Գրքեր
Հարց 41 – Չարչարանքների ժամանակ Որդին ասաց Հայր Աստծուն. «Հայր, եթե կամենում ես, այս բաժակը ինձանից հեռացրու, բայց ոչ թե իմ կամքը, այլ Քո՛նը թող լինի» (Ղուկ. 22:42): Եվ երկնքից հրեշտակ երևաց, որ զորացնում էր Նրան: Այսինքն՝ հրեշտակը հայտնում էր, թե Հայր Աստծո կամքը Հիսուսի մահն է՝ աշխարհի փրկության համար: Արդ, որովհետև Քրիստոս է Հայր Աստծո իմաստությունը, գիտեր Նրա կամքը, ապա ինչո՞ւ է թվում, թե հրեշտակից իմացավ:

Պատասխան – Քրիստոս աստվածությամբ հավասար է Հայր Աստծուն, բայց մարդեղությամբ փոքր, քան հրեշտակները (Եբր. 2:9): Եվ որովհետև, ըստ սովորության, փոքրը, Աստծո կարգադրությամբ, մեծից է ուսանում, դրա համար Աստվածորդին, ինչպես չարհամարհեց Իր կողմից հաստատված թլպատության օրենքը, նույնպես և անարատ պահեց Իր կողմից սահմանված կանոնը՝ կամենալով հրեշտակների միջնորդությամբ սովորել: Եվ մանավանդ, օրինակ տալու համար առաքյալներին, թե բոլոր պարգևները, որ ի վերուստ են իջնում ներքևում գտնվողների համար, կարգով և աստիճանով են: Ինչպես մի թագավորի զավակ, թեպետ նախօրոք գիտի իր հոր կամքը, բայց դեսպանի միջոցով հարցնում է ու տեղեկանում, որ տեսնողներն ու լսողները չկասկածեն, թե գործը հոր կամքին հակառակ է կատարել:

Նմանապես և Քրիստոս՝ Երկնավոր Հոր Որդին, գիտեր Հոր կամքը, որովհետև Իր և Հոր կամքը մեկ՝: Սակայն, որպես մարդ, կամեցավ տնօրինաբար իմանալ և սովորել: Այն, որ մարդասիրության պատճառով նվաստություն չհամարեց Իրեն՝ մարդանալով շրջել երկրի վրա, ուստի նաև ամոթ չհամարեց մարդկայնորեն հարցնելը:

Այս հարցին գեղեցիկ պատասխան է տալիս Սուրբ Դիոնիսիոսը: Ահա նրա բուն շարադրանքը, որտեղ ասում է. «Հիսուս Ինքը, որ գերագույն էությամբ պատճառ է երկնային էությունների, մեր բնությամբ անփոխադրաբար գալով՝ չի խուսափում Իր կարգած և ընտրած մարդավայել բարեկարգությունից, այլ կամավոր հոժարությամբ հնազանդվում է Հայր Աստծուն՝ հրեշտակների ազդեցությամբ»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․