Գրքեր
Միթե՞ Աստված չգիտեր Ադամի թաքստոցի տեղը, որ հարցնում էր ո՞ւր ես:

Անշուշտ գիտեր, բայց հարցը նրան զղջման հրավիրելու համար էր, քանզի ոչ թե նրա որտեղ լինելն է ցանկանում իմանալ, այլ նրա ինչ վիճակում լինելն է ցանկանում նրան իսկ հայտնի դարձնել, որպեսզի զղջա և «մեղա» գոչի: Կարծես ցանկանում էր ասել. «Ո՛վ Ադամ, այս ի՞նչ թշվառ վիճակի մեջ ես հայտնվել, ո՞ւր է քո հոգևոր զարդարանքը, ո՞ւր է քեզ պարգևած շնորհը, ո՞վ քեզ այս դժբախտ վիճակի մեջ գցեց, այնպես որ նույնիսկ ծառի տերևներով ծածկվելու կարիքն ունես», սակայն Ադամը, իր մերկ լինելը պատրվակ բերելով, չզղջաց, «մեղա» չասաց: Ուշադրություն դարձրու մարդու ողբալի վիճակին՝ փոխանակ մեղքի համար զղջալու, ընդհակառակը՝ մեղքի պատճառով ընդունած պատժի համար է գանգատվում, քանի որ մերկությունը մեղք չէ, այլ՝ պատիժ: Այդ պատճառով Աստված պատասխանում է. «Ով քեզ ասաց, որ մերկ ես (քանզի այդ քո կամքով չէ), չլինի՞ թե «չուտես» ասված ծառի պտղից կերար, որի ուտելը կամ չուտելը քո ձեռքին էր», սակայն Ադամը «մեղա» չասելուց բացի, Եվային պատճառ բռնելով՝ Աստծո առջև ցանկացավ պատրվակներ բերել:

Ուշադրություն դարձրու, որ Ադամը պատվիրանին հակառակ գործելուն պես, Աստծուց իրեն շնորհված երանությունը կորցնելով հանդերձ, դեռևս դրախտում էր, և զղջալու փոխարեն Աստծո հարցադրումներին անտեղի պատասխաններ տալու համար է՛լ ավելի պատժի արժանացավ, որովհետև դրախտից արտաքսվելուց բացի, ստիպված եղավ ապրուստը նեղությամբ վաստակել (Ծննդ Գ 19), մանավանդ որ նրա ծանր սխալի պատճառով երկիրն էլ անեծքի արժանացավ (Ծննդ Գ 17):

Մարդը իր մեղքերի համար, ոչ միայն իր անձի, այլ նաև ունեցվածքի, զավակների և սիրելիների առումով է պատժվում, քանզի մեղանչողը Աստծո սիրուց երես դարձնելով՝ աշխարհի բաներին է սեր ընծայում, ուստի և իրավացիորեն նաև նրանց միջոցով է պատժվում (Իմաստ ԺԱ 17):

Հարկավոր է իմանալ, որ Աստված որչափ որ գթած է, նույնչափ էլ արդար է, Նրա ողորմության կամ գթության հակառակ կանգնողը հարկավորաբար Նրա արդարությունից էլ է պատժվում, քանզի գթության արժեքը արդարությամբ է հայտնվում: Մի՛ ասա. «Եթե Աստված մարդու մեղքերը ների, ո՞վ ինչ կարող է ասել», իրոք, ոչ ոք չի կարող հանդգնել և խառնվել Աստծո գործերին: Սակայն որքան Նրա ողորմությունն է անչափ, նույնքան էլ Նրա արդարությունն է անչափ (Սաղմ ԼԵ 7): Եթե արդարություն չլինի, օրենքը կխախտվի և օրենքը խախտվելուն պես՝ ապստամբ հոգով ազատված և զորացած, մարդիկ աներկյուղ իրենց չար կամքի համաձայն են գործում, և հետզհետե բոլորն էլ միանգամայն ապականվում են:

Արդ, որևէ բանի արտոնություն տալը երկու պատճառով է լինում, կամ հաճությունից, կամ արգելելու անկարողությունից: Հայտնի է, որ Աստված մեղքը չի սիրում, քանզի սուրբ է, նմանապես, Նա, ամենակարող լինելով, իրավացիորեն պատժում է մեղավորին (Սաղմ ՃԽԴ 21): Այս աշխարհում մեղավորը որքան էլ, որ պատժվի, դարձյալ կարելի է գթության որևէ հետք նշմարել նրա վրա (Սաղմ ՃԺԷ 17): Օրինակը պարզ տեսնում ենք Ադամի և Եվայի վրա, որովհետև դրախտից վտարելու ժամանակ Աստված նրանց մերկ չթողելով՝ ծածկվելու համար (ոչխարի կաշվից) զգեստ տվեց (Ծննդ Գ 21), բայց մահանալուց հետո ողորմության դուռը փակվելով՝ մեղավորը արդարությամբ է պատժվում, ինչը որ տեսնում ենք մեծատան օրինակով, որին դժոխքում մեկ կաթիլ ջուր անգամ չտրվեց: 

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․