Գրքեր
Քանի՞ տարի է թագավորում Հեբուսթեն:

Յոթ տարի: Որովհետև ԻԶ հարցում հիշատակածին համապատասխան` նախ` Գաղաադի ժողովուրդն է հնազանդվում, ապա` տասնմեկ ցեղերը, միմյանց նայելով, հազիվ հինգ տարվա ընթացքում նրա իշխանությանն են ենթարկվում, այնուհետև՝ երկու տարի ևս թագավորելու պատճառով Սուրբ գիրքը գրում է` երկու տարի (Բ Թագ. 2:10):

Քանի որ բոլոր իսրայելացիները ցանկանում էին այլևս անցնել Դավթի իշխանության ներքո, Հեբուսթեի մեռնելուն պես տասնմեկ ցեղերից խոսքի տեր մարդիկ միավորվելով, անհամար բազմությամբ և զորքով գալիս են Քեբրոն, որպեսզի Սավուղի թագավորությունը Դավթին փոխանցելով` երկու մասի բաժանված ազգը նորից վերամիավորվի մեկ թագավորի իշխանության ներքո, և նրանց   հակառակության ոգին իսպառ վերանալով` բոլորը, որպես մեկ մարմին միավորված, ի զորու լինեն դիմադրելու արտաքին թշնամուն:

Արդարև, նրանք այնպիսի սիրով և եռանդով են ձեռնամուխ լինում գործին, որ յուրաքանչյուր ցեղ իր կարողությանը համապատասխան քաջ և արի զորքերով է գալիս, որոնց թիվը հասնում է երեք հարյուր քառասունմեկ հազարի (Ա Մնաց. 12:23): Այդ ժամանակ Դավիթը, չափազանց ուրախ, նրանց հետ ուխտ է կապում, որ նրանք միշտ հնազանդ լինեն, և ինքն էլ, Աստծու օրենքի համապատասխան թագավորելով, նրանց թշնամուց փրկելիս եռանդով և պատասխանատվությամբ  չթերանա:

Սույն ուխտը բոլորի հավանությանն արժանանալով` մեծ հանդեսով և առոք-փառոք բոլոր իսրայելացիների կողմից թագավոր են հռչակում և ընդունում նրան: Քանի որ նախկինում միայն Հուդայի ցեղին իշխելու պատճառով Հուդայի թագավոր էր, այս անգամ ողջ Իսրայելը, նրա իշխանությունը ընդունելով, իրավացիորեն և արժանավորությամբ  Իսրայելի թագավոր է կոչվում:

Վերոհիշյալ ահագին բազմությունը, երեք օր Քեբրոնում մնալով, և´ Հուդայի ցեղը, և´ մյուս ցեղերը հարկ եղած ուտելու պաշարը առատորեն մատակարում են և մեծ հրճվանքով ուտում և խմում են` երջանիկ գոհունակության զգացումով համակված:

Արդ, քանի որ հին ժամանակներից Երուսաղեմում` Սիոն լեռան վրա, մի անառիկ ամրոց հեբուսացի կռապաշտների ձեռքին էր մնացել, և մեծապես նեղում էր քաղաքի բնակիչներին, Դավիթը բոլոր իսրայելացիների թագավոր դառնալուն պես, Երուսաղեմ գալով, կռապաշտներին հորդորում է ամրոցը խաղաղությամբ հանձնել իրեն: Սակայն նրանք, ամրոցի անառիկությանը վստահ, լուր են ուղարկում` ասելով, որ կույրերն ու կաղերը կդիմադրեն, և «Դավիթն այստեղ թող չմտնի» (Բ Թագ. 5:6):

Այս պատասխաններով նրանք ցանկանում են ծաղրել Դավթին` կարծես ցանկանալով  ասել. «Մենք ամրոցը չենք հանձնի, եթե պատերազմես, ամրոցում գտնվող կույրերն ու կաղերն էլ բավական են` քեզ դիմադրելու համար»: Արդարև, նրանք այնքան են հպարտանում, որ մարտիկները՝ աներկյուղ և անհոգ, միայն կույր, միաչքանի և կաղ անձինք են հսկում պարսիպը, որպեսզի Դավթի զորքերի մոտենալուն պես, վերևից քարեր նետելով, փախուստի մատնեն նրանց, քանի որ այլ կերպ անհնար էր գրավել այն` եթե ոչ միայն պասպով բարձրանալով:

Այս է պատճառը, որ Դավիթն իր զորքին խոստանում է, որ ով  առաջինը պարսպի վրա բարձրանա, նրան սպարապետի կոչում կտա: Այդ ժամանակ Հովաբը, նաև մյուսները, նրան հետևելով, իսկույն պարսպի վրա բարձրանալով, թշնամուն կոտորում են և ամրոցը գրավում: Երբ Աստծու ողորմությամբ թշնամին հաղթվում է, Դավիթը, Սիոն լեռան շուրջն իսկույն պարիսպ կառուցելով, նաև իր համար տուն է կառուցում և այնտեղ բնակվում. վայրի անունն էլ Դավթի քաղաք է կոչվում:

Եվ Տերը  նրա հետ լինելով, երբ այսպես  օրըստօրե զորանում է (Բ Թագ. 5:10), անունն էլ փառքով բոլոր կողմերում հռչակվում, Տյուրոսի Քիրամ թագավորը սիրո և բարեկամության դաշինքի կնքելու համար նրա մոտ մարդ է ուղարկում: Դրանից բացի` այդ կողմերում շինարարական նյութերն առատ լինելու պատճառով և լսելով, որ Դավիթը շենքեր է կառուցում, խոստանում է կարևոր նյութերը մատակարարել: Դավիթը սրան անչափ գոհունակությամբ իր հաճությունը տալուն պես ահագին քանակությամբ փայտ, քար, ինչպես նաև հյուսն և քարագործ արհեստավոր է ուղարկում Դավթին: Այս ամենը նա օգտագործում է իր արքայական հոյակապ պալատը կառուցելու համար:

Սակայն Դավիթը Սիոն լեռը գրավելուց հետո ձեռնարկում է ամրացնել  նաև Երուսաղեմը, և ահա թշնամին, բազում զորքով հարձակվելով, գալիս, հավաքվում է Տիտանների հովտում (Բ Թագ 5:18): Այն ժամանակ Դավիթը, Տիրոջ հրամանով նրանց վրա շարժվելով, այնպիսի սոսկալի ջարդ է տալիս, որ մինչև իսկ իրենց կուռքերը թողնելով` փախչում են, որոնք, որպես անպիտան իրեր, Դավիթը հրամայում է հրի մատնել:

Այս պատերազմում Դավիթը ծարավելով ցանկանում է Բեթղեհեմի դարպասի մոտ գտնվող ջրհորից ջուր խմել (Ա Մնաց. 11: 17), նրա զորքից երեք քաջասիրտ մարդիկ` սրերը ձեռքներին, թշնամու բանակի միջով անցնում, գնում են և արքայի համար բերում են վերոհիշյալ ջրից: Քանի որ թշնամին Բեթղեհեմում էր գտնվում, ուրեմն բերած ջուրը նրանց արյան գնով էր, Դավիթը այն, խմելու փոխարեն գետնին ցանելով, Աստծուն է նվիրում (Ա Մնաց. 11:18,19):

Երբ թշնամին կրկին հավաքվում է` պատերազմելու, Դավիթը նորից Աստծուն հարցնում է` արդյոք նրանց դեմ դուրս գա, թե ոչ, քանի որ միշտ նրա օգնությանն էր ապավինում: Այնտեղ շատ տանձենիներ կային. անտառ էր, և պատասխան է ստանում, որ թշնամու դեմ չգնա, այլ հետ դառնա անտառի հետևի մասը, և եթե հովը դեռ չփչած` տանձենիների ճյուղերի ձայնը լսի, այն ժամանակ հարձակվի թշնամու վրա, քանի որ այդ ժամանակ Տերը նրա թշնամիներին կոտորելու համար պատերազմում նրա հետ է լինելու:

Թեև Աստված կարող էր ցանկացած ձևով պատժել հեթանոսներին, սակայն այս դեպքում պատերազմական հնարք է ուսուցանում Դավթին, որպեսզի մարդն էլ իրենից պահանջվող միջոցները զանց չառնի, և որ կողմից  կարող է հաղթել թշնամուն, այն ուշադրությամբ քննի և գործադրի, և մանավանդ հայտնի դառնա, որ հաղթանակը Տիրոջ կամքից է կախված:

Արդարև. Դավիթը, ստացած հրահանգին համապատասխան թշնամու դեմ շարժվելով, Գաբավոնից մինչև Գազերա կոտորում է նրանց: Սրանից բացի, Տերը  թշնամիների սրտում երկյուղ գցելով, ամենուր փառավորվում է Դավթի անունը (Ա Մնաց 14:17):

Եվ քանի որ մինչ այդ տապանակը Կարիաթարիմ քաղաքում` Ամինադաբի տանն էր գտնվում (տե´ս ԺԴ հարցը), Դավիթը ցանկանում է այն Երուսաղեմ՝ իր տուն, տեղափոխել, ուստի հազարապետերի, հարյուրապետերի և խոսքի տեր այլ մարդկանց հետ խորհրդակցելով և նրանց բարյացակամությունը ստանալով` բոլոր իսրայելացիներին լուր է ուղարկում, և յոթանասուն հազարի չափ մարդ գնում է Ամինադաբի տուն, որտեղից տապանակը վերցնելով` նոր կառուցված մի կառքի վրա են դնում:

