Գրքեր
Հարց 64 – Այո, այս բոլոր վկայությունները (հարց 63) հաստատում են, թե այս իրական նախաշարժությունն Աստծուց է, ամեն ինչ Նրանով է լինում, և Նա է մղում բոլորին՝ գործելու: Սակայն ինչո՞ւ Ինքը, բարի լինելով, մեզ չի մղում դեպի բարի գործեր, մանավանդ շատ անգամ չարն է գործել տալիս:

Պատասխան – Ճշմարիտ է, որ Աստված կարող է բացարձակապես ողջ չարիքը խափանել և Իր ամենակարող զորությամբ բոլորին միայն բարիք գործել տալ, որը մարդ չի կարող ուրանալ: Սակայն պետք չէ, որ աստվածային իմաստությունը խափանի ողջ չարիքը: Շատ անգամ նաև թույլ է տալիս, որովհետև դրանից հասարակությանն օգուտ է լինում: Եթե ամեն չարիք խափանվի, շատ բարիքներ կպակասեն աշխարհից: Եթե հեթանոսների կողմից հալածանք և չարչարանք չլինեին, ապա նահատակների համբերության վարձը և մարտիրոսների պսակը չէին լինի: Ուստի Աստված երբեմն թույլատրում է չարի գոյությունը, որպեսզի տիեզերքի գեղեցկությունը փայլի, քանի որ պատկերում առկա ստվերից է առաջանում պատկերի գեղեցկությունը: Այս առումով Սուրբ Օգոստինոսը գրում է. «Իմացավ նկարիչը՝ ո՛ւր դնի սև գույնը, որպեսզի նկարը վայելուչ լինի, և Աստված չգիտի՞, թե ուր դնի մեղավորներին, որպեսզի գեղեցիկ լինեն արդարները»:

Որովհետև Աստված ամենաբարի է, չարերից ևս մեծամեծ բարիք է ստանում: Նույն Օգոստինոս վարդապետն այսպես է ասում. «Աստված թույլ չի տալիս, որ չարը լինի Իր գործերում, քանզի այնքան ամենազոր և բարի է, որ մինչև իսկ չարից է բարիք ստեղծում»: Դարձյալ շատերը կան, որ մեղանչական են և շատ թերություններ ունեն: Պետք է Աստված այդպիսիներին այնպես շարժի, որ թույլ տա, որպեսզի շատ անգամ նրանցից չարություն առաջանա: Թեպետ Ինքն ամենևին էլ չի մերձենում այն չարին, որ չար է ըստ էության:

Այստեղ փոքր-ինչ դժվարություն կարող է առաջանալ, բայց այն բացատրելը ևս դյուրին է: Կամենում ես ասել, թե ինչպե՞ս է լինում, որ աստվածային շարժունակությունը տարածվում է այդ չար գործողությունների վրա: Աստվածային շարժման տարածվելն այդ գործերի վրա տեղի է ունենում ոչ թե ըստ էության, այլ՝ ըստ գործերի:

Ահա քեզ գեղեցիկ մի օրինակ: Մարմնի բոլոր անդամների առաջին շարժողը, ինչպես հայտնի է, մարդու հոգին է, որը մի պարզ էություն է: Սակայն բոլոր անդամներն էլ միևնույն կերպով չեն ընդունում նրա շարժման զորությունը, այլ ամեն մեկն իրեն պետք եկածի չափով. ոտքը՝ քայլելու չափ, ձեռքը՝ գործելու և այլն: Բայց շարժող հոգին միակերպ զորությամբ շարժեց բոլորին, և բոլորի շարժողն է համարվում: Եթե այս անդամներից մեկը խեղված լինի, ինչպես, օրինակ, ոտքի մեկը կաղ լինի, հիրավի, մյուսը՝ աջ ոտքի նման պիտի շարժվի հոգու միևնույն զորությամբ, բայց ողջ ոտքի պես չի կարող քայլել:

Արդ՝ ուզում եմ ասել, թե հոգին տարածեց իր զորությունն այն կաղ ոտքի վրա, որ շարժի, այլ ոչ թե ծուռ քայլի, քանզի ծռությունը կամ ծուռ քայլելն իր կարողությունից է և ոչ թե հոգու շարժիչ զորությունից: Նմանապես և Աստծո շարժունակությունը, ինչպես ասացի, տարածվում է նաև չար գործերի վրա, բայց ոչ թե ըստ էության չարերի, այլ ըստ էության գործերի. ինչպես հոգին կաղ ոտքի շարժման պատճառ է, բայց կաղ քայլելը այդ շարժումից չէ, այլ կարողությունից:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․