Գրքեր
Հերոբովամն ի վերջո արդյոք զղջո՞ւմ է:

Ամենևին ո´չ, չի զղջում: Քանի որ հիշյալի չարությունն այնքան էր աճել, որ Աստծու գթությունն ու զորությունը չհասկանալով` անգամ շնորհակալ չի լինում: Նա միայն ցանկություն է ունենում հիշյալ մարգարեին իր տուն տանելու և  ընծա տալու: Սակայն մարգարեն Աստծուց կարգադրություն էր ստացել այնտեղ չուտել և չխմել, այլ  իսկույն վերադառնալ, ուստի թագավորին հայտնում է. «Եթե տանդ կեսն էլ ինձ տաս, հետդ ո´չ կուտեմ, ո´չ էլ կխմեմ»: Թեև Հերոբովամը այս պատասխանից նեղվում է, սակայն վախից չի կարողանում որևէ բան պատասխանել մարգարեին, որը շրջվում է և շարունակում իր ճանապարհը:

Սակայն Բեթելում մի ծերունի կար (Սուրբ գիրքը նրան մարգարե անվամբ է հիշատակում), որի որդիները ներկա էին Հերոբովամի` զոհ մատուցելու ժամանակ: Նրանք վերադառնալով իրենց հորը պատմում են և՛ վերոհիշյալ հրաշքները, և՛ մարգարեի խոսքերը: Սա նախ` տեղեկանում է, թե որ ուղղությամբ է գնացել մարգարեն, և ապա` իսկույն վեր կենալով` գնում` Աստծու մարգարեին գտնելու, և արդարև, նրան գտնում է` մի ծառի ստվերում նստած, ու հրավիրում  իր տանը հյուընկալվելու և ճաշելու, որին մարգարեն պատասխանում է, որ հրահանգ չունի այդ կողմերում ուտելու կամ խմելու, սակայն ծերունին պնդում է` հայտարարելով. «Ես էլ քեզ նման մարգարե եմ, Աստծու հրեշտակն ինձ պատվիրեց քեզ տանել տունս և կերակրել»:

Ծերունու ասածը սուտ էր, քանի որ ո՛չ Աստծու հրեշտակն էր խոսել նրա հետ, ո՛չ էլ ինքը ճշմարիտ մարգարե էր, այլ Հերոբովամի կուռքերի  քրմերից էր. մարգարեն առանց ուշադրությամբ քննելու սրա ասածները, նրա տուն գնալով, ուտում և խմում է: Մինչ  սեղանի շուրջը նստած էին, ծերունին աստվածային ներշնչմամբ ասում է. «Քո` աստվածային հրամանին հակառակ այստեղ ուտելու և խմելու համար մարմինդ հորդ գերեզմանը չպիտի մտնի»:

Այո´, ծերունու խոսքերը սուտ էին, սակայն այս վերջին մարգարեությունն իրականանում է: Քանի որ մարգարեի` Աստծու կամքին հակառակ այնտեղ ուտելու և խմելու համար Աստված բարկանալով հայտնում է, որ նրան պիտի պատժի: Աստված երբեմն անարժան մարդկանց էլ, ներշնչելով իր հրամանները, մարգարեական շնորհ է տալիս (տե՛ս ԻԳ հարցը):

Ճաշելուց հետո իր ավանակին նստած անապատով գնալիս՝ մարգարեին մի առյուծ է հանդիպում, որը սպանում է նրան, մարմինն էլ ճանապարհին ընկած է մնում: Զարմանալին այն է, որ ո՛չ ավանակը,  ո՛չ էլ առյուծը մարմնից չեն հեռանում, այլ այնքան են մնում այնտեղ, մինչև ճանապարհորդները, դա տեսնելով, գնում և քաղաքում պատմում են տխուր իրողությունը: Երբ վերոհիշյալ ծերունին լսում է, ասում է. «Առյուծն Աստծու մարգարեին է սպանել», ուստի գնում է և մարմինը բերելով ու իր համար նախատեսված գերեզմանում թաղելով` որդիներին պատվիրում է, որ մահվանից հետո իր մարմինն էլ նրա մոտ թաղեն:

Քանի որ ծերունին  քաջատեղյակ էր, որ Դավթի ցեղից Հովսիա անունով մի թագավոր, ըստ մարգարեի խոսքի, Հերոբովամի կուռքերի քրմերի և սուտ մարգարեների ոսկորները պիտի այրի, ուստի փափագում է ճշմարիտ մարգարեի մոտ թաղվել, որպեսզի չկարողանալով իր ոսկորները տարբերել նրա ոսկորներից`  այրվելու վտանգից կամ անպատվությունից զերծ մնա: Այո՛, հիշյալը, տեսնելով, որ նույնիսկ ճշմարիտ մարգարեն է մի փոքր պարտազանցության համար պատժվում, հավատում է, որ Հերոբովամը և նրա չար ճանապարհին հետևողները ևս անպատճառ պիտի պատժվեն, սակայն զարմանալի է, որ ուղղվելու փոխարեն նա համառում է իր ծուռ և մոլոր կյանքով, ինչպես նաև Հերոբովամը  չզղջալով, որդու մահվամբ է պատժվում:

