Գրքեր

Երեմիա 2:31-3:16

2:31 Լսեցէ՛ք Տիրոջ պատգամը, այսպէս է ասում Տէրը. մի՞թէ ես Իսրայէլի համար անապատ եղայ կամ աւեր ու խոպանացեալ երկիր, որ իմ ժողովուրդն ասաց. “Անտէրունչ կշրջենք, բայց քեզ մօտ չենք գայ”: 32 Մի՞թէ հարսը կմոռանայ իր զարդը, եւ կոյսը՝ իր լանջագեղ գօտին. իսկ իմ ժողովուրդը երկար ժամանակ մոռացաւ ինձ: 33 Քո ճանապարհին ուրիշ ի՞նչ միջոցների պիտի դիմես սիրոյ հաճոյք գտնելու համար. բայց դու ոչ միայն այդպէս արեցիր, այլեւ նոյնիսկ անզգամացար եւ պղծեցիր քո ճանապարհները: 34 Քո ձեռքերի մէջ յայտնաբերուեց թշուառ ու անմեղ մարդկանց արիւնը. ոչ թէ վիհերում գտայ նրանց, այլ բոլոր կաղնիների մօտ: 35 Դու ասացիր, թէ՝ “Անմեղ եմ, թող նրա բարկութիւնն ինձնից հեռանայ”: Ահաւասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետեւ դու ասացիր, թէ՝ չմեղանչեցի: 36 Դու արհամարհեցիր ինձ՝ միշտ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսի՛ց էլ պիտի ամաչես, ինչպէս Ասորեստանից ամաչեցիր: 37 Այնտեղից էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրայ բռնած, քանզի Տէրը մերժեց այն, որ քո յոյսն էր, եւ նրանով այլեւս յաջողութիւն չպիտի գտնես:

3:1 Եթէ մարդն արձակի իր կնոջը, եւ սա հեռանայ նրանից ու ամուսնանայ ուրիշ տղամարդու հետ, ապա նորից յետ գայ նախկին մարդու մօտ, արդեօք այդ կինը ամբողջապէս պղծուած չի՞ լինի: Իսկ դու պոռնկացար բազում առաջնորդների հետ եւ վերադարձար ինձ մօտ,– ասում է Տէրը:– 2 Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դէպի առա՛ջ նայիր եւ տե՛ս, թէ քո ճանապարհներին ո՛ւր ասես որ պղծութեամբ չթաթախուեցիր: Ագռաւի պէս մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին եւ քո պոռնկութիւններով ու չարութիւններով երկիրը պղծեցիր: 3 Ի գայթակղութիւն քեզ՝ բազում առաջնորդներ ունեցար, պոռնիկ կնոջ կերպարանք առար եւ բոլորի մօտ կորցրիր քո ամօթը: 4 Չընդունեցիր ինձ իբրեւ տաճար, իբրեւ Հայր եւ Իշխան քո կուսութեան: 5 “Մի՞թէ Տէրը յաւիտեան բարկացած պիտի մնայ եւ բարկութիւնն ընդմիշտ պիտի պահի”.– ահա այսպէս ասացիր դու, գործեցիր այդ բոլոր չարիքները եւ զօրացար»: 6 Օսիա արքայի օրօք Տէրն ինձ ասաց. «Տեսա՞ր, թէ ինչ արեց Իսրայէլի այդ բնակչութիւնը. գաղտնի գնաց եւ այնտեղ, բոլոր բարձր լեռների վրայ ու ոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացաւ: 7 Այդքան պոռնկանալուց յետոյ ես նրան ասացի՝ “Ինձ մօ՛տ դարձիր”, բայց չդարձաւ: Նրա ցոփութեանն ականատես եղաւ ուխտադրուժ Յուդայի երկիրը: 8 Երբ Իսրայէլի բնակչութիւնն ամբողջովին տարուեց շնութեամբ եւ բռնուեց դրա մէջ, արձակեցի նրան, ապահարզանի թուղթ տուեցի ձեռքը, ու ես տեսայ, որ նրա ուխտադրուժ քոյրը՝ Յուդան, չզարհուրեց, այլ գնաց ու ինքն էլ պոռնկացաւ: 9 Նա իր պոռնկութեամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց՝ քարի ու փայտի հետ շնանալով: 10 Այս ամէնից յետոյ,– ասում է Տէրը,– նրա ուխտադրուժ քոյր Յուդան չդարձաւ դէպի ինձ ամբողջ սրտով, այլ դարձաւ ստութեամբ: 11 Իսրայէլը,– ասում է ինձ Տէրը,– արդարացրեց իր ապստամբութիւնը ուխտազանց Յուդայի համեմատութեամբ: 12 Ահաւասիկ գնա՛ եւ այս պատգամները հռչակի՛ր հիւսիսի կողմերում՝ ասելով. Ինձ մօ՛տ դարձիր, ո՛վ դու Իսրայէլի բնակիչ,– ասում է Տէրը:– Ես ձեզ վրայ չեմ բարկանայ, քանզի ես ողորմած եմ,– ասում է Տէրը,– ձեր դէմ յաւիտեան ոխ չեմ պահի: 13 Բայց դու գիտակցի՛ր քո անօրինութիւնները, որովհետեւ դու ամբարշտացար քո Տէր Աստծոյ դէմ եւ օտարների համար քո ճանապարհները տարածեցիր բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, իսկ իմ ձայնը չլսեցիր,– ասում է Տէրը:– 14 Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձէ՛ք ինձ մօտ, որպէսզի ես ձեզ տիրեմ,– ասում է Տէրը:– Կառնեմ ձեզ՝ ամէն քաղաքից մէկին եւ ամէն ցեղից երկուսին, ու կտանեմ ձեզ Սիոն: 15 Իմ սրտին հաճելի առաջնորդներ կտամ ձեզ. թող նրանք իմաստութեամբ հովւութիւն անեն ձեզ: 16 Ու երբ երկրի վրայ այն օրերին դուք բազմանաք ու աճէք,– ասում է Տէրը,– այլեւս չեն ասելու “Իսրայէլի սուրբ ուխտի տապանակը”, չի յիշուելու այն, նրա անունն այնտեղ չի տրուելու, այլեւս չի փնտրուելու այն եւ չի վերաշինուելու:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․