Գրքեր
Հարց 72 – Ասորիների թագավորի, այսինքն` Ադերի որդու զորապետ Նեեմանն բորոտ ասորի էր: Այս Նեեմանը Հովրամին իսրայելցիների թագավորի մոտ ուղարկեց: Ինչևիցե, բժշկվեց: Նեեմանը և իր թագավորը կռապաշտ էին: Բժշկվելուց հետո Նեեմանն աստվածապաշտ դարձավ և եկավ Եղիսեի մոտ` շնորհակալություն հայտնելու ու հետո այսպես ասաց. «Թող Տերը ների քո ծառային հետևյալի համար. երբ իմ տեր արքան մտնի Ռեմանի տունը նրան երկրպագելու, ես էլ նրա հետ երկրպագեմ Ռեմանին, քանի որ արքան հենված է լինում իմ ձեռքին։ Թող Տերը ների քո ծառային այս բանի համար»։ Եղիսեն ասաց Նեեմանին. «Գնա՛ խաղաղությամբ»։ Եւ նա գնաց նրա մոտից, Իսրայելի երկրից» (Դ Թագ. 5:18-19): Խոսքի իմաստն այս է, քանի որ Նեեմանի թագավորը կռապաշտ էր, ուստի նա Եղիսեին ասում է, թե «թողություն տուր ինձ, քանի որ երբ իմ թագավորը Ռեմանի կռատունն է գնում երկրպագություն անելու, հարկադրված ես ևս իր հետ եմ գտնվում և ձեռքիս վրա կռթնած երկրպագելիս, բացահայտ է, որ ես նույնպես պիտի գլուխ խոնարհեցնեմ նրա հետ. Ինձ ներիր դրա համար»: Նա էլ ասում է, թե «գնա՛ խաղաղությամբ», ինչից երևում է, որ աղաչանքն ընդունված է: Սա ինչպե՞ս հասկանալ:

Պատասխան – Այս հարցի շուրջ շատ վիճաբանություններ են առաջանում մեկնիչների ու աստվածաբանների միջև: Ոմանք այս խոսքը պարզապես կարդալով` Նեեմանի գործը դատապարտելի են համարում, իսկ մարգարեի տված պատասխանը` կեղծավորություն հավատի հանդեպ, այսինքն` մտովի Աստծուն պաշտել, իսկ մարդկանց աչքին բացահայտ կռապաշտ ձևանալ:

Ոմանք կամենում են, որ երկուսին էլ բամբասանքից ազատեն: Ասված խոսքը համարում են անցյալի մեղք: Իբր մարգարեն աղոթում է Նեեմանի համար, որպեսզի նրա անցյալի կռապաշտական մեղքերին թողություն տրվի կամ թերևս այդ չար սովորությունը նրանից վերցվի, քանի որ սովորություն էր դարձրել` իր թագավորի հետ Ռեմանի կուռքին երկրպագել:

Այդ միտքը բնագրին չի համապատասխանում: Ուրեմն` ըստ ողջամիտ մեկնիչների ու աստվածաբանների մեծագույն մասի, Նեեմանի խոսքն իր անցյալ կռապաշտության մասին չէր և ոչ էլ համաձայնություն էր խնդրել` մարդկանց աչքին կուռքերին երկրպագելու: Եղիսեն նույնպես այդ առիթով թողտվություն չարեց: Այլ թույլ տվեց լոկ կռատուն գնալ թագավորի հետ և թագավորիէ երկրպագություն արած ժամանակ նրան իր ձեռքը տալ, որի պատճառով ինքը ևս ստիպված էր խոնարհվել:

Նեեմանի այս գործողությունն արտաքնապես պարզ ու քաղաքական պաշտոն էր, որ մատուցում էր թագավորին ոչ միայն կռատանը, այլ` ամենուր, ուր գնում էր թագավորը: Եվ Նեեմանն իր միտքը լիովին հայտնեց Եղիսեին ոչ ծածկաբար, այլ հայտնապես, բոլոր ասորիների առջև, որոնք այնտեղ էին նրա հետ. քանզի ճշմարտապես համոզվեց, որ չկա Աստված երկրի վրա: Եվ խոստացավ հետայդու զոհեր չմատուցել օտար աստվածների, այլ միայն երկնքի ու երկրի Աստծուն: Ուստի Իսրայելի երկրից հող ուզեց, որ հետը Դամասկոս տանի, այնտեղ առանձին սեղան կանգնեցնի` Աստծուն հայտնապես պաշտելու համար:

Արդ` օտար չաստվածներին այսպես բացահայտ դուրս գցելը և բոլորի առջև Իսրայելի Աստծուն պաշտոն մատուցելը բավական էր` ցանկացած կասկած ու կեղծավորության մեղադրանք իրենից վերցնելու համար, ինչը բոլորին հայտնապես ցույց տվեց, որ այն գործըիր թագավորին մատուցած քաղաքական պաշտոն էր միայն: Սակայն խիղճը հանգստացնելու համար Եղիսեից ներողություն խնդրեց: Ամեն ինչի այսպես լինելը և Նեեմանի մտքի շիտակությունը Եղիսեն իմացավ աստվածային շնորհով և թողություն տվեց Նեեմանին ոչ թե մարդկային կարծիքի հիման վրա, այլ` Երկնավոր Լույսով: Այսինքն` այդ պաշտոնին մնալով` Նեեմանը չի վնասում իր աստվածապաշտությանը:

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․