14 Օգոստոս, Ուր, Աստվածածնի պահքի Ե օր

Գրքեր
Ինչպիսի՞ն էր Իսրայելի վիճակը վերոհիշյալ դատավորներից հետո:

Շատ վատ: Որովհետև նրանց ժամանակ, թշնամին տկարանալով, իսրայելացիները միառժամանակ հանգիստ էին, և դարձյալ Աստծու օրենքներին հակառակ կենցաղի են հակվում: Ուստի Աստված, նորից բարկանալով, նրանց կռապաշտների իշխանության ներքո է թողնում, որպեսզի խրատվեն, ինչպես շատ անգամ էր արել: Օրինա´կ վերցրու. երբ իսրայելացիները հնազանդության շավիղներից խոտորվում են, թշնամին զորանում և հաղթում է, քանի որ Աստված թշնամիներին՝ որպես արդարության գործիքի, թույլ է տալիս, որ խրատեն իսրայելացիներին: Այս դեպքում հանցանքը թշնամունը չէր, այլ իսրայելացիներինը, քանի որ իրենց ապրելակերպն իրենց պատժում էր: Արդարև, երբ իսրայելացիներին դատավոր էր տալիս, Ինքն էլ նրա հետ լինելով՝ աստվածային օգնությամբ հաղթում էին թշնամուն: Սակայն նույն դատավորի մահվանից հետո ժողովուրդը, նախկին ուղղությունը դեպի չարը շեղելով, վատթարագույն վիճակում է հայտնվում: Թեպետ վերոհիշյալ դատավորներից հետո Հեղի քահանան է դատավոր դառնում, սակայն ժողովուրդը սրա օրոք չի ուղղվում, այլ իր սովորական չար ճանապարհով է ընթանում, թշնամիների հարստահարություններն էլ օրըստօրե սաստկանում են, և իսրայելացիները ծայրահեղ թշվառ և ողորմելի վիճակում են հայտնվում: Սակայն որպեսզի թշնամին չհպարտանա և չմտածի, որ ինքն իր զորությամբ է կարողանում պատժել իսրայելացիներին, Աստված կամենում է նրան էլ պատժել, որ իր աստվածային զորությունը հայտնի դառնալով՝ թշնամին էլ իր չափը ճանաչի, և իսրայելացիներն էլ միխիթարվեն և զգաստանան: Դրանից բացի՝ Աստված ոչ թե նախկինի պես պատերազմով և զորքով, այլ միայն Սամսոնի ձեռքով էր փրկելու իսրայելացիներին, ուստի նախ մարդկային կերպարանքով հրեշտակը, նրա մորը երևալով, ավետիս է տալիս, որ մի որդի պիտի ծնի, և նաև պատվիրում է՝ ոգելից խմիչքներից զգուշանա, օրենքով սահմանված անսուրբ կերակուր չուտի, և մանկան գլխին էլ երբեք ածելի չդիպչի: Սույն բարի լուրն իր ամուսնուն՝ Մանուեին է հայտնում, և Մանուեն, հասկանալով, որ Աստծուց է, խնդրում է, որ նորից այդ մարդուն ուղարկի, որպեսզի տեղեկանալով տրված պատվիրաններին՝ հակառակ բան չանի։ Հրեշտակը նորից է գալիս և կրկնում նախապես տրված պատվիրանը, և Մանուեն առանց իմանալու, որ նա հրեշտակ է, ցանկանում է շուտափույթ մի ուլ մորթել՝ պատիվ տալու համար, իսկ նա էլ հայտնում է, որ պատրաստելիք կերկուրն Աստծուն զոհ մատուցի: Այս անգամ Մանուեն նրա անունն է հարցնում, որպեսզի տրված ավետիսը կատարվելուց հետո գոհանալով՝ փառավորի Աստծուն: Հրեշտակը պատասխանում է, թե ինչու է հարցնում իր անունը. հարցնում է մի բանի մասին, որը սքանչելի է (իբր անթարգմանելի): Երբ Մանուեն, հրեշտակի պատվիրանին համապատասխան, պատրաստած կերակուրը այնտեղ գտնվող մի քարի վրա զոհ է մատուցում, իսկույն քարից բոց է դուրս գալիս և երկինք բարձրանում. հրեշտակն էլ, բոցի հետ բարձրանալով, աներևութանում է: Մանուեն և նրա կինը, այս հրաշքը տեսնելով, երկյուղից ընկնում են երեսնիվայր, մանավանդ Մանուեն ասում է, որ պիտի