Գրքեր

Իմաստ. Սողոմոնի 1:15-2:22

1:15 որովհետեւ արդարութիւնը անմահ է։ 16Իսկ ամբարիշտները ձեռքով ու խօսքով իրենց մօտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան եւ դաշինք կնքեցին նրա հետ. եւ իսկապէս արժանի են բաժնեկից լինելու նրան։

2:1 Անուղղայ մարդիկ այսպէս խորհեցին իրենց սրտի մէջ՝ ասելով. «Մեր կեանքը կարճ է եւ ցաւերով լի. եւ երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկութիւն չկայ, եւ չկայ մէկը, որ վերադարձած լինի մահուան գերեզմանից։ 2Մենք պատահաբար ենք ծնուել եւ սրանից յետոյ էլ չեղածների պէս ենք լինելու, որովհետեւ մեր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խօսքը՝ կայծ, որ ծնուել է մեր սրտի տրոփից։ 3Կայծի մարումով մարմինը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռւում է ինչպէս թոյլ օդ։ 4Մեր անունը պիտի մոռացուի ժամանակի ընթացքում,եւ ոչ ոք չի յիշելու մեր գործերը։ Եւ, ինչպէս ամպի հետք, պիտի անցնի մեր կեանքը եւ պիտի ցրուի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածուած ու քշուած նրա տապից։ 5Արդարեւ, մեր կեանքը սահող ստուեր է, եւ ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքուի, այլեւս ոչ ոք չի կարող վերադարձնել։ 6Արդ, եկէ՛ք վայելենք այն բարիքները, որ կան, եւ, ինչպէս մանկութեան օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծուած է։ 7Եկէ՛ք յագենանք պէս-պէս գինիներով եւ անուշ իւղերով, եւ թող գարնան ծաղիկը չանցնի մեր կողքով։ 8Կոկոն վարդերից պսակներ կրենք, քանի դրանք չեն թառամել։9Թող մեծաշուք մեր այս ուրախութիւնից ոչ ոք ամենեւին անմասն չմնայ, ամէն տեղ ուրախութեան մի նշան թողնենք, որովհետեւ դա է մեր բաժինը, դա է մեզ վիճակուել։ 10Եկէ՛ք անիրաւութեամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբեւայրուն, չխորշենք ծերի բազմամեայ ալեհերութիւնից։ 11Թող մեր ուժը դառնայ արդարութեան օրէնքը, որովհետեւ տկարութիւնը պիտանի չէ եւ ոչ մի բանի։ 12Դարանակալ լինենք արդարին, որովհետեւ դժկամ է նա մեր հանդէպ եւ հակառակ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ՝ օրէնքների դէմ մեղանչելու համար, եւ պարսաւում է մեզ՝ մեր երիտասարդական մեղքերի համար։13Նախ խոստովանում է, թէ աստուածգիտութիւն ունի, եւ իր անձը Տիրոջ որդի է անուանում։ 14Մեր առջեւ՝ մեր խորհուրդների յանդիմանութիւնն է նա։ 15Ծանր է մեզ համար նաեւ նրան տեսնելը, որովհետեւ նրա կեանքը նման չէ ուրիշների կեանքին, եւ այլազան են նրա վարքի շաւիղները։ 16Նա մեզ գարշանք է համարում եւ խորշում է մեր ճանապարհներից, ինչպէս պղծութիւնից. երանի է տալիս արդարների վախճանին եւ հպարտանալով Աստծուն հայր է կոչում։17Տեսնենք արդեօք ճշմարի՞տ են նրա խօսքերը եւ փորձենք իմանալ, թէ ի՛նչ է լինելու նրա վախճանը։ 18Եթէ, արդարեւ, Աստծու որդի է, ապա թող Աստուած պաշտպանի եւ ազատի նրան հակառակորդների ձեռքից։ 19Թշնամանքով եւ ծեծով խոշտանգենք նրան, որպէսզի տեսնենք նրա հեզութեան չափը եւ խելամուտ լինենք նրա համբերատարութեանը։ 20Խայտառակ մահուան դատապարտենք նրան. արդեօք Աստուած օգնական կը լինի՞ նրան»։ 21Այսպէս խորհեցին եւ խաբուեցին ամբարիշտները, որովհետեւ նրանց կուրացրել էր իրենց չարութիւնը։ 22Չճանաչեցին Աստծու խորհուրդները եւ չակնկալեցին ո՛չ սրբութեան վարձըեւ ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիւը։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․