Գրքեր

Գործք 17:16-34

16Եւ մինչ Պօղոսը Աթէնքում նրանց էր սպասում, նրա հոգին իր մէջ զայրանում էր, երբ տեսնում էր քաղաքը կռապաշտութեան մէջ։ 17Եւ ժողովարանում դիմում էր հրեաներին ու յոյն աստուածապաշտ մարդկանց, իսկ հրապարակներում էլ ամէն օր՝ ում որ հանդիպում էր։ 18Էպիկուրեան եւ ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք, ձեռ առնելով, վիճում էին նրա հետ. ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»։ Իսկ ուրիշներն էլ, թէ՝ «Երեւում է, որ ինչ-որ օտար աստուածութիւնների քարոզիչ է», քանի որ նա Յիսուսին ու յարութիւնն էր աւետարանում։ 19Եւ նրան բռնեցին տարան Արիսպագոսի առջեւ ու ասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թէ ի՞նչ է այդ նոր վարդապետութիւնը, որը դու քարոզում ես։ 20Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թէ դրանք ի՛նչ բաներ կը լինեն» 21(որովհետեւ աթենացիք բոլորը, ինչպէս նաեւ օտար եկուորները այլ բանով չէին զբաղւում, քան միայն ասելով կամ լսելով մի աւելի նոր խօսք)։ 22Պօղոսը կանգնեց Արիսպագոսի մէջտեղում եւ ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հաւատասէր էք, 23քանի որ շրջելով եւ տեսնելով ձեր պաշտածները՝ գտայ նաեւ մի բագին, որի վրայ գրուած էր՝ «Անծանօթ Աստծուն». ում դուք առանց ճանաչելու էք պաշտում, ես նոյնն եմ քարոզում ձեզ։24Աստուած, որ ստեղծեց այս աշխարհը եւ այն ամէնը, որ նրա մէջ կայ, նա՛ է Տէրը երկնքի եւ երկրի. 25նա ձեռակերտ տաճարներում չի բնակւում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտւում, որպէս թէ մի բանի կարօտ լինէր։ Նա՛ է տալիս ամէն բանի կեանք եւ շունչ եւ ամէն ինչ։26Մէկ արիւնից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակուեն ամբողջ երկրի վրայ, հաստատեց նախակարգեալ ժամանակները եւ դրեց նրանց բնակութեան սահմանները, 27որ փնտռեն Աստծուն ու խարխափելով թերեւս գտնեն նրան. թէեւ նա մեզնից իւրաքանչիւրիցս հեռու չէ, 28քանի որ նրանով ապրում ենք եւ շարժւում ենք եւ կանք, ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թէ՝ մենք նրա զարմից ենք։ 29Եւ արդ, որովհետեւ Աստծու զարմն ենք, չպէտք է խորհենք, թէ աստուածայինը նման է ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարութեամբ եւ մարդու խելքով են քանդակուած։ 30Բայց Աստուած, անգիտութեան ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատուիրում մարդկանց, որ ամէն ոք ապաշխարի. 31քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարութեամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հաւաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից յարութիւն տալով»։ 32Երբ լսեցին մեռելների յարութեան մասին, ոմանք ծաղրի էին ենթարկում. ոմանք էլ ասում էին. «Մի ուրիշ անգամ կը լսենք քեզնից այդ մասին»։ 33Եւ ապա Պօղոսը նրանց միջից ելաւ գնաց։ 34Իսկ մի քանի մարդիկ, յարելով նրան, հաւատացին. նրանց թւում էր նաեւ Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ սրանց հետ ուրիշներ։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․