Գրքեր
Ինչպե՞ս է վարվում Դավիթը` լսելով Աբիսողոմի մահվան բոթը:

Սրտի սաստիկ կսկիծով և ողբաձայն հառաչանքներով լալիս և արտասվում է: Պատերազմ չգնալով, մինչ քաղաքում նստած՝ մտատանջվում է, թե միգուցե Աբիսողոմին մի փորձանք պատահի, և ահա բանակից երկու մարդ իրար հետևից շտապով գալիս  և ուրախությամբ ավետում են հաղթանակը, սակայն արքան հարցնում է, թե արդյոք որդին՝ Աբիսողոմը, ողջ է (Բ Թագ. 18:29): Երբ լսում է մահվան մասին, այնքան է տրտմում, որ սկսում է երգ հորինել նրա համար` կրկնելով. «Որդյա´կ իմ Աբիսողոմ, Աբիսողո´մ, որդյա´կ իմ, երանի թե ես քո փոխարեն մահացած լինեի», և այս խոսքերը լալահառաչ և հաճախակի կրկնելուց հետո մտնում է իր սենյակը և ոչ մեկի չի ցանկանում տեսնել (Բ Թագ. 18:33):

Այո՛, բոլոր առումներով Աբիսողոմի մահը ճիշտ էր, քանի որ որպես ապստամբ եթե ողջ մնար, անտարակույս, վտանգավոր պիտի լիներ և՛ իր հայրենակիցների, և՛ հոր համար, սակայն քանի որ ապաշխարության ժամանակ չունենալով` թշվառ և առանց զղջալու է մեռնում, սրա պատճառով էլ Դավիթը սրտի մորմոքով ողբում է նրան: Իսկ զորքը, որը չէր կարող ըմբռնել արքայի միտքը, լսելով Դավթի մեծ սուգի և լացի մասին, պատերազմում հաղթված և փախուստ տվածի նման քաղաք մտնել  չի համարձակվում:

Թեև այս եղելության հանցանքը Հովաբինն էր, որը, չանսալով Դավթի կարգադրությանը, սպանում է Աբիսողոմին, սակայն զորքի վհատությունը և տխրությունը տեսնելով` Դավթին ասում է. «Զորքին ամոթով թողեցիր, նրանք քո փրկության համար իրենց վտանգեցին, դու, թշնամուդ սիրելով, հավատարիմ հպատակներիդ և ծառաներիդ ես մերժում. եթե այժմ Աբիսողոմը ողջ լիներ, ուրեմն մենք բոլորս մահացած պիտի լինեինք, վե´ր կաց, զվարթությամբ խոսի´ր զորքիդ հետ, որոնք երդվել են, որ այսօր դուրս չգաս, վաղը քո կողքին ոչ մեկը չի մնալու, իմացի´ր` այն մինչ այժմ կրածդ նեղություններից ավելի վատ հետևանք կունենա քեզ համար»:

Թեև Հովաբի  խոսքերը շատ ծանր էին, սակայն ժամանակի հանգամանքներին նայելով` Դավիթն առանց որևէ պատասխան տալու վեր է կենում և նստում քաղաքի դռան մոտ, ու երբ զորքը, նրա ներկայության մասին լսելով, քաղաք է մտնում, Դավիթը զվարթ դեմքով, բոլորին մեծարանքի և խնդակցության նշաններ ցույց տալով, զորքին շնորհակալ է լինում, որից նրանք անչափ ուրախանում են:

Դու հայրական սքանչելի սիրո սաստկությունը տե´ս. անհնազանդ որդին, հոր կյանքին սպառնալով, նրա դեմ բանակ է հանում, սակայն նրա մահվան մասին լսելով` հոր սիրտը չափազանց շատ ցավում է և հառանչանքներով արտասվում: Այո՛, Աբիսողոմը, հորը հակառակ լինելով, արժանի էր մահվան, ինչպես օրենքների գրքում է գրված, որ հորն ու մորն անհնազանդ որդուն քարկոծությամբ սպանեն, որպեսզի մյուսները վախենան (Բ Օր. 21:18-21), սակայն Դավիթը նրա մահը չէր ցանկանում, որ թերևս մի օր զղջալով` ուղիղ ճանապարհ բռնի:

Իրենց զավակներին անիծողները թող Դավթից օրինակ վերցնեն, եթե զավակդ չար ճանապարհով է ընթանում, բնավ մի՛ անիծիր, ընդհակառակը, աղոթի´ր Աստծուն, որ նրան ուղղորդի, քանի որ անիծելով նա առավել ևս կվատթարանա, և նորից քո սիրտը  ցավելու է նրա համար: Նաև իրենց հայրերին անհնազանդները, Աբիսողոմի պատմությունը կարդալով, թող խրատվեն, քանի որ հիշյալը իր անհնազանդութամբ անօրինակ  սոսկալի մահվամբ է մահանում` աշխարհում շատ վատ անուն  թողնելով, որից էլ ամեն մարդ զզվանքով պետք է զգուշանա:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․