Գրքեր
Հարց 20 – Շնորհի օրենքը տրվելով, ուսուցանում է հին օրենքի խափանվելը: Սակայն երևում է, որ Պողոս Առաքյալը գործում է ներհակ՝ թլպատելով Տիմոթեոսին (Գործք 16:3): Եթե հին օրենքն այժմ կիրառենք, մեղքի տակ չե՞նք ընկնի:

Պատասխան – Դու, որ Պողոս Առաքյալի այս գործը հիշատակեցիր, նաև ասա, թե դրան ներհակ ինչ է ասում. «Այժմ ճանաչեցիք Աստծուն. մանավանդ որ ճանաչում եք Աստծուն, ինչո՞ւ եք կրկին ետ վերադառնում դեպի սովորական տկարներն ու աղքատները, որոնց նորից եք կամենում ծառայեցնել ձեր անձերը: Տարբերեք օրերը,

ամիսները, ժամանակները և տարիները»: Արդ՝ ո՞ւր է հին օրենքների կիրառողը: Կարո՞ղ ես ասել, թե ինչպիսի՞ ավարտ կունենա Պողոսի գործած այդ թլպատությունը կամ դրան նմանվող հրեական օրենքների արարողությունները:

Նախ՝ ասեմ, որ այնտեղ է այդ հարցիդ պատասխանը, ուր ասվում է՝ հանուն հրեաների, այսինքն՝ իբր թե նրանց գայթակղություն չլինելու համար, քանզի տակավին սովոր չէին շնորհական օրենքի քաղցր լծին: Երկրորդ՝ Օգոստինոսը նախնական օրենքի երեք ժամանակ է մատնանշում. նախ՝ մարդեղությունից առաջ, երկրորդ՝ Ավետարանը քարոզելու ժամանակը, երրորդ՝ Ավետարանը քարոզվելուց հետո: Նա ասում է. «Նախքան Քրիստոսի չարչարանքը, հին օրենքի հին արարողությունները ո՛չ մեռած էին և ո՛չ էլ մահաբեր էին, այլ փրկող… չարչարանքներից հետո, մինչ Ավետարանի ընդհանուր քարոզչությունը, մեռած էին, բայց ոչ մահաբեր, կարող էր պահել հրեա հավատացյալը՝ հույսը դրանց վրա չդնելով»:

Այդ ժամանակ՝ Քրիստոսի մահվանից հետո, վայել չէր արհամարհել Մովսեսի օրենքն իբրև կռապաշտություն, այլ վայելուչ էր հին մարդը, այսինքն՝ հին օրենքը պատվով գերեզման դնել: Ահա այդ դեպքում է երբեմն ի հայտ գալիս Առաքյալների կողմից հին օրենքի արարողությունների կիրառումը: Սակայն Ավետարանի ընդհանուր քարոզչությունից հետո հին օրենքը ոչ միայն մեռյալ էր, այլև՝ մահաբեր:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․