Գրքեր
Ադամը Դրախտում ի՞նչ պիտի մշակեր և պահպաներ, քանի որ գրված է, թե Աստված Ադամին դրախտում դրեց որպեսզի մշակի և պահպանի այն (Ծննդ 2:15):

Առաջին. Աստծո մեծության, կարողության, գիտության և բարության մասին խորհելով, պետք էր գոհությամբ և փառաբանությամբ հանդերձ, ամեն ինչից վեր և առավել, Նրան սիրելով պահեր պատվերը: Երկրորդ՝ ժամանակը դատարկ չանցկացնելու համար զվարթությամբ այդ պարտեզում աշխատել, սակայն ոչ թե հողագործ մշակի նման նեղություն քաշելով ապրուստի մասին հոգար, քանի որ ուտելու համար տեսակ-տեսակ պատրաստի պտուղներ կային արդեն, և այլ բանի կարիք էլ չուներ, ինչպես որ դրախտից արտաքսվելուց հետո նեղությամբ և դժվարությամբ հաց վաստակելու անհրաժեշտությունը ունեցավ: Մանավանդ, որ պարտավոր էր այն թշնամուց պահպանելով՝ միշտ իրեն համար պահել:

Իրոք, ուրիշ ոչ ոք չէր կարող Ադամին դրախտից հանել, ուստի, նա մանավանդ պարտավոր էր իր անվայել ընթացքից պահպանել այն, քանզի միայն իր մեղքերի պատճառով այնտեղից վռնդվեց: Արդ, այս մասին մեծ ուշադրությամբ խորհիր, որ մարդը իր մեղքով իրեն հասցված չարիքն ու վնասը, [եթե նույնիսկ] ամբողջ աշխարհը միաբանվի՝ չի կարող նրան հասցնել: Այո՛, մարդու հոգևոր թշնամին՝ անիծյալ սատանան, ցանկանում է մարդուն մեղքի մեջ գցելով՝ իր նման թշվառ և ապստամբ դարձնել, միայն թե չի կարող ստիպել, այլ պատճառ է փնտրում և եթե մի փոքրիկ առիթ գտնի՝ հազար տեսակ խորամանկ և քսու ձևերով ջանում է իր դիտավորությունն ու նպատակը իրականացնել: Մեղքին առիթ տալը վառոդին կրակ մոտեցնելու նման է: Աստծո պատվերը միայն մեկ ծառի համար էր, սակայն սատանան, իր չարամիտ մտքով, իբր թե բոլոր ծառերի համար պատվիրված լինելու պես է հարցնում (Ծննդ. Գ 1): Եվ այս խորամանկ հարցը, ոսկեզօծ թույնի նման նախապես անվնաս երևալով, հետո թունավորեց մարդուն. հենց այսօրինակ մեղքի առիթ տվողներն են միշտ անպակաս:

Թշնամուն չհաղթող զինվորին պսակ չի տրվում. սատանան՝ թշնամի և մարդը Աստծո զինվորն է (Եփես. Զ 12): Այս անգութ թշնամին փախչողին հալածում է, իսկ դիմադրողից ինքն է փախչում: Գիշերը գողություն անողի նման է՝ աղմուկ հանելուդ պես փախչելու տեղ է փնտրում: Ուրեմն հարկավոր է, որ ջանանք, Աստծո շնորհով սատանային ոտնակոխ անելով՝ պսակներ ստանալ: Եթե միշտ մեղքերի պատճառներից չփախչես, կամ թշնամուդ քաջաբար դիմադրելով՝ չհաղթես, վարձ և մրցանակ չես կարող ստանալ (Բ Տիմոթ. Բ 5): Ինչպես որ յուրաքանչյուր արարած որևէ ծառայության համար է նախասահմանված, այդպես էլ մարդու պաշտոնը և ծառայությունը երկրի վրա Աստծո կամքը կատարելն է (Եփես. Բ 10): Եթե մարդը իր համար սահմանված և իրեն հատկացված ծառայության մեջ թերանա, անտարակույս կպատժվի:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․