Գրքեր
Հակոբը ինչպե՞ս ստացավ հոր օրհնությունը:

Իսահակը ծեր լինելով աչքերը ամբողջությամբ տկարացել էին և չէր տեսնում, ուստի, ըստ սովորության, ցանկացավ անդրանիկի հատուկ օրհնությունը տալ Եսավին: Սա, որսորդ լինելով, հոր համար միշտ որս էր բերում, սակայն այս անգամ հատկապես որս է խնդրում, որպեսզի իր օրհնությունը տա, ուստի Եսավը գնում է որսի: Սակայն որովհետև Ռեբեկան Հակոբին Եսավից ավելի էր սիրում, Իսահակի մտադրությունը իմանալուն պես Հակոբին ասում է. «Գնա երկու ուլ բեր, որ խորովեմ և տար հորդ, որ ուտի և քեզ օրհնի»:

Հակոբը Եսավի մազոտ լինելը հիշելով վախենում է, որ չլինի թե հոր մոտ խաբեբայի կերպար առնելով՝ օրհնության փոխարեն անեծքի արժանանա: Ռեբեկան պատասխանում է. «Այդ անեծքը թող իմ վրա լինի, դու գնա բեր»: Նա էլ բերում է ուլերին, որոնք Ռեբեկան խորովում է և Եսավի հին զգեստները Հակոբին է հագցնում և որպեսզի բոլորովին նմանվի Եսավին, ուլի մորթին Հակոբի պարանոցին և ձեռքերի վրա է դնում, որ եթե նույնիսկ Իսահակը շոշափի՝ չկարողանա իմանալ, թե ով է:

Հակոբը խորտիկը տանում է հորը, որի «դու ո՞վ ես» հարցին պատասխանում է, թե քո անդրանիկ որդի Եսավն եմ, հրամանիդ համեմատ որս բերեցի, վեր կա՛ց, կե՛ր և օրհնի՛ր ինձ: Իսահակը զարմանքով հարցնում է, թե «ի՞նչ շուտ գտար որդյակ», որին Հակոբը, խորհրդավոր պատասխան է տալիս, թե Աստված այդպես կարգավորեց՝ գործը Աստծո կամքին հանձնելով:

Թեպետ Իսահակը նրա ձայնից կասկածելով ասաց. «մո՛տ արի, որ տեսնեմ դո՞ւ ես որդիս՝ Եսավը,- և ձեռքով նրան շոշափելուց հետո,- ձայնդ Հակոբի ձայնին և ձեռքերդ Եսավի ձեռքերին են նման» ասելով օրհնեց նրան (Ծննդ. 27:22), սակայն թե՛ զգեստների հոտից և թե՛ ուլենուց, որ Հակոբի ձեռքերին և պարանոցին էին դրված, չկարողացավ լավ զանազանել, ուստի խորտիկը ուտելուց և գինին խմելուց հետո անդրանիկ որդուն հատուկ օրհնությունը Հակոբին տվեց:

Պետք չէ ասել, որ Հակոբը խաբեց իր հորը, քանի որ անդրանկությունը նախապես գնած լինելով Եսավից, իրավացիորեն անդրանիկն էր համարվում: Նույնպես մի՛ կարծիր, որ Ռեբեկան զավակներից մեկին բարիք կամենալու ժամանակ, մյուսին անիրավություն արեց: Արդարև այդ նախաձեռնությունը ըստ երևույթին միայն Ռեբեկայինն էր, սակայն նա դրդված և ներշնչված էր ի վերուստ: Քանի որ Աստված նախապես նրան հայտնել էր, որ մեծ որդին պետք է ծառայեր փոքրին: Մանավանդ Մեսիայի Հակոբի ցեղից սահմանված լինելու խոստման համաձայն՝ հայրական օրհնությունը նրան էր վայելում:

Դու մի՛ նայիր, ո՛չ Իսահակի ցանկությանը և ո՛չ էլ Եսավի որսի գնալուն, այլ Աստծո ողորմությանը նայիր (Հռոմ. 9:16): Այո՛, Իսահակը առավել էր սիրում Եսավին, բայց Աստված Հակոբին սիրելով (Հռոմ 9:13) անդրանիկ օրհնության համար նրան արժանի տեսավ: Այսպես Հակոբը օրհնությունը ստանալով, Իսահակի մոտից դուրս գալուց հետո, Եսավը իր պատրաստած խորտիկը հորը բերեց, որպեսզի ճաշակի:

Նայիր Իսահակի առաքինությանը, որ լսելով Եսավի որսից նոր վերադառնալու մասին, և հասկանալով, որ Հակոբը օրհնությունը ստացավ, թեպետ շատ զարմացավ (Ծննդ. 27:33), բայց երբեք Հակոբին չնեղացրեց, այլ կատարվածը Աստծուն թողնելով, Նրա գաղտնի խորհուրդներին է վերագրում: Ճշմարիտ է, որ իրողությունը Իսահակի դիտավորությանը հակառակ էր, քանի որ Եսավին օրհնել ցանկացած ժամանակ Հակոբին օրհնեց. այս խորհրդավոր կարգադրությունը Աստծուց լինելը հասկանալով, տրված օրհնությունը կրկնելով Հակոբի վրա՝ հաստատում է, որ նախապես անգիտությամբ էր օրհնել նրան, սակայն հիմա գիտենալով է օրհնում (Ծննդ. 27:33):

Եսավի թշվառ վիճակից խրատվի՛ր, քանի որ ախորժակով կերած ոսպի ապուրի վնասն ու ցավը նոր զգալով, սկսում է բարձրաձայն լացել և ողբալ և միևնույն ժամանակ գանգատվել Հակոբից: Անդրանկության օրհնությունից հույսը կտրած, «Ինձ էլ օրհնի» ասելով, հեծեծանքով լացել սկսելուն պես, Իսահակը թեև հայրական կարեկցանքից դրդված փոքր-ինչ օրհնություն է տալիս, սակայն անդրանկության օրհնությունը Հակոբի առումով կայացած լինելով, Եսավին ծառա է դարձնում Հակոբին (Ծննդ. 27:40):  Սրանից Եսավը սաստիկ բարկանալով՝ մտադրվում է հոր մահից հետո սպանել Հակոբին:

Դու Եսավի չարությանը նայի՛ր. ամեն ինչով հանցավոր լինելով հանդերձ, գոհ չի մնում իր վիճակից, և այլ կերպ բարկությունը մեղմելու անկարող լինելով, ցանկանում է բնության միջոցներին դիմել, իբր թե Հակոբից վրեժ լուծելով մխիթարվի, միայն թե չի մտածում, որ հակառակորդից վրեժ լուծելով մարդը չի կարող մխիթարվել, այլ հակառակը, ավելի վնասվելով պատժվում է: Ահա այսպիսին է իր վիճակից գոհ չեղողների կացությունը: Իրենց հանցանքը ճանաչելով զղջում հայտնելու փոխարեն, վրիժառության իղձ են տածում և արժանի են դառնում մեծագույն պատժի:

Սակայն Ռեբեկան խոհեմ և հնարագետ կին էր, որը երբ Եսավի չար մտադրությունը իմացավ, միգուցե երկու զավակներից միանգամից զրկվի [մտածելով], որոշում է Հակոբին Խառանի երկիրը, իր եղբոր՝ Լաբանի մոտ ուղարկել, մինչև որ Եսավի բարկությունը կանցնի և Հակոբը քանանացի աղջիկ առնելու փոխարեն, Խառանի երկրում ամուսնանա: Քանի որ Եսավի կինը քանանացի լինելով, Ռեբեկան զզվել էր նրանցից: Այս պարագայում Ռեբեկան, ոչ միայն Հակոբին վտանգից, այլ նաև Եսավին ոճիր գործելուց հեռու պահելու ցանկությամբ, իր մտադրությունը հայտնեց Իսահակին, որը իր հավանությունը տալով կանչում է Հակոբին և պատվիրելով, որ քանանացի աղջկա հետ չամուսնանա, հորդորում է գնալ Խառան և այնտեղ ամուսնանալ և օրհնությամբ ճանապարհ է դնում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․