14 Օգոստոս, Ուր, Աստվածածնի պահքի Ե օր

Գրքեր
Սավուղը նորից թշնամանո՞ւմ է Դավթին:

Այո՛, Սավուղը, տեսնելով Դավթի վերոհիշյալ վեհանձն արարքը և օրինակելի հավատարմությունը, թեև որոշակիորեն խոստովանում է նրա արդար լինելը, սակայն ուղղվելու փոխարեն նա, մինչ այդ ժամանակ անկարող հասնելու իր չար նպատակին, նեղսրտած, Դավթի կնոջը՝ Մեղքողին, ուրիշին է կնության  տալիս:

Իրոք, այս արարքը  մեծ անարգանք և անպատվություն էր և´ Սավուղին, և´ նրա աղջկան, սակայն հիշյալն իր թշնամության կիրքը հագեցնելու համար հանձն է առնում  այդ անպատվությունը:

Դավիթն էլ նորից գալիս է Զիփ քաղաքի մերձակա անապատում գտնվող Եքեղատի բլուր և բնակվում այնտեղ: Այդ քաղաքի բնակիչները, ինչպես անցյալում, այդպես էլ այժմ, վախից Սավուղին տեղյակ են պահում Դավթի գալու մասին: Սա էլ անմիջապես երեք հազար զորքով գալիս  և բանակ է զարկում Դավթի գտնվելու վայրի մոտ: Դավիթը, սա իմանալով, գաղտագողի գնում է Սավուղի վրանի համար հատկացված վայրը և ամենայն զգուշությամբ քննում և տեղեկանում է ամեն ինչին:

Դրանից հետո՝ հենց նույն գիշերը, Դավիթը մեկի ընկերակցությամբ մտնում է Սավուղի զորքի մեջ, և երբ Սավուղը քնած էր՝ գլխավերևում գետնի մեջ մխրճված նիզակն ու ջրի սափորը կողքին, նրա զորավար Աբենները և ամբողջ զորքն էլ նրա շուրջը խոր քուն  էին մտել, հաջողեցնում է մտնել նրա վրանը:

Այդ ժամանակ Դավթի ընկերը իսկույն ցանկանում է սպանել Սավուղին, Դավիթն արգելում է՝ ասելով. «Ո՞վ կարող է տիրոջ կողմից թագավոր կարգված մարդու վրա ձեռք բարձրացնել և թողություն գտնել, թող Աստված խրատի նրա, թող բնական մահով կամ պատերազմելիս մահանա, քա´վ լիցի, որ ես թագավորի վրա ձեռք բարձրացնեմ», և միայն Սավուղի նիզակն ու ջրի կուժը վերցնելով՝ մեկնում է:

Արդարև, Դավթի այս արարքը մեծ համարձակություն էր, քանի որ երեք հազար մարդու մեջ մտնելն ու ընկերոջ հետ վիճաբանելը մեծ վտանգ էր: Սակայն մի´ մտածիր, թե չէր խորհում այդ վտանգի մասին, այլ մանավանդ Տիրոջ զորությանն ու արդարությանն ապավինելով՝ քայլում էր առաջ՝ ոչ թե իր հակառակորդին վնասելու դիտավորությամբ, այլ իր հավատարմությունը նրան հայտնելու:

 Արդյոք այս դեպքը արդարացում չի՞ լինում Դավթի համար, քանի որ Աստծու զորությամբ այդ բազմությունից ոչ մեկը չի արթնանում և  չի իմանում նրա գալու և գնալու մասին, և նրա առաքինությունն ու Սավուղի չարությունը ամբողջ աշխարհին հայտնելու համար Տիրոջից, որպես Դավթի փրկության շնորհ, բոլորի վրա մի ծանր քուն և թմրություն է իջնում (Ա Թագ. 26: 16):

