14 Օգոստոս, Ուր, Աստվածածնի պահքի Ե օր

Գրքեր
Սավուղը, Դավթի տեղն իմանալով, հետամտո՞ւմ է նրան:

Այո՛, հետամտում է: Որովհետև Կեիլա քաղաքում նրա բնակվելու մասին լսելուն պես իր զորքերին հրամայում է, որ քաղաքը պաշարելով` բռնեն Դավթին: Դավիթը տեղյակ է լինում կատարվելիքին, մանավանդ Աբիաթարի միջոցով Տիրոջը հարցնելով` պատասխան է ստանում, որ Սավուղը քաղաքը պաշարելու է, և քաղաքացիներն էլ վախից նրան Սավուղի ձեռքն են հանձնելու, ուստի իր պատճառով ոչ մեկին չվնասելու համար, այդ քաղաքից մեկնելով, այլ տեղ է գնում:

Թեև Կեիլայից Դավթի մեկնելու մասին լսելով` Սավուղն այնտեղ չի շարժվում, սակայն հանգիստ չմնալով` փափագում է բռնել նրան և պատեհ առիթի է սպասում: Դավիթը, իր մարդկանց հետ Զիփա անապատ գնալով, բնակություն է հաստատում Մռայլ լեռան մի քարայրում: Քանի որ այն կողմերում անտառներ և բազում քարայրեր կային և ըստ անհրաժեշտության` հեշտությամբ կարելի էր այնտեղ ապաստանել: Ու քանի որ (ինչպես Ի հարցի մեջ է հիշատակվել) Հովնաթանը Դավթի հետ ուխտել էր միշտ սիրով մնալ, հիշյալ քարայրում բնակություն հաստատելը լսելուն պես, Սավուղից գաղտնի նրա մոտ է գնում և առաջին ուխտը նորոգելով` Դավթին ասում է. «Մի՛ վախեցիր հայրս չի կարող քեզ գտնել, դու պիտի թագավոր լինես, և ես` քո երկրորդը» (Ա Թագ. 23:17), և այսպիսի հուսադրող խոսքերով Դավթին քաջալերելուց հետո մեկնում է:

Թեև Հավնաթանի սույն վարմունքը Սավուղի կամքին հակառակ էր, սակայն Աստծու հրամանի համաձայն լինելով` նա առանց վախենալու գնում է Դավթի մոտ: Քանի որ Սավուղի չարությանը և Դավթի առաքինությանը նայելով` հասկանում է, որ թագավորությունը, իր հորից  վերցվելով, արդարությամբ Դավթին պիտի տրվի:

Դու Հովնաթանի հավատարմությա´նը նայիր. ինչքան Սավուղը,  արդարությանն ընդդիմանալով և Դավթին նախանձելով, թշնամանում է, այդքան էլ Հովնաթանը, արդարության սկզբունքներին համապատասխան, սիրում է նրան: Սավուղը ցանկանում է Դավթին սպանել, որ թագավոր չդառնա, Հովնաթանը, ընդհակառակը, նրան օգնում է, որ թագավոր լինի: Դավթի հայրը սոսկ  մարդ է, մինչդեռ Հովնաթանը, թագավորի որդի լինելով, թագավորությունը Դավթին վայել և հարմար է գտնում, և ինքը սրտանց և անկեղծորեն ցանկանում է նրա երկրորդը լինել:

Ճշմարիտ է, որ Հովնաթանը մահանալով Դավթի թագավորելը չի տեսնում, սակայն Դավթի սրտից նրա սերը երբեք չի ջնջվում (Բ Թագ. 1:26):

Արդ, վերոհիշյալ Զիփ քաղաքի բնակիչները, իմանալով, որ Դավիթը իրենց մոտ մի տեղ է թաքնվել, և միգուցե Սավուղը, դա իմանալով, Նորմա քաղաքի բնակիչների աղետն իրենց էլ հասցնի, Դավթի գտնվելու վայրի մասին հայտնում են Սավուղին և մանավանդ խոստանում են Դավթին բռնելու համար իրենք էլ նրա հետ լինել:

Արդարև, Սավուղը, այս լուրը շատ հավանելով, պատվիրում է, որ նորից ուշիուշով հետազոտելուց հետո վերստին իրեն տեղեկություն հայտնեն, և ինքն էլ առանց սպասելու իր զորքով պատրաստվում է: Դավիթը, լսելով նրա մտադրության մասին, գնում  և ապաստանում  է Մաոնի անապատի ժայռերում:

Այն ժամանակ Սավուղն ընկնում է նրա հետևից և, շրջապատելով նրան, մոտենում է բռնելու չափ, երբ հանկարծ Աստծու կամեցողությամբ մի սուրհանդակ, «շուտ հասի՛ր և մի՛ հապաղիր» ասելով, լուր է բերում Սավուղին, որ թշնամիները, նրա երկիր մտնելով, ավերում են: Սույն մեծագույն վտանգի լուրը ստանալուն պես Սավուղը, Դավթին թողնելով, վերադառնում է, որպեսզի թշնամուն իր երկրից դուրս հանի: Այսպես, վերին օգնության շնորհիվ Դավիթն ազատվում է Սավուղից:

Այստեղ Աստծու գաղտնի դատաստանի մասի՛ն խորհիր, քանի որ այս անգամ Դավիթը այնքան նեղ դրության մեջ էր ընկել, որ մարդու պես  խորհելով` փրկության ոչ մի ելք չէր երևում, սակայն Տերն իր զորությունն անհնարին պարագաներում է ցույց տալիս, այնպես որ Սավուղը մի ահավոր վտանգի լուրն առնելուն պես ստիպված է լինում Դավթին անմիջապես թողնելու և հեռանալու:

Այս է պատճառը, որ այս վայրը կոչվում է բաժանված կամ բաժանող վեմ (Ա Թագ. 23:28), քանի որ Սավուղը, որն այնտեղ պաշարել էր Դավթին, բաժանվելով գնում է, սակայն ոչ թե իր հոժար կամքով, այլ Տիրոջ` առ Դավիթ ունեցած հատուկ պաշտպանության զորությամբ, ինչպես սրա մասին Դավիթն է խոստովանում  Աստծու իր հանդեպ կատարած ողորմությունը (Սաղմ. 26: 6): Դրանից հետո Դավիթը գնում է Գադդայի անապատ և  բնակվում մի քարայրում:

Արդ, թեպետ Սավուղը իր երկրից դուրս  է հանում   թշնամուն, սակայն Դավթի անվնաս մնալն ու ազատվելը սրտին շատ ծանր լինելով, երբ լսում է, որ նա Գադդայի անապատում է, երեք հազար զորքով այն կողմ է գնում, որպեսզի այս անգամ անպատճառ սպանի նրան: Սակայն այդ երկրում բազում ժայռոտ լեռներ և քարանձավներ են լինում,  և «արդյոք որտե՞ղ է» ասելով որոնելու ժամանակ` Դավթի թաքնված քարանձավն են մտնում, որպեսզի հանգստանան:

Սույն քարայրի մուտքը` փոքր, ներսը ընդարձակ և մանավանդ մութ էր, և Սավուղը լույսից մութ տեղ մտնելու պատճառով չի կարողանում նշմարել, որ ներսում մարդ կա, սակայն Դավիթը և նրա մարդիկ, որոնք մթության մեջ էին, Սավուղի ներս մտնելը տեսնելով` ճանաչում են նրան: Թեև հիշյալի այնտեղ գտնվելու ժամանակ Դավթի մարդիկ ցանկանում են նրան սպանել, սակայն Դավիթը չի համաձայնում նրա վրա ձեռք բարձրացնել, միայն իր հավատարմությունը նրա հանդեպ  հաստատելու համար վերարկուի փեշն է կտրում և անգամ այս արարքի համար է Դավիթը զղջում (Ա Թագ. 24:6)` այն Սավուղի համար անարգանք համարելով, քանի որ երբևէ նրան վնասելու մտադրություն չի ունենում, այլ միայն ցանկանում է իր անձը պահպանել նրա համառ չարությունից:

Երբ Սավուղը, քարայրից դուրս գալով, պատրաստվում է հեռանալ, Դավիթն էլ նրա հետևից, Տիրոջը հուսալով դուրս գալով, բարձրաձայն աղաղակում է. «Ո՛վ իմ տեր թագավոր»: Սավուղը ծանոթ ձայնը լսելուն պես հետ է նայում, և Դավիթը, իսկույն երեսնիվայր գետնամած խոնարհվելով, ասում է. «Ինչո՞ւ ուրիշի խոսքին լսելով` ինձ թշնամի ես համարում քեզ, ահա այսօր Տերը քեզ իմ ձեռքը մատնեց, ահա քո թիկնոցի կտորը, որն այժմ կտրել եմ, սակայն թագավոր լինելուդ համար քեզ չսպանեցի, ուրեմն իմացի´ր, որ քո դեմ երբեք չարություն և հանցանք չեմ գործել, միայն դու ես, որ ցանկանում ես ինձ սպանել»: Մանավանդ Սավուղի աստիճանին նայելով` իրեն սատկած շան և լվի հետ է համեմատում, և վերջապես իրենց դատը Տիրոջը հանձնելով` ամենայն խոնարհությամբ հավելում. «Թող մեր դատն Աստված տեսնի» (Ա Թագ. 24:13):

Եվ իրոք, Դավթի խոսքերից ամեն մեկը նետի պես Սավուղի սիրտն են խրվում, և նա պատասխանում է. «Ո´վ իմ որդի Դավիթ, այս ձայնը քո՞նն է» (Ա Թագ. 24:17): Այո´, մինչև այն պահը Սավուղն ինչքան չարիք հասցրել էր Դավթին, այս անգամ նրա բարությունն ու հավատարմությունը արեգակի նման հայտնի դառնալով` սկսում է բարձրաձայն արտասվել և խոստովանում է. «Դու ինձնից արդար ես, քանի որ ես քեզ չարիք ցանկացա, իսկ դու ինձ միայն բարիք արեցիր. նա, ով թշնամու նեղ օրերին բարիք է անում, Տիրոջից ողորմություն կգտնի» (Ա Թագ. 24:18-20):

Սրանից բացի` Սավուղը, իր կենցաղը ու Դավթի առաքինությունը նկատի ունենալով, հասկանում է, որ մի օր նա թագավոր պիտի դառնա, դրա համար էլ նրան երդվել է տալիս, որ թագավոր ժամանակ իր որդիներին չի կոտորի, Դավիթն էլ նրա պահանջածի համաձայն երդվում է:

Մտածի՛ր. Սավուղը, Դավթին քինախնդիր մարդ համարելով, նրան երդվել է տալիս, սակայն Դավիթը, քինախնդիր և ոխակալ մարդ չլինելով, ինչպես  Սավուղին չարիք չի կամենում, այդպես էլ հայտնի է, որ նրա սերունդներին չարիք չի հասցնում, և միայն դա ապահովելու համար երդվում է թողնել թշնամությունը:

Օրինա´կ վերցրու. Դավիթը թեև պատերազմի զենքերով կռվելով չի հաղթում Սավուղին, այլ չարիքի փոխարեն բարիք անելով` մի այնպիսի հաղթանակ է տանում նրա նկատմամբ, որ Սավուղը ստիպված նրան իրավունք է տալիս և արտասվում: Մանավանդ երեք հազար մարդկանցով լեռներն ընկած` Դավթին սպանել փափագելու ժամանակ նրան գտնելուց հետո հարկադրված է լինում թողնելու և ապաշխարելով վերադառնալու իր տեղը:

Դավիթն էլ այնտեղից գնում և բնակվում է Մասարայում, քանի որ Սավուղի հեղհեղուկ բնավորությունն իմանալով` ցանկանում է նրանից զգուշանալ: Այդ ընթացքում մահանում է Սամվել մարգարեն, նրան թաղում են Արիմաթեմում, և բոլոր իսրայելացիները նրա համար սուգ են պահում:

Այնուհետև Դավիթը Մաոնի անապատ է գալիս, որտեղ Նաբաղ անունով մի մարդ կար, որը երեք հազար ոչխար և հազար էլ այծ ուներ, և որի հովիվները նրա հոտերն արածեցնում էին Մեռյալ ծովի մոտ` Հուդայի երկրի Կարմեղոս լեռան լանջերին: Եվ քանի որ հիշյալ վայրը Դավթի մնալու տեղին մոտ  լինում, Դավիթը նրա հոտերը պաշտպանում է թշնամիներից:

Դավիթը տեղեկանում է, որ Նաբաղը խուզում է իր ոչխարներին, և քանի որ ըստ սովորույթի` այդ օրերը ուրախության և կերուխումի օրեր են լինում, Դավիթը Նաբաղի մոտ տասը մարդ ուղարկելով  և սիրալիր խոսքերով նրա որպիսությունը հարցնելուց հետո այդ օրերի և բարեկամության պատվին խնդրում է, որ իր ծառաներին և Դավիթ որդուն շնորհի,  ինչ որ սիրահոժար կամքով կցանկանա տալ:

Նրանք թեև Նաբաղի հետ Դավթի պատվիրածի համաձայն քաղցր խոսքերով և խոնարհությամբ են խոսում` հիշեցնելով, որ   իրենք նրա հոտերը անվնաս են պահում թշնամուց, սակայն Նաբաղը, որը անմարդասեր, տգետ և խիստ չար  անձնավորություն էր, պատասխանում է. «Ո՞վ է Դավիթը. այս օրերին իրենց տերերից փախչող ծառաները շատացել են, մի՞թե իմ մարդկանց համար պատրաստած հացը, գինին և միսը անծանոթ մարդկանց պիտի տամ»:

Հիշյալ տասը պատգամավորները, Նաբաղի այսպիսի անհիմն խոսքերը լսելով, թեև բարկանում են, սակայն առանց պատասխան տալու վերադառնում են և պատմում Դավթին: Հիրավի, Դավիթը ոչ մեկին չի ցանկանում վնասել, ընդհակառակը, չարիքի փոխարեն բարիք է անում, սակայն չկամենալով հանդուրժել Նաբաղի անկիրթ խոսքերը` չորս հարյուր մարդկանցով իսկույն գնում է, որպեսզի Նաբաղի ամբողջ ընտանիքը, մինչև իսկ նրա շանը, սրի քաշի:

Սակայն ինչքան  Նաբաղը չար էր, նույնքան էլ նրա կինը՝ Աբիքեան, բարի, իմաստուն և խոհեմ էր: Իր ամուսնու վարմունքի մասին ծառաներից մեկից իմանալով, իսկույն, ամուսնուց թաքուն, երկու հարյուր հաց, հինգ եփած ոչխար, գինի և այլ ուտելիք ավանակներին բարձելով և Դավթին ուղարկելով` ինքն էլ ավանակով հետևում է դրանց:

Սույն ազնվական կինը, ճանապարհին Դավթին հանդիպելով, իսկույն իջնում է ավանակից և նրա առջև երեսնիվայր գետնամած խոնարհվելով` խոնարհաբար և կոտրված սրտով սկսում է խոսել. «Տե´ր իմ, լսի՛ր աղախնիդ, հանցանքն իմս է, որովհետև երբ ուղարկածդ մարդիկ գալիս են, ես այնտեղ չէի, Նաբաղի համար ընդհանրապես մի´ նեղացիր, քանի որ նա շատ չար է, և ինքն իրեն չի հասկանում, դրա պատճառով արյուն չթափվելու համար Աստված աղախնիդ ուղարկեց, ընդունի´ր իմ ընծաները, թող քո թշնամին Նաբաղի պես լինի, տերը քեզ  թշնամու չարիքից փրկի, և թող քեզ վրա ոչ մի չարություն չգա»:

Միևնույն ժամանակ հայտնելով, որ նա թագավոր պիտի լինի, խնդրում է, որ իրեն չմոռանա: Այսպիսի իմաստուն կնոջ խոսքերը լսելուն պես ոչ միայն Դավթի բարկությունն է մեղմանում, այլև Նաբաղի նման մի վատ մարդու պատճառով բարկացած լինելն էլ չախորժելով` Աստծուն շնորհակալ է լինում, որ իրեն մեղքից ազատեց:

Նաև հիշյալ կնոջ ընծան ընդունելուց բացի` գովում է նրան և ասում, որ գնա խաղաղությամբ, ապա, քանի որ մեծ վտանգից և մեղքից է ազատվում, ուրախությամբ վերադառնում է իր տեղը: Աբիքեան էլ, վերադառնալով իր տուն, այդ գիշեր Նաբաղին ոչինչ չի հայտնում, քանի որ հիշյալը, մեծ խնջույք սարքելով, սաստիկ հարբած էր: Երբ առավոտյան սթափվում է, եղելությունը մեկ առ մեկ պատմելուն պես երկյուղից սիրտը քար է կտրում, և տասն օր հետո մահանում է: Երբ Դավիթը լսում է Նաբաղի մահվան մասին, շնորհակալ է լինում Աստծուն, որ իր դատաստանը արդարությամբ է տեսնում: Դրանից հետո, օրենքի համաձայն, մարդ ուղարկելով Աբիքեայի մոտ` իրեն կնության է առնում:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․