Գրքեր
Ո՞վ է հաջորդում Իսրայելի թագավոր Հեուին:

Նրա Հովաքազ որդին: Թեպետ սա Բահաղ կուռքը չի պաշտում, սակայն  Աստված, բարկանալով Հերոբովամի ոսկե հորթերը չվերացնելու համար, ասորիների Ազայել թագավորի ձեռքով պատժում է նրան: Քանի որ վերջինիս զորքերը ներխուժում են Իսրայելի տարածք և ավերում սահմանամերձ շատ քաղաքներ: Հովաքազը, համարձակվելով պատերազմել նրա դեմ, պարտվում է և այնպիսի սոսկալի կորուստ ունենում, որ իր զորքից հազիվ հիսուն ձիավոր, տասը ռազմական կառք և տասը հազար հետևակ են կարողանում մազապուրծ ազատվել: Սակայն երբ ճարահատյալ դիմում է Աստծուն, Աստված բարեհաճում է ընդունելու նրա աղոթքը և նրա որդու՝ Հովասի միջոցով փրկում իսրայելացիներին: Հովաքազը տասնյոթ տարի թագավորելուց հետո մահանում է և թաղվում Սամարիայում:

Նրա որդի Հովասը հաջորդում է նրան և թեև տասներկու տարի է թագավորում, սակայն Հերոբովամի ոսկե հորթերը չվերացնելու պատճառով նրա վարքը Աստծու հրամանին հակառակ է լինում: Այդ ժամանակ Եղիսե մարգարեն Սամարիայում  հիվանդ լինելով` Հովասը գնում է նրա որպիսությունը հարցնելու, քանի որ որպես հայր պատվում էր նրան: Թագավորը, մարգարեին այդ վիճակում տեսնելով, արտասվում է` ասելով. «Ո՛վ հայր, դո՛ւ էիր Իսրայելի զորությունն ու օգնությունը» (Դ Թագ. 13:14):

Ինչպես արդեն վերը հիշատակվել է, ասորիները Հովասի ձեռքով պիտի պատժվեին, ուստի Աստված դա հայտնում է Եղիսեին, որն էլ հայտնի օրինակով մխիթարության համար տեղեկացնում է Հովասին: Քանի որ Հովասի ձեռքում աղեղ կար, Եղիսեն, իր սենյակի արևելյան կողմը նայող պատուհանը բացել տալով և իր ձեռքը Հովասի ձեռքին դնելով, նետ է արձակել տալիս դեպի Ափեկ քաղաք. սա նշան էր, որ Աստծու օգնությամբ Ասորիքը մինչև այդ քաղաքը պիտի նվաճի:

Եվ դարձյալ մարգարեն ասում է թագավորին. «Վերցրո՛ւ աղեղդ և նետե՛ր արձակիր հողի մեջ», սակայն չի ասում, թե քանի անգամ:  Երբ Հովասը երեք անգամ նետ արձակելուց հետո դադարում է, Եղիսեն տխուր ասում է. «Եթե հինգ կամ վեց անգամ արձակեիր, Ասորիքն ամբողջությամբ պիտի ընկճեիր, սակայն այժմ երեք անգամ միայն պիտի հարվածես, այսինքն` երեք անգամ պիտի հաղթես նրանց»: Ապա Եղիսեն վախճանվում է և թաղվում Սամարիայի մոտ մի գերեզմանոցում:

Հաջորդ տարի Եղիսե մարգարեի գերեզմանի մոտ մի ննջեցյալ  թաղելիս,  երբ երևում են մովաբացի ասպատակները, մասնակիցները վախենալով ննջեցյալին Եղիսեի շիրիմի վրա են թողնում և փախչում: Եվ ահա աստվածային տնօրինությամբ ննջեցյալը, Եղիսեի ոսկորներին դիպչելով, կենդանանում է և ոտքի կանգնում` ի հարգանք մարգարեի (Դ Թագ. 13:21): Աստված այսպես աշխարհի առջև փառավորում է Իր հավատարիմ ծառային: Եղիսեն արդեն իսկ իր կենդանության օրոք շատ հրաշքներ էր գործել, սակայն Աստված նրա ոսկորներին էլ  այնպիսի զորություն է շնորհում, որ մահացածը կենդանանում է:

Այդ ընթացքում մահանում է ասորիների թագավորը, և նրան հաջորդում է որդին՝ Բենադադը, ցեղն էլ կոչվում է Ադերի որդի: Հովասը, Բենադադի դեմ պատերազմելով, երեք անգամ հաղթում է, ինչպես որ հայտնել էր Եղիսեն: Հովասը հետ  է վերցնում բոլոր այն քաղաքները, որոնք գրավել էր Ազայելը, և իսրայելացիներին ասորիների բռնությունից ազատելով` բավականին ժամանակ հանգիստ ապրելու արժանանում:


 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․