Գրքեր
Ուրիշ ի՞նչ դեպքեր են լինում Դավթի օրոք:

Երեք տարվա ընթացքում հետզհետե սով է լինում: Սակայն որովհետև սովը միայն իսրայելացիների քաղաքներում էր, Դավիթն Աստծուց հարցնում է սովի պատճառը և պատասխան ստանում, որ դա Սավուղի` գաբավոնցիներին կոտորելու պատճառով է (Բ Թագ. 21:1): Որովհետև Հեսուն երդվել էր, որ նրանք սրով չեն կոտորվի (տե՛ս Գ հարցը), մինչդեռ Սավուղը, առանց իրավունքի նրանց կոտորելով, պարտապան է մնում նրանց արյանը: Սակայն զարմանալին այն է, որ Սավուղի մեղքով լինելիք պատիժը Դավթի ժամանակ է տեղի ունենում, քանի որ ժամանակն անցնելով` իրավունքն ուժը չի կորցնում:

Այստեղ ուշադի´ր եղիր Աստծու արդարությանը. ճշմարիտ է՝ գաբավոնացիները հեթանոսներ էին, սակայն, այսուհանդերձ, նրանց պատճառով իսրայելացիներն  են պատժվում: Քանի որ բոլորի արարիչը Աստված է, ուստի ով էլ հանցավոր լինի` հեթանոց թե աստվածապաշտ, իրավունքն արդարությամբ պիտի իրականացվի, որպեսզի լսողները վախենան և արդարության հակառակ չգործեն: Ահա  այս դեպքում երեք տարի շարունակ իսրայելացիները սովի պատճառով խիստ նեղություններ կրելուց հետո, Դավիթը, նկատելով, որ արդարությունը պահանջում է որևէ ձևով գաբավոնացիների սիրտը շահել, նրանց հարցնում է, թե ինչ փոխհատուցում են ցանկանում: Նրանք պատասխանում են. «Մենք Սավուղից ոսկի և արծաթ չենք պահանջում և չենք էլ  ցանկանում իսրայելացիներից որևէ մեկին սպանել, այլ ով  մեզ կոտորել է, նրա մահն ենք ցանկանում, որպեսզի նրա ցեղից ոչ մեկը կենդանի չմնա»: Սույն պատասխանից ակնհայտ է դառնում, որ նրանք Սավուղի ամբողջ ցեղի բնաջնջումն են ցանկանում, սակայն, ի վերջո, բավարարվում են յոթ անձանց մահվամբ` պայմանով, որ նրանք կենդանի հանձնվեն իրենց: Ուստի Դավիթը խոստանում է բավարարել նրանց ցանկությունը:

Սակայն հանուն Հովնաթանի եղբայրական սիրո` Դավիթը նրա Մեմփիբոսթե որդուն չի հանձնում, այլ Սավուղի Ռեսփա անունով հարճից ծնված երկու որդիներին և հինգ թոռներին, որ ծնվել էին նրա աղջկանից.  սրանք, ըստ Աստծու հրամանի, հսնձնվում են գաբավոնացիներին, որպեսզի արդարությունն իրագործվելով` տիրող պատուհասը դադարի: Սույն յոթ արքայազուններին տանում են Սավուղի մայրաքաղաք Գաբաա և այնտեղ` լեռան վրա, արեգակի առջև փայտերից կախելով` սպանում են:

Քանի որ կալի ժամանակ էր, նրանց մարմինները, մի քանի օր կախված մնալով, հոտում են: Թեև Ռեսփան, որը շատ հավատարիմ և բարեսեր էր, գիշեր ու ցերեկ առանց այնտեղից հեռանալու հսկում էր, որ թռչուններն ու կենդանիները չկարողանան մոտենալ, մինչև որ անձրևը սկսում է կաթել նրանց վրա: Դավիթը, լսելով Ռեսփայի սույն մարդասիրական կյանքի մասին, ինքն անձամբ գալիս է Հաբիս քաղաք, որտեղ գտնվում էին Սավուղի և Հովնաթանի ոսկորները (տե՛ս ԻԵ հարցը)։ Ոսկորները այնտեղից վերցնելով` Գաբաա է բերում և այնտեղ կախվածների մարմիներն էլ մեծ պատիվներով և մեծարանքներով  մեկտեղ թաղում է Սավուղի հոր գերեզմանի մոտ:

Արդարև, երբ Աստվածային հրամանով արդարությունն ի կատար է ածվում, անձրև գալով (Բ Թագ. 21:14)` սովը վերանում է երկրից: Սակայն այս անգամ էլ, իսրայելացիների թշնամիները, կարծելով, որ երեք տարվա անընդմեջ սովի պատճառով իսրայելացիները տկարացել են, հարմար առիթ են համարում` նրանց դեմ պատերազմելու: Ուստի Դավիթն անձամբ նրանց դեմ է դուրս գալիս, և պատերազմի ժամանակ թշնամու միջից մի քաջարի մարդ Դավթի վրա հարձակվելով` քիչ է մնում` սպանի նրան, և Հովաբի եղբայր Աբեսային, իսկույն հասնելով, սպանում է վտանգավոր թշնամուն: Իրոք, այս անգամ Դավիթը  մեծ և ահավոր վտանգից է ազատվում,  և թեպետ Աստված այս անգամ էլ է նրան փրկում, բայց նրա զորապետերը երդմամբ ասում են նրան. «Այլևս երբեք մի՛ գա պատերազմի դաշտ, որպեսզի Իսրայելի ճրագը չմարի»: Այս  է պատճառը, որ Դավիթն այլևս պատերազմի դաշտ դուրս չի գնում, այլ, ըստ անհրաժեշտության, իր զորքն է ուղարկում:

Այնուհետև թշնամիները ևս երեք անգամ հարձակվում են իսրայելացիների վրա. վերջին պատերազմում թշնամու զորքում մի մարդ է լինում, որ քաջությունից բացի` ձեռքերին և ոտքերին վեցական մատներ է ունենում, բայց Աստծու շնորհիվ Դավթի զորքը սրանց   ևս վերջնականապես հաղթում է, այնպես որ թշնամիները, խիստ տկարանալով, այնուհետև ամենայն հնազանդությամբ հպատակվում են Դավթին: Սույն մեծ հաղթանակը աստվածային հովանավորության բացահայտ արդյունք լինելով` Դավիթը գոհանում է Աստծուց, ներբողում է Նրա փառավոր անունը և սաղմոսանման երգ  հորինում` խոստովանելով Աստծու անսահման բարիքն ու ողորմությունը Իսրայելի և իր հանդեպ:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․