Գրքեր
Դավթի օրոք թշնամիները այլ հարձակումներ նախաձեռնո՞ւմ են:

Այլևս ոչ: Իրոք, իսրայելացիների թշնամիները այնպես են պատժվում և թուլանում, որ այլևս հարձակվելու զորություն և հնարավորություն չունենալով` վտանգավոր չեն լինում Աստծու ժողովրդին, ուստի Դավիթն ու ժողովուրդը այլևս խաղաղ և հանգիստ ապրելու հնարավորություն են ունենում: Սակայն Աստված ժողովրդի ապօրինի վարքի պատճառով ցանկանում է նրանց մի այլ եղանակով պատժել. Դավիթը որոշում է իմանալ պատերազմելու կարող, քսան տարեկանից մեծ իսրայելացիների թիվ (Բ Թագ 24:1):

Սույն ցանկությունն իրականացնելու համար Դավիթը Հովաբին հրամայում է, որ գնա և ամբողջ ժողովրդի  վիճակագրություն անցկացնի: Սակայն Հովաբը, այս միտքը չհավանելով, ասում է. «Թող Աստված հարյուրապատիկ ավելացնի Իր ժողովուրդը, ինչո՞ւ ես մի այսպիսի հրաման տալիս ծառայիդ», բայց Դավիթը չի համաձայնում և Հովաբին և մյուս հազարապետերին ստիպում է, որ գնան և այդ գործը ամենայն ճշտությամբ գլուխ բերեն: Ուստի սույն պաշտոնատարները ժողովրդի քանակը գրի առնելու համար քաղաքից քաղաք են շրջում և ինն ամիս ու քսան օր հետո վերադառնում Երուսաղեմ:

Երբ Հովաբը ժողովրդի թիվը ներկայացնում է արքային, պարզվում է, որ Իսրայելի ցեղերից գրառվածների թիվը հասնում է ութ հարյուր հազարի, իսկ Հուդայի ցեղից գրանցվել էր հինգ հարյուր հազար մարդ: Սա միայն քսան տարեկանից մեծ, պատերազմելու կարող արու մարդկանց թիվն էր: Սրանից բացի` Ղևիի և Բենիամինի ցեղերը գրառված չէին, որովհետև մի կողմից`  Հովաբը ձանձրացել էր դրանից, մյուս կողմից` մանավանդ Աստված բարկանալով` սկսել էր կոտորել ժողովրդին, և Հովաբը վախից վերադառնում է Երուսաղեմ (Ա Մնաց. 27:24) առանց վիճակագրության գործն ամբողջովին գլուխ բերելու:

Խորհի՛ր մարդկային վիճակի մասին. որովհետև մարդը երբեք հաստատամիտ չէ, այլ միշտ գաղափար և միտք է փոփոխում, նույն ձևով էլ Դավիթը. ինչքան էլ ժողովրդի թիվը իմանալու համար մեծ փափագ է հայտնում և ստիպելով պնդում, նույնքան և ավելի շատ զղջում է, երբ ցուցակն իրեն են ներկայացնում: Ուստի իսկույն գոչելով` մեղա˜ ` աղաղակում է առ Աստված, որպեսզի իր այս մեծ մեղքին և հանցանքին ներում շնորհի (Բ Թագ. 24:10):

Սակայն մարդն իր հանցանքի համար պարտավոր է պատիժ կրել, ուստի Գադ մարգարեն, Դավթի մոտ գալով, երեք պատիժ է թվարկում` ասելով. «Երեք տարի սով լինի քո երկրում, կամ երեք թշնամիներ հարձակվեն քեզ վրա, և դու փախչես, կամ էլ երեք օր մահ լինի քո երկրում. այս երեք պատիժներից որն էլ ընտրես, ինձ տեղյա´կ պահիր, որ Ուղարկողիս պատասխան տանեմ»: Թեև սա լսելով` Դավիթն ասում է. «Երեքից էլ վտանգ կա ինձ» (Բ Թագ. 24:14), սակայն Աստծու անհուն ողորմությանն ապավինելով` նաև ավելացնում. «Աստծուն եմ ապավինում, որի գթությունն անչափ է, որպեսզի մարդկանց ձեռքը չընկնեմ»: Սա ասելով` ընտրում է երեքօրյա մահը (Բ Թագ. 24:14): Հունձքի ժամանակն էր, և այն առավոտ Իսրայելում յոթանասուն հազար մարդ է մահանում:

Դու Աստծու ողորմությունը տե՛ս. երբ կոտորող հրեշտակը, Երուսաղեմ գալով, այնտեղ գտնվողներին ևս սկսում է կոտորել, հրաման է ստանում, որ բավական է, ձեռքը հեռացնի (Բ Թագ. 24:17): Հրեշտակը կանգ  է առնում Երուսաղեմում` Ուռնա անունով մի մարդու կալի մոտ (այս անձը հեբուսացի հեթանոս ազգից էր, սակայն ճշմարիտ Աստծուն ճանաչելով` մովսիսական կրոնն էր ընդունել, և Երուսաղեմում՝ Սիոն լեռան ստորոտին, կալվածք ստանալով` այնտեղ էր բնակվում և այդ պահին կալում գործ էր անում): Եվ քանի որ Դավիթը  Սիոն լեռան վրա էր բնակվում,  հիշյալ Ուռնայի արտին նայելով` տեսնում է սուրը ձեռքին ժողովրդին կոտորող հրեշտակին. անմիջապես Աստծու առջև խոնարհվելով` աղաղակում է. «Ես մեղա՛, ես՝ ժողովրդի հովիվս, մեղք գործեցի, դրանք՝ գառները, ի՞նչ են արել, թող ինձ և իմ տան վրա ծանրանա Քո ձեռքը» (Բ Թագ. 24:18): Այս սրտագին խոստովանության պահին Գադ մարգարեն, Աստծու հրամանով գալով, ասում է. «Վե´ր կաց և Ուռնայի կալում Աստծու համար սեղա´ն կառուցիր»:

Դավիթն ըստ հրամանի շտապում է իսկույն վերոհիշյալ վայրը և Ուռնային առաջարկում է վաճառել այն. և թեպետ Ուռնան, խոնարհությամբ երկրպագելով արքային,  հանձն է առնում ձրիաբար այն նվիրելու, բայց Դավիթը չի համաձայնում և արծաթ դրամով միաժամանակ գնում է նաև  արտն ու  եզները. սեղան կանգնեցնելով` ջերմ աղոթքով զոհ է մատուցում Աստծուն (Ա Մնաց. 21:26). որպես նրա աղոթքը լսելի լինելու ապացույց` երկնքից կրակ իջնելով` այրում է ողջակեզը, որից հետո աստվածային հրամանով պատուհասն իսկույն դադարում է:

Թեպետ այն ժամանակ ողջակեզների սեղանը, որը Մովսեսը կանգնեցրել էր անապատում, Գաբավոնում` մի բարձր լեռան գագաթին էր գտնվում, սակայն Դավիթը, կոտորող հրեշտակին տեսնելով, որը ձեռքի մերկ սուրը պարզել էր Երուսաղեմի ուղղությամբ, վախենում է և առանց Գաբավոն գնալու հիշյալ կալատեղում շտապ զոհ մատուցում (Ա Մանց. 21:30): Նաև Աստծուց ներշնչված` ազդարարում է. «Այս է Աստծու տունը, և այս սեղանը իսրայելացիների համար ընծաներ կամ ողջակեզներ մատուցելու վայր է» (Ա Մնաց. 22:1): Արդարև, երբ թագավորում է Սողոմոնը, Դավթի հրամանով նույն վայրում կառուցում է Աստծու տաճարը, որտեղ բոլոր իսրայելացիները սկսում են զոհ մատուցել Աստծուն:

Աստծու բարեգութ մարդասիրությունը հիացմունքի է արժանի: Քանի որ պատժի արժանի հանցագործներին արդարացիորեն պատժում է` ըստ Իր բարձրագույն և արդար կամքի,  սակայն երբ Դավիթը հանցանքի համար դատապարտվում է, մարգարեի ձեռքով հարցնում կամ առաջարկում է՝ երեք պատիժներից որն ընտրի, դրանով էլ պատժվի, ասել է` հանցագործի կամքին է թողնում պատժի տեսակի ընտրությունը:

Սրանով նախ` Աստված Իր սիրելի ծառային  հատուկ շնորհ և մարդասիրություն է ցուցաբերում, ապա` այս պարագայում որոշակիորեն երևում են Դավթի հավատքը, գթասրտությունը և իր ազգի փառքի համար ունեցած նախանձախնդրությունը:

Որովհետև սովը չի ընտրում, քանի որ սովի ժամանակ հարուստ և հնարավորություն ունեցող մարդիկ կարող են որևէ եղանակով հոգալ իրենց ապրուստը, մինչդեռ աղքատ ժողովուրդը հետին աստիճանի տառապանքի և չքավորության է ենթարկվում: Նաև որպեսզի իր ազգին անպատվություն չլինի, չի համաձայնում, որ թշնամու առջևից փախչելու ամոթն ունենա, և չասեն` թշնամի հաղթեց իսրայելացիներին, որի համար էլ ընդունում է երեքօրյա մահը, որպեսզի հայտնի դառնա, որ միայն Աստծո գթությանն ու ողորմությանն է ապավինում, և արդարև, Աստված, նրա այս հավատքը տեսնելով, երեք օրը  վերածում է երեք ժամի:

Սրա մասին թող լավ խորհեն և՛ ժողովուրդը, և՛ իշխանավորները, որովհետև երբ ժողովըրդի չքավորության պատճառով իշխանները այլևայլ վարք են որդեգրում, և երբ այդ վարքի հետևանքով նրանց հպատակները դարձյալ վնասվում և տուժում են, թող չգանգատվեն, որ իշխանները լլկում են իրենց, և նրանց պատճառով է իրենց տառապանքը, այլ ջանան ուղղելու իրենց վարքուբարքը, քանի որ թագավորների սիրտը Աստծու ձեռքին է, և իր կամքի համաձայն է ուղղում նրանց գործերը. մանավանդ անարժան և կեղծավոր մարդկանց բազմիցս թույլատրում է, որ իշխանության հասնեն, որպեսզի նրանց ձեռքով խրատի և կրթի ժողովրդին (Հոբ  34:30):

Նույն ձևով էլ իշխանավորները, ժողովրդի տառապանքը տեսնելով, չպիտի ասեն, թե իրենց հանցանքի համար են պատժվում, այլ մանավանդ պիտի խորհեն, որ պատահած աղետները միգուցե հենց իրենց՝ իշխանավորների թերությունների պատճառով են տեղի ունենում, որից էլ իրենք, անհապաղ ուղղվելով, պետք է աղոթեն առ Աստված ժողովրդից աղետը վերացնելու համար, ինչպես որ Դավիթը, ժողովրդի պատուհասը տեսնելով, իսկույն առ Աստված գոչում է` մեղա՛, և մահը փարատվում է:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․