մեռնեն, քանի որ Աստծուն տեսան: Սակայն կինը հուսադրական և քաջալերող խոսքերով պատասխանում է. «Եթե Աստված մեզ պիտի սպաներ, զոհն ընդունելով՝ այս բարի լուրն ու պատվիրանը չէր հայտնի»: Ապա ծնվում է Սամսոնը, և երբ մեծանում է, Աստված, նրան օրհնելով, այնքան ուժ ու զորություն է տալիս, որի նմանը անցյալում չէր եղել: Եվ քանի որ նրա ձեռքով պիտի պատժվեին թշնամիները, ուստի Թամնաթա է գնում և այնտեղ մի կռապաշտ աղջիկ տեսնելով՝ ցանկանում է նրան կնության առնել: Բայց քանի որ իսրայելացիներին արգելված էր ամուսնանալ կռապաշտի հետ, ծնողները չեն համաձայնում. նրանք չգիտեին, որ դա Աստծու կողմից էր: Սամսոնը, անպատճառ ցանկանալով կնության առնել հիշյալ աղջկան, հարսանիքը կարգադրելու համար ծնողների հետ Թամնաթա գնալիս ճանապարհից այգիների կողմն է թեքվում, որտեղ իսկույն նրա դեմ մի առյուծի կորյուն է դուրս գալիս, որի երախից բռնելով, քանի որ զենք չուներ, ուլի նման մեջտեղից երկու կես է անում: Սակայն Սամսոնն առյուծին սպանելը չի պատմում իր ծնողներին, և Թամնաթա գնալով, ըստ սովորույթի, գործը պատշաճորեն կարգավորելուց հետո վերադառնում են: Սամսոնը, առյուծին սպանելու վայրը վերադառնալով, տեսնում է, որ մեղուները նրա երախի մեջ մեղր են պատրաստել: Այդ մեղրից վերցնելով՝ և´ ինքն է ուտում, և´ ծնողներին է տալիս առանց հայտնելու, թե որտեղից է վերցրել: Թամնաթա գնալով, ըստ երկրի սովորույթների, յոթ օր հարսանիք են անում: Բայց բնակիչները, դրա ընթացքից վախենալով, նրա հետ, որպես ընկեր, երեսուն տղամարդ են դնում: Սամսոնը, առյուծի երախից հանած մեղրի մասին մի առեղծվածային հանելուկ հորինելով, նրանց ասում է՝ ուտողից կերակուր է դուրս գալիս, հզորից՝ քաղցր: Միևնույն ժամանակ պայման են կապում, որ եթե յոթ օրվա ընթացքում խնդիրը լուծեն, ինքը նրանց երեսուն կտոր հագուստ կտա, եթե ոչ՝ իրենք կտան: Երբ երեք օրում անկարող են լինում առեղծվածը լուծելու, ստիպում են նրա կնոջը, որ Սամսոնից անպատճառ պատասխանն իմանա և դրա նշանակությունը իրենց հաղորդի, իսկ եթե չանի, նրան և հոր տունը կայրեն: Նա էլ տեսակ-տեսակ հնարքներով, ծանր հանդիմանությամբ, կեղծավոր և շողոքորթող խոսքերով ու արտասուքով չորս օր այնքան է ձանձրացնում Սամսոնին, որ սա ստիպված է լինում կնոջը հայտնելու հանելուկի բացատրությունը: Թեև նա զգուշությամբ պատվիրում է, որ ոչ մեկին չհայտնի, բայց սա պատասխանն իմանալուն պես, իսկույն տեղեկացնում է բնակիչներին: Նրանք էլ Սամսոնին պատասխանում են, թե ինչ կա մեղրից քաղցր և առյուծից հզոր: Սամսոնը հասկանում է, որ կինը բերանբացություն է արել, սակայն պայման կապած լինելու պատճառով և մանավանդ Աստծուց զորանալով ՝ Ասկաղոնի բնակիչներից երեսուն մարդ (կռապաշտ) է սպանում և նրանց հագուստները տալիս այդ մարդկանց:

Լա՛վ մտապահիր. Սամսոնն առյուծին հաղթում է, բայց կեղծավոր և շողոքորթ կնոջից հաղթվելով՝ ծնողներից թաքցրած գաղտնիքը նրան է հայտնում: Սակայն սա էլ խորհուրդ ուներ, քանի որ սահմանված էր նրա՝ կռապաշտներին պատժելը, և սա պատրվակ էր, որ հետո նրանցից վրեժ լուծի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․