13 Օգոստոս, Եշ, Աստվածածնի պահքի Դ օր

Գրքեր
Հետայսու ինչպիսի ՞ն էր Սավուղի վիճակը:

Խիստ թշվառ: Քանի որ նա, իր խելքին վստահելով, հպարտ և համառ, ուղիղ սրտով չզղջալու պատճառով Աստված բոլորովին մերժում է նրան: Թեև Սամվելը, նրա համար սգալով, աղոթում և աղաչում է, սակայն Աստված նրան ասում է. «Մինչև ե՞րբ Սավուղի համար սուգ պիտի պահես, Ես նրան մերժեցի (Ա Թագ. 16:1), քեզ ուղարկում եմ Բեթղեհեմ` Հեսսեի մոտ, որ քեզ հայտնեմ՝ որդիներից որին իսրայելացիներին թագավոր կարգես»:

Երբ Սամվելը հարցնում է. «Ինչպե՞ս գնամ, երբ Սավուղը լսի, ինձ անպատճառ կսպանի»: Աստված պատասխանում է. «Դու մի երինջ վերցրո´ւ և ասա´, որ զոհ մատուցելու համար Բեթղեհեմ ես գնում, և Հեսսեին էլ զոհի հրավիրի´ր»:

Թեև Սամվելը ամեն կերպ առ Աստված ունեցած հնազանդությամբ կատարյալ էր, և գիտեր, որ Աստված կարող է Սավուղի թշնամությունից իրեն փրկել, սակայն իբրև մարդ, որոշակի գործի համար պարտավոր լինելով անհրաժեշտ պարագաններն էլ ուշիուշով քննելու  և խորհելու, որոշակիորն խոստովանում է Սավուղից ունեցած երկյուղը:

Նրա սիրտը հանգստացնելու համար Աստված նույնպես մարդուն վայել կարգադրություններ է  անում,  և Սամվելն ապահով և անվախ Բեթղեհեմ է գնում:

Սավուղի թագավորելուց սկսած` Սամվելը միշտ իր տանն էր բնակվում, և միմիայն կարևոր գործերի պատճառով էր այլ վայր գնում։ Եվ երբ Բեթղեհեմի ծերերը տեսնում են նրան, երկյուղում են, թե միգուցե մի տխրառիթ գործով է եկել, ուստի շտապում են հարցնելու (Ա Թագ. 16:4) գալու պատճառը, և երբ իմանում են, որ զոհ մատուցելու համար է եկել, իրենց ապահով են զգում և ուրախանում. Սամվելը զոհ մատուցելու է հրավիրում հատկապես Հեսսեին և նրա որդիներին:

Սրանից հետո Հեսսեի տուն գնալով` նրան գաղտնապես հաղորդում է Աստծու հրամանը: Հեսսեն իր մեծ որդուն Սամվելի մոտ է բերում, և Սամվելը, նրա վայելչադեմ կերպարանքին նայելով, մտածում է, որ նա է թագավորության արժանի անձնավորությունը: Սակայն Աստված մարդու սրտին է նայում և ոչ թե արտաքին տեսքին, որի համար էլ նրան արժանավոր չհամարելով` Սամվելին ասում է, որ նրա տեսքին չնայի (Ա Թագ. 16:7):

Ապա երկրորդ, երրորդ և վերջապես յոթ որդիներն էլ մեկ առ մեկ ներկայանում են Սամվելին, որը Հեսսեին հայտնում է, որ Աստված նրանցից ոչ մեկին արժանի չի գտնում և հարցնում է` մի՞թե ուրիշ որդի չունի: Հեսսեն, Դավիթ անունով մի որդի էլ ունենալով, պատասխանում է, որ մի փոքր որդի էլ ունի, որը ոչխարներն է արածեցնում:

Երբ Սամվելի հրամանով նրան ևս բերել են տալիս, Աստված Սամվելին ասում է. «Ելի՛ր և օծի՛ր Դավթին» (Ա Թագ. 16:12,13): Սամվելը  նրա գլխին յուղ է լցնում, և օծելուն պես  ի վերուստ այնպիսի շնորհ է տրվում Դավթին (Ա Թագ. 16:13), որ թագավորական գործերը վարելուն անհրաժեշտ հմտությունները ստանալուց բացի` անմիջապես սկսում է մարգարեանալով սաղմոս ասել և գրի առնել:

Հասկացի´ր. երբ Դավիթը, ինչպես մի պարզ հովիվ, հոր ոչխարներն էր արածեցնում, խոնարհամտության և հնազանդության համար աստվածային գերբնական շնորհների է արժանանում, սակայն Սավուղը, աստվածային հրամաններին հակառակ կենցաղով արդեն իսկ տրված շնորհը կորցնելով, դիվահարության ախտով է վարակվում, որից էլ չափազանց անհանգիստ դառնում (Ա Թագ. 16:14):