Որովհետև նրա Աբիա որդին նույն այդ ընթացքում հիվանդ է լինում, և մարդկանցից   հույսը կտրելով` աստվածային օգնությանն ու գիտությանը չի դիմում, քանի որ բոլորովին ուրացել էր Աստծուն, և իր թագավորության մեջ որևէ աստվածահաճո անձ կամ մարգարե չկար, որ նրանց աղոթքներով որդին բժշկվեր, քանի որ բոլորին արտաքսել էր  երկրից: Մանավանդ որպես աստվածներ ձուլած հորթերից անմտություն կլիներ որևէ օգնություն ակնկալել, ուստի ճարահատյալ ցանկանում է մարդ ուղարկել Աքիա մարգարեի մոտ (որ Հուդայի երկրում գտնվող Սելովում էր բնակվում) և հիվանդ որդու բժշկության համար նույն ճշմարիտ մարգարեից խորհուրդ հարցնել:

Սակայն Հերոբովամը գիտեր, որ Աքիան բարկացած է, քանի որ մարգարեն նրա թագավոր լինելու լուրը նախօրոք ավետելու ժամանակ նաև պատվիրել էր, որ հոգա Աստծու օրենքների ու պատվիրանների պահպանությունը (տե´ս ԽԶ հարցը), որի պատճառով մտածելով, որ միգուցե մարգարեից մահվան տխրառիթ և ցավագին խոսքեր լսի, չի ցանկանում օտար մեկին ուղարկել նրա մոտ, այլ աղքատի կերպարանքով և հագուստներով հենց իր կնոջը՝ թագուհուն է ուղարկում, և որպեսզի մարգարեն նրան որպես թագավորակին չճանաչի, հետն աղքատիկ նվերներ է ուղարկում, այսինքն՝ հաց, մեղր և չամիչ`կարծելով, որ այսպիսով իր նպատակին կհասնի:

Սակայն այսպիսի վարվեցողություն որդեգրելով` անարժան թագավորի հանցանքը է´լ ավելի է ծանրանում: Քանի որ իմանալով, որ մեղավոր է, զղջալու փոխարեն նենգությամբ և խարդախությամբ ձեռնարկում է խաբել Աստծու մարգարեին, սակայն արդար Աստված բացահայտում է նրա նենգությունը, որ զգաստանա և ուղղվի:

Թեև այն ժամանակ Աքիա մարգարեն շատ ծեր էր, և աչքերն այնքան էին կուրացել, որ անկարող էր իր մոտ եկողներին ճանաչելու, այսուհանդերձ, Հերոբովամի կինը նրա տան շեմից ներս մտնելիս  աստվածային հայտնությամբ արդեն գիտեր թե ո´վ է, ինչո´ւ է եկել, և ի´նչ պետք է պատասխանել: Ուստի ծպտյալ թագուհին դեռ բերանը չէր բացել, մարգարեն ասում է. «Արի՛, մոտեցի՛ր Հերոբովամի կին, ինչո՞ւ ես ծպտված գալիս, Աստված ինձ հրամայեց, որ բարկությամբ խոսեմ քեզ հետ»: Իրոք, վճռականորեն հայտնում է, թե Հերոբովամ թագավորը ինչպե´ս է Աստծու բարության փոխարեն օրինազանցությամբ և անզգամությամբ հատուցել, ուստի նրա ցեղի մարդկանց դիակները քաղաքում` շները, իսկ դաշտում թռչունները պիտի ուտեն (Գ Թագ. 14:11):

Ապա մարգարեն, նրա որդու մասին խոսելով, ավելացնում է. «Վե´ր կաց, գնա´, քաղաք մտնելուդ պես նա կմահանա, և թող իսրայելացիները նրան արտասուքներով թաղեն, քանի որ Հերոբովամի ցեղից միայն նա պետք է գերեզման ունենա»: Թագուհին, այս սպառնալից խոսքերը լսելով, սաստիկ նվաղում է և անկարող լինելով որևէ պատասխան տալու` հեռանում: Երբ նա  տուն է հասնում, ըստ աստվածային հրամանի` որդին նույն պահին մահանում է: Իսկ Հերոբովամը, որդու մահը տեսնելով և կնոջից  գալիք սպառնալիքների մասին լսելով, դարձյալ քարասրտությամբ չի զղջում:

Մտապահի՛ր.  վերոհիշյալ Աբիան, կուռքեր չերկրպագելով, այլ որպես իր հորը պատիժ` մահվան դառը բաժակն է ըմպում, Սուրբ գրքում գովեստով է հիշվում և փառավոր թաղման  արժանանում: Աբիայից բացի` Հերոբովամի տան մյուս անդամները սրից են  մահանում, և նրանց մարմիններն ուտում են շներն ու թռչունները:


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․