Դրանից հետո քահանաները, տապանակի առջևից գնալով, զանազան երաժշտական գործիքներով, Դավիթն ու ժողովուրդն էլ հանդիսավոր և պարելով առաջ են շարժվում: Սակայն երբ Ամինադաբի կալատեղ են հասնում, երինջները տապանակը թեքում են։ Այդ ժամանակ, տապանակի մոտով քայլող նրա որդին՝ Ոզան, ձեռքը մեկնում է, որ տապանակը չընկնի, և այն բռնելուն պես Աստծու հրամանով իսկույն ընկնում և մեռնում է, որովհետև Աստված բարկանում է, որ տապանակը բռնելու համար համարձակությամբ մեկնում է ձեռքը:

Արդարև, այս պատժից ժողովուրդը սաստիկ վախենում և սարսափում է, նույնիսկ Դավիթն այնպիսի երկյուղ է ապրում, որ տապանակն իր տուն տանելու փոխարեն Երուսաղեմի մոտակայքում` Աբեդդար անունով մի մարդու տուն է  ուղարկում, որտեղ էլ այն մնում է երեք ամիս: Զարմանալին, սակայն, այն է, որ Ոզան տապանակը բռնելու համար մեռնում է, իսկ Աբեդդարը, իր տանն ընդունելով, ողորմության է արժանանում, և նրա բերքն օրհնությամբ առատանում է (Բ Թագ.  6:11):

Թող լավ խորհեն նրանք, ովքեր հոգևոր պաշտոնյաներ են, քանի որ պարտազանցները իսկույն պատժվում են, իսկ Աստծու պատվի նախանձախնդիր պաշտոնյաները` օրհնվում: Դավիթը, լսելով հանուն տապանակի Աբեդդարին տրված շնորհների և բարիքների մասին, նորից է ցանկանում այն իր տուն բերել: Նախորդի նման բոլոր իսրայելացիներին լուր է ուղարկում, և այս անգամ էլ ժողովուրդն ու քահանաները միավորվելով` մեծ հանդիսությամբ տապանակը տանում են Աբեդդարի տնից: Դավիթը քահանաներին հրամայում է, որ, Մովսեսի պատվիրանի համաձայն, այն իրենց ուսերին տանեն, որպեսզի հիշյալ Ոզա քահանային պատահած դժբախտությունը իրենց անզգուշության պատճառով նորից չկրկնվի:

Եվ Դավիթն ինքը, անչափ ուրախ և բերկրալից խնդությամբ, զգեստների վրայից ծիրանագույն շապիկ հագած, քնար նվագելով և սաղմոսելով ու պարելով, գնում է տապանակի առջևից: Նաև քահանաները կարգով և ամբողջ ժողովուրդը, երաժշական գործիքներ հնչեցնելով և մեծահանդես, տապանակը բերում են Սիոն լեռ՝ Դավթի տուն: Այնտեղ  տապանակի համար հատուկ առանձին վայր էր կառուցվել, որտեղ էլ այն երկյուղածությամբ տեղավորում են:

Դրանից հետո, հանուն Աստծու զոհ մատուցելով, օրհնում է ժողովրդին և յուրաքանչյուրին` և´ տղամարդկանց, և´ կանանց, մի կտոր հաց, խորոված միս և կարկանդակ տալով, բոլորն ուրախանում են և ապա վերադառնում իրենց տները: Դավիթը ղևտացիներին հանձնարարում է, որ տապանակի մոտ միշտ Աստծու մեծությունը ու իսրայելացիների արած բարիքներն ու ողորմությունները խոստովանելով, Աստծուն գոհություն մատուցելով` սաղմոսերգությամբ և աղոթքներով զբաղվեն, Նրա Սուրբ անունը փառաբանեն: Նաև պատվիրում է, որ առավոտյան և երեկոյան, Մովսեսի օրենքի համաձայն, զոհն անխափան Աստծուն մատուցեն (Ա Մնաց. ԺԶ):

Հասկացի´ր. նա, ով առաքինի չէ, առաքինություն գործողին անպատճառ քննադատում և պարսավում է, ինչպես Դավթի կինը՝ Մեղքողը, տապանակի առջև նրա պարելը տեսնելով, մտքում նրան արհամարհում է: Երբ Դավիթը տուն է մտնում, նրան, որպես թագավորին անվայել կեցվածք ունեցողի, շտապում է ասելու. «Այսօր քո ծառաներիդ և աղախիններիդ մոտ ինչքա՞ն էին փառավորվել»: Սակայն Դավիթը սույն ծաղրական խոսքերին պատասխանում է. «Թող ես Աստծու առջև պարեմ, Նրա անունը թող սուրբ լինի, որ քո հորից ավելին ինձ նկատեց արժանի թագավոր լինելու, ինչքան էլ քո աչքին հաճելի չթվամ, Աստծու առջև ընդունելի կլինեմ, ինչքան էլ Նրա ներկայությամբ պարեմ»: Դավթի այս ծանր հանդիմանությունից բացի` Տերը նրան անպտղությամբ է պատժում, և Մեղքողն առանց զավակի է մահանում:

 

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․