Գրքեր

Գործք 5:34-6:7

5:34 Մի փարիսեցի, որի անունը Գամաղիէլ էր, օրէնուսոյց եւ ամբողջ ժողովրդից պատուուած մարդ, ատեանի մէջ ոտքի ելաւ եւ հրամայեց, որ առաքեալներին մի փոքր ժամանակով դուրս հանեն. 35 ապա նրանց ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, զգո՛յշ եղէք, թէ այս մարդկանց ի՛նչ պէտք է անէք: 36 Այս օրերից առաջ մէջտեղ ելաւ Թեւդասը, որն իր մասին ասում էր, թէ ինքը երեւելի մէկն է. եւ նրան յարեցին թուով մօտ չորս հարիւր մարդիկ. նա սպանուեց, եւ բոլոր նրանք, որ նրա հետ միաբանել էին, բաժան-բաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց: 37 Դրանից յետոյ, մարդահամարի օրերին, մէջտեղ ելաւ Յուդա Գալիլիացին եւ շատ ժողովուրդ ապստամբեցրեց իր յետեւից. նա էլ կորաւ. եւ բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնել էին, ցիրուցան եղան: 38 Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացէք այդ մարդկանցից եւ բա՛ց թողէք նրանց, որովհետեւ եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կը քանդուի. 39 իսկ եթէ Աստծուց է, չէք կարող դրանք ձախողեցնել. մի գուցէ աստուածամարտ էլ դառնաք»: 40 Ժողովականները հաւանութիւն տուեցին նրան եւ առաքեալներին կանչելով, գանահարեցին նրանց ու պատուիրեցին, որ Յիսուսի անունով այլեւս չխօսեն. եւ արձակեցին նրանց: 41 Իսկ նրանք ատեանի առաջից գնացին ուրախանալով, որովհետեւ Տիրոջ անուան համար անարգանքի էին արժանացել: 42 Եւ ամէն օր, տաճարում թէ տներում, չէին դադարում ուսուցանել եւ աւետարանել Յիսուս Քրիստոսին:

6:1 Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, յունախօս հրեաները տրտնջացին եբրայախօս հրեաների դէմ, որովհետեւ իրենց այրիները ամենօրեայ նպաստի բաշխման ժամանակ անտեսւում էին: 2 Տասներկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնն ու ասացին. «Մեզ հաճելի չէ թողնել Աստծու խօսքի քարոզութիւնը եւ սեղաններ սպասարկել: 3 Եղբայրնե՛ր, ընտրեցէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթը մարդու, որոնց կը նշանակենք այդ ծառայութիւնների համար. 4 իսկ մենք աղօթքի եւ խօսքի քարոզութեանը նուիրուենք»: 5 Այս խօսքը հաճելի թուաց բոլոր հաւատացեալներին. եւ ընտրեցին Ստեփանոսին, որ հաւատով եւ Սուրբ Հոգով լցուած մի մարդ էր, եւ Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորային, Տիմոնային, Պարմենային, Նիկողայոսին, որ անտիոքցի մի նորադարձ էր. 6 նրանց կանգնեցրին առաքեալների առաջ եւ, աղօթք անելով, նրանց վրայ ձեռք դրեցին: 7 Եւ Աստծու խօսքը աճում էր, ու աշակերտների թիւը Երուսաղէմում մեծապէս շատանում էր: Եւ քահանաներից շատեր հնազանդւում էին հաւատին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․