. «Սրբություն` սրբերի համար»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․