19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Բ Օրենք 11:10-25

10 Այն երկիրը, ուր դուք մտնելու էք ժառանգելու համար, նման չէ Եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք. մի երկիր, ուր սերմը ցանում են ու ջրում ոտքերով, որպէս թէ բանջարանոց լինի: 11 Այն երկիրը, ուր դուք պիտի մտնէք ժառանգելու համար, լեռնային ու հովտային երկիր է. այն ոռոգւում է երկնքից թափուող անձրեւով: 12 Դա մի երկիր է, որը քո Տէր Աստուածն է խնամում, տարուայ սկզբից մինչեւ տարուայ վերջը քո Տէր Աստծոյ աչքը միշտ նրա վրայ է: 13 Եթէ ուշադրութեամբ լսես նրա բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ հոգով ու քո ամբողջ էութեամբ, 14 ապա նա ձեր երկրին կտայ ըստ ժամանակի պահանջուող առաջին ու վերջին անձրեւը, որպէսզի կարողանաս ամբարել քո ցորենը, գինին ու իւղը: 15 Նա քո դաշտերին խոտ կտայ քո անասունի համար: Կուտես եւ կյագենաս: 16 Զգո՛յշ եղէք, չլինի թէ ամբարտաւանանան ձեր հոգիները, մեղք գործէք, օտար աստուածներ պաշտէք ու երկրպագէք նրանց: 17 Այն ժամանակ Տէրը խիստ կզայրանայ ձեզ վրայ, արգելք կդնի երկնքի վրայ, անձրեւ չի լինի, հողն իր բերքը չի տայ, եւ դուք շատ արագ կկորչէք այս լաւ երկրից, որ Տէրը տուել է ձեզ: 18 Այս խօսքերը ի պահ դրէ՛ք ձեր մտքում ու ձեր հոգում: Դրանք որպէս նշան կապեցէ՛ք ձեր ձեռքերին, որ մշտապէս մնան ձեր աչքերի առջեւ: 19 Դուք դրանք սովորեցրէ՛ք ձեր որդիներին եւ դրանց մասին խօսեցէ՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս: 20 Դրանք գրեցէ՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրայ, 21 որպէսզի ձեր կեանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կեանքը այն երկրի վրայ, որ Տէրը երդուել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան որ երկինքը կլինի երկրի վրայ: 22 Եթէ ուշադրութեամբ լսէք այս բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, որ անէք, այն է՝ սիրէք ձեր Տէր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու յարէք նրան, 23 ապա Տէրը ձեր առջեւից կհեռացնի այդ բոլոր ազգերին, եւ դուք կնուաճէք ձեզնից մեծ ու հզօր ազգերին: 24 Բոլոր այն վայրերը, ուր կկոխեն ձեր ոտքերը, ձերը կլինեն. անապատից մինչեւ Անդրլիբանան, Եփրատ մեծ գետից մինչեւ Արեւմտեան ծովը կլինեն ձեր սահմանները: 25 Ոչ ոք ձեզ չի դիմադրի, ձեր ահն ու սարսափը ձեր Տէր Աստուածը կսփռի ամբողջ երկրի վրայ, ուր ոտք կդնէք դուք, ինչպէս ասել է ձեզ Տէրը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․