Այս է պատճառը, որ պալատականներն առաջարկում են մի մարդ բերել, որը, քնար նվագելով, նրան կհանգստացնի, որին Սավուղն իր համաձայնությունն է տալիս: Այդ ժամանակ նրանցից մեկը, Դավթի մասին խոսելով, հայտնում է, որ նա քնար նվագել և սաղմոս երգել գիտե, և որպես գովեստ` ավելացնում է, որ  իմաստուն և տեսքով էլ գեղեցիկ անձնավորություն է:

Սավուղն իսկույն Հեսսեին լուր է ուղարկում, որ  Դավիթ որդուն իր մոտ ուղարկի։ Նա էլ նրան թագավորի մոտ է ուղարկում ընծաներով: Սավուղը, Դավթին շատ հավանելով, իր մոտ ծառայության է նշանակում, և երբ հիվանդանում է, Դավիթը քնար է նվագում  և քաղցրաձայն սաղմոս երգելով` Սավուղի ցավերը փարատում: Դավիթը միառժամանակ արքունիքում մնալուց հետո  տուն է վերադառնում և նորից հովվություն անում:

Դրանից հետո թշնամիները, անթիվ զորքով իսրայելացիների երկիր գալով, մի լեռան վրա բանակ են դնում: Սավուղը նույնպես հանդիպակաց լեռն է բարձրացնում իր բանակը: Երկու լեռների միջև մի ձոր է լինում, և երկու ճակատները միմյանց են դիտում: Թեև ժամանակ առ ժամանակ պատերազմական գործողությունների շարժումներ են ցույց տալիս, սակայն զորքերն առանց պատերազմելու նորից իրենց բանակատեղին են վերադառնում:

Թշնամու կողմից Գողիաթ անունով մի հսկա մարդ, որի հասակը վեց կանգուն և մի թզաչափ էր (4,8 մ), ինքն էլ ահարկու և զրահներ հագած և վահանով ու նիզակով, դեպի իսրայելացիների բանակը գալով, հպարտորեն ասում է. «Ինչո՞ւ եք պատերազմի դուրս գալիս, ձեր միջից թող մի մարդ դուրս գա ասպարեզ, եթե նա ինձ հաղթի, մենք ձեզ ծառայենք, իսկ եթե ես նրան հաղթեմ, դուք ծառայեք մեզ»:

Հիշյալը հպարտանալով այնքան վստահ էր իր ուժին և զորությանը, որ իսրայելացիներից ոչ մեկը չի համարձակվում նրա դեմ դուրս գալ, և եթե որևէ մեկը դուրս գար, անտարակույս նրան սպանելու վստահությամբ` Գողիաթը իսրայելացիներին առավել նախատելու նպատակով հավելում է. «Ահավասիկ, այսօր ես իսրայելացիների զորքին նախատեցի, մի մա´րդ տվեք, որ մենամարտեմ» (Ա Թագ. 17:10):

Այսպիսի խոսքերով իսրայելացիներին ցանկանում է վախեցնել: Արդարև, Սավուղը և բոլոր իսրայելացիները, Գողիաթի խոսքերը լսելով, սաստիկ վախենում են, քանի որ ոչ մեկը չի հմարձակվում նրա դեմ մենամարտել, դրա պատճառով ահարկու հսկան, քառասուն օր` առավոտյան և երեկոյան, ասպարեզ դուրս գալով, միևնույն խոսքն է կրկնում, որպեսզի ավելի  անարգի:

Եվ քանի որ Դավթի երեք երղբայրներն էլ Սավուղի հետ բանակում էին, Դավիթը, հոր կարգադրությամբ նրանց համար ուտելիքի պաշար տանելով, եղբայրներին փնտրելու ժամանակ Գողիաթը, նորից ասպարեզ գալով, վերոհիշյալ խոսքերն է ասում: Դավիթը, նրա հրահրող խոսքերը լսելով, մտադրվում է սպանել նրան:

Այդ ժամանակ զորքերն էլ, երկյուղով խույս տալով, միմյանց հայտնում են, որ ով այս մարդուն սպանի, թագավորն իր աղջկան նրան է տալու և նրան տոհմով մեծ պատվի արժանացնելու: Սույն խոսքը նույնպես լսելով՝ Դավիթը թեև գիտեր, որ ստույգ է, սակայն դարձյալ իր շուրջը գտնվող մարդկանց հարցնում է, թե այս մարդուն սպանողին արքան ի´նչ պարգևներ է խոստանում: Նրանք էլ թագավորի խոստումները Դավթին կրկնելու ժամանակ, նրա մեծ եղբայրը՝ Եղիաբը, երբ մոտենալով լսում է զորքի հետ Դավթի խոսակցությունը, սաստիկ հանդիմանում է Դավթին, թե անապատում ոչխարներն ո´ւմ է թողել և իբր  պատերազմ տեսնելու համար այստեղ եկել:

Դավիթը եղբոր հանդիմանական խոսքերին խոնարհությամբ պատասխանում է, որ ինքը ոչինչ չի արել, խոսք է` խոսում են (Ա Թագ. 17:29), սակայն այնտեղից հեռանալով` այդ խոսքերը վստահությամբ ուրիշների մոտ էլ է կրկնում:

Այս պարագայում մի´ մտածիր, թե Դավիթը փառասիրական  կամ շահադիտական նպատակով է այսպիսի խոսքեր ասում, այլ Աստծու Սուրբ Անվան և ազգի պատվասիրության նախանձախնդրությամբ ցանկանում է, որ թագավորի հրամանով սպանի Գողիաթին:

Արդարև, Դավթի խոսքերը, բերնեբերան անցնելով, Սավուղի ականջին են  հասնում, որը իր մոտ է կանչում նրան: Դավիթը թագավորին համարձակ պատասխանում է. «Հոգ մի´ արա, ծառադ կպատերազմի այդ կռապաշտի դեմ, եթե Ձերդ տերությունը թույլ տա»: Այն ժամանակ Դավիթը հազիվ քսան տարեկան էր, և Սավուղն ասում է. «Դու դեռևս մանուկ ես, գուցե չկարողանաս նրա դեմ կռվել»:

Սավուղի այդ խոսքերին Դավիթը հետևյալ պատասխանն է տալիս. «Ծառադ առյուծ և արջ է սպանել, թող այդ այլազգին էլ նրանցից մեկի նման լինի, Աստված, որ ինձ առյուծի և արջի ձեռքից փրկեց, նրա ձեռքից էլ կարող է փրկել» (Ա Թագ. 17:34, 36, 37): Իրոք, առյուծը կամ արջը ոչխարների հոտից մի ոչխար հափշտակելու ժամանակ Դավիթը, դրանց հետևից գնալով, սպանում է և հափշտակած ոչխարը դրանց բերանից դուրս կորզելով՝ հետ  բերում:

Արդ, Սավուղը, Դավթի քաջությանը նայելով, այս անգամ պատասխանում է. «Գնա´, Տերը թող հետդ լինի», և միևնույն ժամանակ զրահ հագցնելով` իր սուրն էլ տալիս է Դավթին: Սակայն նա, զրահներ կրելուն անվարժ, քայլելու ժամանակ երկու անգամ գայթում է և սայթաքում, ուստի հայտնելով, որ դրանցով չի կարող առաջ գնալ, սուրն ու զրահը թողնելով` վերցնում է հովվական գավազանը և, հեղեղատից հինգ կլորիկ քար իր մախաղի մեջ դնելով, պարսատիկն էլ ձեռքին, առաջ է շարժվում (Ա Թագ. 17:40):

Երբ նա մոտենում է Գողիաթին, սա, իր առջև մի վահանակիր ունենալով, առաջ է գալիս և տեսնելով, որ Դավիթը մի գեղեցկադեմ պատանի է, արհամարհում է նրան, ով իր դեմ է դուրս գալիս` ցուպով ու պարսատիկով և մեջքին միայն մախաղ ունենալով: Մանավանդ Գողիաթը, սաստիկ հպարտ լինելով, նրա դեմ մենամարտելը իրեն անպատվություն է համարում, ուստի այնտեղ նստելով` արհամարհանքով ասում է. «Մի՞թե ես շուն եմ, որ ինձ վրա փայտով ու պարսատիկով ես գալիս»:

Արդարև, Գողիաթի դեմ ցուպով և պարսատիկով դուրս գալը նրան շան տեղ դնել էր, մանավանդ Դավիթը նրան է´լ ավելի նախատելու համար ասում է. «Դու շնից էլ վատթար ես»: Այդ ժամանակ Գողիաթը, խիստ բարկանալով, Դավթին իր կուռքերի անուններով անիծելով, աղաղակում է. «Արի՛` քո մարմինը թռչուններին և գազաններին որպես կերակուր տամ»:

Դավիթը պատասխանում է. «Դու սրով, նիզակով և վահանով ես գալիս ինձ վրա, ես կգամ ամենակարող Աստծու Անունով (Ա Թագ. 17:45), որն այսօր քեզ մատնելու է իմ ձեռքը, և ես քեզ պիտի սպանեմ և գլուխդ իմ ձեռքով կտրեմ, քո և զորքերիդ դիակները թռչուններին և գազաններին կերակուր տամ, որպեսզի ողջ աշխարհն իմանա, որ միակ ճշմարիտ Աստված իսրայելացիների Աստվածն է, և Նա է աշխարհի բոլոր ազգերի Տերը, և որ միայն Նա է հզոր և ամենակարող»:

Այս խոսքերից զայրացած՝ Գողիաթը հարձակվում է Դավթի վրա, իսկ վերջինս, Աստծու օգնությանն ապավինելով, մախաղից իսկույն մի քար է հանում, և պարսատիկով նետելուն պես, Աստծու կարողությամբ նրա սաղավարտը ճեղքելով, ճակատի մեջ է մխրճվում, որից անճոռնի հսկան երեսնիվայր կործանվում է:

Այդ ժամանակ Դավիթն իսկույն հենց նրա սրով կտրում է գլուխը. կատարյալ հաղթանակ տանելուն պես  թշնամու զորքը սկսում է հապշտապ փախչել, և ահա իսրայելացիները, նրանց հետևից ընկնելով, շատերին կոտորելուց բացի` նրանց բանակն էլ թալանում են: Երբ Դավիթը Գողիաթի գլուխը զորքի մոտ է տանում, իսրայելացիների զորապետը նրան հաղթականորեն Սավուղի մոտ է ուղեկցում:

Սակայն Սավուղը, Դավթին չճանաչելով, Աբեններին հարցնում է, թե ում որդին է այդ պատանին, և երբ զորապետը չի կարողանում պատասխանել, Սավուղն ինքն է հարցնում, որին ի պատասխան` Դավիթն ասում է, որ  բեթղեհեմցի Հեսսեի որդին է: Թեև Դավիթը նախկինում որոշ ժամանակ Սավուղի մոտ էր ապրել, ինչպես  հիշատակվել է վերևում, բայց նա, հիմարության ախտով վարակված, Դավթի տեսքը մոռանալով, որպես նրան ընդհանրապես անծանոթ, հարցնում է, թե ում որդին է:

Այնուհետև Դավիթը, Գողիաթի գլուխը Երուսաղեմ տանելով, մի ձողի է անցկացնում և այն կանգնեցնում, որպեսզի թշնամին տեսնելով սարսափի: Սավուղը, նորից Դավթին իր մոտ պահելով, թույլ չի տալիս, որ հայրական տուն վերադառնա: Նաև Սավուղի որդին՝ Հովնաթանը, Դավթին այնպիսի եղբայրական սիրով է կապվում, որ սկսում է իր անձի պես սիրել նրան. այս սերը անքակտելի է մնում և տևում մինչև Հովնաթանի կյանքի վերջ և շատ օգտակար լինում Դավթին, որին ընծայում է իր թիկնոցն ու ամբողջ զենքը:

Ահա այսպես Աստծու օգնությամբ թշնամին հաղթվում է, երբ Սավուղն իր տեղն էր վերադառնում, գյուղերով և քաղաքներով անցնելու ժամանակ կանայք, խումբ-խումբ դիմավորելով, ուրախությամբ և նվագարանների ձայնակցությամբ սկսում են երգել և Սավուղին ու Դավթին գովաբանել՝ ամեն տան մեջ հետևյալ ձևով կրկնելով. «Սավուղը հազար սպանեց, իսկ Դավիթը` տասը հազար» (Ա Թագ. 18:7):

Արդ, հոգևոր առումով Գողիաթը` սատանայի, իսկ Դավիթը Մեսիայի օրինակն է: Քանի որ ինչպես Գողիաթը բոլոր իսրայելացիներին իր իշխանությանը ենթարկելու փափագով մի մարդու է ասպարեզ հրավիրում՝ մենամարտելու, և ոչ մեկը նրա դեմ դուրս գալու կարողություն չի ունենում, և միայն Դավիթն է Աստծու ողորմությամբ կարողանում  նրան կորստյան մատնել և իսրայելացիներին փրկել: Այդպես և սատանան, Ադամին դրախտում մեղքի կապանքներով կապկպած, ողջ մարդկային ազգը որպես գերի իր բռնակալ իշխանության ներքո չարաչար խոշտանգումների էր մատնում, և մինչ ոչ մեկը չէր կարողանում, նրա դեմ խիզախելով, հաղթանակի դրոշ պարզել, միայն Դավթի ցեղից Մեսիան, Որ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոս է, Իր անսահման և ամենաառատ ողորմությամբ մարդակային ազգից ամենաչար թշմնամու դեմ դուրս գալով, արիաբար պատերազմում է, և հաղթանակ տանելով` փրկում  և ազատում է մարդկային տկար և անկյալ բնությունը (Եսայի 63:3):

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․