Գրքեր
Ինչպե՞ս Հեսուն ժողովրդին անցկացրեց Հորդանան գետով:

Աստծո բացահայտ օգնությամբ և մեծ հրաշքով: Որպես ժողովրդի վրա կարգված Մովսեսին հաջորդող առաջնորդի, Աստված հրամայում է Հեսուին, որ ժողովրդին Հորդանանի մյուս ափը անցկացնի և չվախենա, և ինչպես որ Մովսեսի հետ էր, նույնպես էլ իր հետ պիտի լինի, միայն թե հոգա, որ օրենքը կատարվի:

Թեպետ Աստված Հեսուին խոստացավ նրա հետ լինել, սակայն մարդ պարտավոր է իր կողմից անհրաժեշտը ձեռնարկել, ուստի Հեսուն երկու լրտեսներ է ուղարկում Երիքով քաղաք, որպեսզի այնտեղի բնակիչների վիճակի և զորության վերաբերյալ իր ստացած տեղեկության համեմատ վարվի: Անհրաժեշտ էր Երիքովը գրավել, քանի որ այն գտնվում էր Հորդանանի մոտ:

Հիշյալ երկու լրտեսները քաղաքը հետազոտելուց հետո իջևանեցին Րախաբ անունով մի կնոջ տանը: Երբ Երիքովի թագավորը այս իմացավ, Րախաբից պահանջեց լրտեսներին, վերջինս պատասխանեց, թե՝ «Արդարև երկու մարդիկ եկան տունս, սակայն դարձյալ հեռացան, նրանց հետևից շուտ մարդ ուղարկեք, որովհետև հնարավոր է, որ հասնեն նրանց»:

Քանի որ լսել էր իսրայելացիների՝ Կարմիր ծովով անցնելու և անապատում նրանց դեմ դուրս եկող ազգերի կործանման մասին, հիշյալ կինը հասկանում է, որ անշուշտ Երիքովն էլ պիտի գրավեն: Այս պատճառով լրտեսներին պահում և չի հանձնում փնտրողներին, և նրանց երդվեցնում է, որ քաղաքը գրավելիս իրեն և իր ազգականներին չվնասեն:

Նրանք էլ խոստանալով կարգադրում են, որ տան պատուհանից կարմիր պարան կախի՝ որպես նշան, որպեսզի քաղաքը գրավելու ժամանակ իսրայելացիները ճանաչեն ու այդ տանը վնասելու համար չմոտենան: Քանի որ տունը բերդի վրա էր, Րախաբը, պատուհանից իջեցնելով, օգնում է լրտեսներին փախչել, որոնք գնալով եղելությունը պատմում են Հեսուին և տեղեկացնում  Երիքովի բնակիչների երկյուղի մասին:

Քանի որ իսրայելացիների բանակը տակավին գտնվում էր Սատտիմ կոչված վայրում, այնտեղից շարժվելով՝ մոտենում է Հորդանանին: Երեք օր հետո Հեսուն ժողովրդին պատվիրում է, որ մաքրվելով պատրաստ լինեն, քանզի հաջորդ օրը գետի ջուրը կտրվելու է, և տապանակը պիտի անցնի:

Նույնպես Ռուբենի, Գադի և Մանասեի ցեղի կեսին պատվիրում է, որ ամեն ինչից առաջ զինվեն Հորդանանը անցնելու համար, իսկ նրանք  վերստին խոստանում են (տե՛ս 24 հարց) ամեն ինչով հնազանդ լինել նրա հրամանին: Ապա ժողովրդին հրամայում է, որ քահանաների՝ տապանակը վերցնելու ժամանակ բոլորը երկու հազար կանգուն հեռավորությունից հետևեն նրան (1 կանգունը = 0.77 մ):

Արդարև, հաջորդ օրը քահանաները վերցնում են տապանակը, և երբ գետի ափին, ջրի մեջ ոտք են  դնում, Աստծո կամքով անմիջապես գետի վերին հոսանքը կանգ է առնում, իսկ ներքևի հոսանքը բնականորեն հոսելով՝ չորանում է, և ժողովուրդը ցամաք գետի վրայով դիմացի ափն է  անցնում (Հեսու 3:17):

Աստծո հրամանով իսրայելացիների տասներկու ցեղերից մի մի պատվավոր մարդ քահանաների կանգնած տեղից մեկական քար է վերցնում և այդ գիշեր իրենց իջևանատեղը տանում. այդ քարերով մի կոթող են կանգնեցնում, որպեսզի ապագայում, երբ եկող սերունդը հարցնի, թե «ի՞նչ են այդ քարերը», ի հայտ գա իսրայելացիների՝ հրաշքով Հորդանան գետից անցնելը, և չմոռանան Աստծո զորությունը (Հեսու 4:22):

Հեսուն նույնպես տասներկու քարեր վերցնելով՝ Հորդանանում քահանաների կանգնած վայրում նշան է բարձրացնում: Հետո երբ տապանակն էլ է անցնում, գետը, առանց ափերից դուրս գալու, իր սովորական հունով  հոսում է:

Դու Աստծո ողորմությունը տես, քառասուն տարի առաջ, առանց նավի կարիք ունենալու իսրայելացիներն անցան Կարմիր ծովով, իսկ այժմ առանց կամրջի կարիք ունենալու Հորդանան գետով են անցնում: Իսրայելացիները շատ ուրախացան, իսկ այդ կողմերում գտնվող կռապաշտ թագավորները իսրայելացիների՝ Հորդանանը հրաշքով անցնելու մասին լսելով՝ մեծ երկյուղի և մտատանջության են մատնվում, շվարում են՝ չիմանալով, թե ինչ անել:

Քանի որ քառասուն տարիների ընթացքում անապատում ծնվածները մինչ այդ պահը չէին թլպատվել, Աստծո պատվիրանի համաձայն՝ Հեսուն գայլախազ (կայծքար) քարով բոլորին թլփատում է: Ավետյաց երկիրը ոտք դնելուց և դրա ցորենը ուտելուց հետո ամեն օր իջնող մանանան դադարեց իջնել: Նույնպես հրաշալի ամպը, որը անապատում առաջնորդում էր իսրայելացիներին, Հորդանանը անցնելու ժամանակ անհետացավ:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Բ, Վաղարշապատ, 1902 թ.:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․