19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Եսայի 46:3-47:4

46:3 Լսեցէ՛ք ինձ, ո՛վ դու՝ Յակոբի տուն, եւ դուք՝ Իսրայէլի բոլոր կենդանի մնացածներդ, դուք, որ որովայնից իսկ ընտրեալ էք եւ մանկութիւնից մինչեւ ծերութիւն՝ խրատուած, 4 քանզի ես նոյնն եմ: Դուք մինչեւ խոր ծերութիւն էլ որ հասնէք, ես նոյնն եմ. ես համբերութեամբ պիտի տանեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես էլ պիտի հանդուրժեմ, ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ: 5 Ո՞ւմ կնմանեցնէիք ինձ, հապա մտածեցէ՛ք, ո՛վ դուք՝ մոլորեալներ, 6 որ ոսկու մեծ բաժին էք գցում քսակից, արծաթ էք կշռում կշեռքով եւ ոսկերիչներ վարձում, որպէսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, եւ խոնարհուելով երկրպագում էք դրանց: 7 Վերցնում, ուսերիդ վրայ դրած՝ բերում էք, եւ երբ գետնին էք դնում, այդպէս մնում են տեղում ու չեն շարժւում. եթէ որեւէ մէկը կանչի դրանց, չեն լսի եւ չար փորձանքներից չեն փրկի նրան: 8 Յիշեցէ՛ք այս եւ հոգո՛ց հանեցէք, զղջացէ՛ք դուք՝ մոլորեալներդ սրտանց դարձի՛ եկէք, 9 մտաբերեցէ՛ք առաջին գործերը՝ վաղուց ի վեր կատարուածները, քանզի ես եմ Աստուածը, եւ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ, 10 որ առաջուց պատմի վերջում կատարուելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարուելու են: Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, եւ ամէն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ: 11 Ես արեւելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռաւոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խօսեցի ու բերեցի, հաստատեցի եւ կատարեցի, բերեցի նրան եւ դրեցի յաջող ճանապարհի վրայ: 12 Լսեցէ՛ք ինձ դուք՝ սրտով մոլորուածներդ եւ արդարութիւնից հեռացածներդ. 13 մօտեցրի իմ արդարութիւնը, եւ այն այլեւս չի հեռանայ, իմ ճշմարտութիւնն ու փրկութիւնը չեմ ուշացնի. ես Սիոնում տուեցի Իսրայէլի փրկութիւնը յանուն իմ փառքի:

47:1 Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կոյս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետեւ աթոռ չկայ, խաւարի մէ՛ջ մտիր, քաղդէացիների՛ դուստր, դու, որ այլեւս չես շարունակելու կոչուել քնքուշ ու փափկասուն: 2 Երկա՛նք առ, ալի՛ւր աղա, դէ՛ն նետիր քողդ, քաշի՛ր մազերդ. 3 մերկացրո՛ւ սրունքներդ եւ անցի՛ր գետի միջով, ու թող յայտնուի քո ամօթը, թող երեւայ քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրաւունքները: Նա, որ փրկեց քեզ, այլեւս չի մատնի քեզ մարդկանց. 4 նրա անունը Զօրութիւնների Տէր է, Իսրայէլի Սուրբ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․