Սրանից բացի, երբ Դավիթը բանակից դուրս է գալիս, մի բարձր տեղ կանգնելով՝ ձայն է տալիս, որ զորքն աթնանան, և Աբենների անունը տալով՝ հարցնում է, թե ինչու չի պատասխանում: Սրանից էլ զարթնելով՝ Աբենները ցանկանում է տեղեկանալ, թե ով է իրեն կանչում։ Ահա այդ ժամանակ Դավիթը, նրան հանդիմանելով, ասում է. «Ո՛վ Աբեններ, քեզ նման քաջ Իսրայելում ո՞վ կա, և ինչո՞ւ չես պաշտպանում թագավորին, քանի որ մեկը զորքի մեջ մտավ, որպեսզի սպանի թագավորին. արածդ լավ բան չէ: Տերը գիտի, որ դուք արժանի եք մահվան: Ահա ինձ մոտ են այն նիզակն ու ջրի կուժը, որոնք թագավորի գլխավերևում էին»:

Դավթի՝ այս խոսքերը ասելու ժամանակ  Սավուղը, նույնպես արթնանալով, տեսնում է, որ նիզակն ու ջրի կուժը չկան, և Դավթի ձայնը լսելով՝ ասում է. «Ո´վ իմ որդի Դավիթ,  սա քո՞ ձայնն է»:

Դու Սավուղի խորամանկությա´նը նայիր. բանակ հավաքելով՝ Դավթի դեմ է դուրս գալիս նրան սպանելու նպատակով, երբ նրա ցանկացած և փնտրած հնարավորությունը Դավթի ձեռքն է անցնում, և վերջինս չի վնասում նրան, միայն այն ժամանակ է նրան իմ որդի անվանում: Դավիթը, իրեն նրա ծառա անվանելուց բացի, դարձյան սրտառուչ խոսքերով և եղանակով այսպես է պատասխանում. «Ո՛վ իմ տեր, ինչո՞ւ ես ընկել ծառայիդ ետևից, ի՞նչ հանցանք եմ գործել, եթե Աստված է քեզ իմ դեմ ուղարկել,  թող քո զոհը լինեմ, իսկ եթե մարդկանց թելադրանքով է, թող նզովյալ լինեն նրանք, ովքեր ինձ, իսրայելացիների երկրից զրկելով, կռապաշտների երկիր են քշում, որտեղ ակամա թափառում եմ: Սակայն իմացի՛ր, որ Տերը չի ցանկանում, որ իմ արյունը գետնին թափվի,  դու՝ իսրայելացիների թագավորդ, իմ դեմ դուրս գալով, ես էլ գիշատիչ թռչունի ձեռքից փախչող թռչունի նման լեռներն եմ փախչում»:

Սավուղը, սույն խոսքերը լսելով, ինչքան էլ Դավթին թշնամի, սակայն հասկանում է, որ իրավունքը նրա կողմն է, ուստի պատասխան չունենալով՝ ակամա զղջում է: Մանավանդ խոստովանելով, որ հանցավոր է, ավելացնում է. «Արի՛, որդի´ս, այլևս չարիք չեմ անի քեզ» (Ա Թագ. 26:21):

Սակայն Դավիթը, վստահությունը կորցնելու լուրջ պատճառներ ունենալով, պատասխանում է. «Թող մեկը գա և տանի թագավորի նիզակն ու ջրի կուժը, Աստված թող յուրաքանչյուր մարդու ըստ նրա սրտի և գործերի  վարձատրի, ինչպես ես քեզ արեցի, այդպես էլ թող Աստված ինձ անի և ինձ ազատի ամեն մի նեղությունից»: Թեև այն ժամանակ Սավուղն օրհնության մի քանի խոսք է ուղղում Դավթին (Ա Թագ. 26:25), սակայն նա առանց կարևորություն տալու մեկնում է այնտեղից. Սավուղը ևս առանց հետապնդելու վերադառնում է իր տեղը:

 
 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․