Գրքեր

Փիլիպեցիներ 3:1-4:9

3:1 Ուրեմն, իմ եղբայրնե՛ր, ուրա՛խ եղէք ի Տէր. նոյն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, իսկ ձեզ համար մեծ ապահովութիւն է: 2 Զգուշացէ՛ք շներից, զգուշացէ՛ք չար մշակներից, զգուշացէ՛ք թլփատութեան կողմնակիցներից. 3 քանզի իսկական թլփատութիւնը մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով եւ պարծենում ենք Քրիստոս Յիսուսով, իսկ մարմնով չենք պարծենում, 4 թէեւ ինքս էլ մարմնի վրայ նոյն վստահութիւնն ունեմ: Եթէ մէկը կարծում է, որ ինքն այլ կերպ վստահութիւն ունի մարմնի վրայ, ես՝ առաւե՛լ եւս. 5 թլփատուել եմ ութերորդ օրը, Իսրայէլի ցեղից եմ, Բենիամինի սերնդից, եբրայեցի՝ եբրայեցի ծնողներից, ըստ օրէնքի՝ փարիսեցի, 6 ըստ նախանձախնդրութեան՝ հալածում էի եկեղեցին, ըստ օրէնքի արդարութեան՝ անբասիր: 7 Բայց ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար: 8 Եւ ամէն բան, արդարեւ, վնաս եմ համարում մեր Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար: Նրա համար ամէն ինչից զրկուեցի, - եւ այդ բոլորը աղբ եմ համարում, - որպէսզի շահեմ Քրիստոսին 9 եւ գտնուեմ նրա մէջ. ո՛չ թէ նրա համար, որ ունենամ իմ արդարութիւնը, որ օրէնքից է, այլ Քրիստոսի հաւատից եղած արդարութիւնը, որ Աստծուց եկող արդարութիւնն է՝ հաւատով, 10 որպէսզի ճանաչեմ նրան եւ նրա յարութեան զօրութիւնը ու մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից՝ նրա մահուան, 11 որպէսզի հասնեմ մեռելներից յարութիւն առնելուն: 12 Ոչ թէ արդէն հասել եմ նպատակին կամ արդէն կատարեալ եմ, այլ հետամուտ եմ, որ հասնեմ դրան, որի համար էլ բռնուած եմ Քրիստոս Յիսուսից: 13 Եղբայրնե՛ր, ես ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում. բայց խնդիրն այն է, որ յետեւում մնացածները մոռացած՝ ձգտում եմ դէպի իմ առջեւում եղածները. 14 ուշադիր վազում եմ աստուածային կոչմանս նպատակակէտին՝ Քրիստոս Յիսուսով: 15 Ուրեմն, դուք բոլորդ, որ կատարեալ էք, այս բանը խորհեցէ՛ք. եթէ ուրիշ բան խորհէք, Աստուած ձեզ ա՛յդ էլ կը յայտնի: 16 Միայն թէ ինչի որ հասանք, նո՛յնը խորհենք եւ նո՛յն կանոնի համաձայն ընթանանք: 17 Եղբայրնե՛ր, նմանուեցէ՛ք ինձ եւ լա՛ւ նայեցէք այնպիսիներին, որ նոյն ձեւով են ընթանում, ինչպէս մենք, որ օրինակ ենք ձեզ համար. 18 որովհետեւ շատերը, - որոնց մասին շատ անգամ ասել եմ ձեզ եւ այժմ էլ լալով եմ ասում, - ընթանում են որպէս թշնամիներ Քրիստոսի խաչի. 19 նրանց վախճանը կորուստ է. նրանց աստուածը իրենց որովայնն է, եւ փառքը՝ իրենց ամօթը: Նրանք միայն երկրաւոր բաներն են խորհում: 20 Իսկ մեր քաղաքացիութիւնը երկնքում է, որտեղից եւ ակնկալում ենք Փրկչին՝ Տիրոջը՝ Յիսուս Քրիստոսին, 21 որ նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպէսզի այն կերպարանակից լինի իր փառաւոր մարմնին, այն զօրութեամբ, որ կարող է հնազանդեցնել ամէն բան իր իշխանութեանը:

4:1 Ուրեմն, իմ սիրելի՛ եւ ցանկալի՛ եղբայրներ, որ իմ ուրախութիւնն ու պսակն էք, այսպէս հաստատո՛ւն մնացէք ի Տէր, սիրելինե՛ր: 2 Խնդրում եմ Եւոդիային եւ խնդրում եմ Սիւնտիքին, որ նոյն խորհուրդն ունենան ի Տէր: 3 Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որոնք աւետարանի համար պայքարեցին ինձ հետ Կղեմէսի եւ իմ միւս գործակիցների հետ միասին. նրանց անունները կեանքի գրքի մէջ են: 4 Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք: 5 Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց: Տէրը մօտ է: 6 Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն: 7 Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով: 8 Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, - ա՛յն խորհեցէք: 9 Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մէջ, ա՛յն արէք: Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․