Գրքեր

Գործք 16.6-40

6 Շրջեցին Փռիւգիայում եւ Գաղատիայի կողմերում՝ Սուրբ Հոգուց արգելուելով, որ Ասիայի նահանգում խօսքը չքարոզեն: 7 Բայց երբ Միւսիայի մօտերքը եկան, փորձում էին Բիւթանիա գնալ, սակայն Յիսուսի Հոգին նրանց թոյլ չտուեց: 8 Ուստի, Միւսիայի միջով անցնելով, Տրովադա իջան: 9 Գիշերը Պօղոսին մի տեսիլք երեւաց. մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Մակեդոնիա անցիր եւ օգնի՛ր մեզ»: 10 Եւ երբ նա այդ տեսիլքը տեսաւ, իսկոյն ուզեցինք առաջ գնալ դէպի Մակեդոնիա՝ հետեւութիւն անելով, որ Տէրը մեզ հրաւիրեց, որ նրանց աւետարանենք: 11 Տրովադայից դուրս գալով՝ ուղիղ գնացինք դէպի Սամոթրակէ եւ յաջորդ օրը՝ Նոր քաղաք. 12 այնտեղից էլ՝ Փիլիպպէ, որ Մակեդոնիայի առաջին գաւառի մէկ քաղաքն էր՝ Կողովնիա: Այնտեղ քաղաքում մի քանի օր մնացինք: 13 Շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դէպի գետափ, ուր հրեաները սովոր էին աղօթք անել: Եւ նստած խօսում էինք հաւաքուած կանանց հետ: 14 Եւ Լիդիա անունով աստուածավախ մի կին, որ Թիւատիր քաղաքից էր եւ ծիրանի զգեստներ վաճառող, լսում էր. եւ նրա սիրտը Տէրն ինքն էր բացել՝ անսալու Պօղոսի խօսքերին: 15 Եւ երբ որ մկրտուեցին ինքը եւ իր տունը, նա աղաչեց եւ ասաց. «Եթէ ինձ Տիրոջ հաւատացող էք համարում, իմ տո՛ւնը մտէք եւ օթեւանեցէ՛ք»: Եւ ստիպելով՝ մեզ տարաւ: 16 Եւ մինչ մենք աղօթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ՝ չար ոգի էր բռնել. սա գուշակութիւններով իր տէրերին մեծ օգուտ էր տալիս: 17 Նա, Պօղոսի եւ մեր յետեւից ընկած, աղաղակում էր ու ասում. «Այս մարդիկ Բարձրեալ Աստծոյ ծառաներն են, որ ձեզ պատմում են փրկութեան ճանապարհները»: 18 Եւ շատ օրեր էր անում այդ բանը: Պօղոսը զայրանալով դարձաւ եւ չար ոգուն ասաց. «Յիսուս Քրիստոսի անունով հրամայում եմ քեզ, որ նրա միջից դուրս ելնես»: Եւ նոյն ժամին չար ոգին ելաւ: 19 Երբ նրա տէրերը տեսան, որ իրենց շահի աղբիւրը կտրուեց, Պօղոսին եւ Շիղային բռնելով՝ քաշեցին դէպի հրապարակը՝ իշխանաւորների առաջ, 20 եւ նրանց բերելով զօրագլուխների մօտ՝ ասացին. «Այս մարդիկ մեր քաղաքները խռովում են. իրենք հրեաներ են 21 եւ մեզ քարոզում են օրէնքներ, որ օրինաւոր չէ մեզ համար ո՛չ ընդունել եւ ո՛չ էլ գործադրել, քանի որ հռոմէացիներ ենք»: 22 Եւ ամբոխը թափուեց նրանց վրայ. զօրագլուխները պատռեցին նրանց զգեստները եւ հրամայեցին նրանց գանահարել: 23 Եւ նրանց շատ վէրքեր հասցնելուց յետոյ բանտարկեցին ու բանտապետին պատուիրեցին, որ նրանց զգուշութեամբ պահի: 24 Սա, այսպիսի հրաման ստանալով, նետեց նրանց ներսի բանտը եւ նրանց ոտքերը կոճղի մէջ ամրացրեց: 25 Եւ գիշերուայ կէսին Պօղոսն ու Շիղան աղօթում էին եւ օրհնում Աստծուն: Կալանաւորները նրանց ականջ էին դնում: 26 Եւ յանկարծակի մեծ ցնցում եղաւ, այնպէս որ բանտի հիմքերը շարժուեցին, եւ իսկոյն բոլոր դռները բացուեցին, ու բոլորի կապանքները քանդուեցին: 27 Երբ բանտապետն արթնացաւ եւ բանտի դռները բացուած տեսաւ, սուրը քաշեց եւ ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, որ բանտարկեալները փախել են: 28 Բայց Պօղոսը բարձր ձայնով կանչեց ու ասաց. «Դու քեզ վնաս մի՛ հասցրու, քանի որ բոլորս այստեղ ենք»: 29 Նա լոյս խնդրեց ու ներս խուժեց. եւ զարհուրած ընկաւ Պօղոսի եւ Շիղայի առաջ. 30 եւ նրանց դուրս բերելով՝ ասաց. «Տիա՛րք իմ, ես ի՞նչ պէտք է անեմ, որ փրկուեմ»: 31 Եւ նրանք ասացին. «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսին, եւ կփրկուեք դու եւ քո ամբողջ տունը»: 32 Եւ նրան ու բոլոր նրանց, որ նրա տանն էին, քարոզեցին Տիրոջ խօսքը: 33 Եւ գիշերուայ նոյն ժամին տարաւ նրանց, վէրքերը լուաց, եւ ինքն ու իւրայինները բոլորն էլ անմիջապէս մկրտուեցին: 34 Եւ նրանց բերելով իր տունը՝ նրանց առաջ սեղան դրեց. եւ իր ամբողջ տնով ուրախացաւ Աստծուն հաւատացած լինելու համար: 35 Երբ առաւօտ եղաւ, զօրագլուխները պատուիրակ ուղարկեցին ու ասացին. «Արձակի՛ր այդ մարդկանց»: 36 Եւ բանտապետը Պօղոսին տեղեկացրեց այս խօսքերը. «Զօրագլուխները մարդ են ուղարկել, որ ազատ արձակուէք: Ուստի դո՛ւրս եկէք ու գնացէ՛ք խաղաղութեամբ»: 37 Իսկ Պօղոսը նրանց ասաց. «Հրապարակաւ գանահարեցին մեզ՝ հռոմէացի անմեղ մարդկանց, եւ բանտ դրեցին ու հիմա թաքուն-թաքո՞ւն են մեզ դուրս անում. ո՛չ, այդպէս չի լինի. այլ հէնց իրենք թող գան եւ դուրս հանեն մեզ»: 38 Եւ պատուիրակներն այս խօսքերը տեղեկացրին զօրագլուխներին, որոնք երբ լսեցին, թէ հռոմէացիներ են, զարհուրեցին ու եկան աղաչեցին նրանց: 39 Եւ երբ նրանց դուրս հանեցին, խնդրեցին նրանց, որ իրենց քաղաքից գնան: 40 Եւ նրանք, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մօտ եւ եղբայրներին տեսնելով՝ մխիթարեցին նրանց ու մեկնեցին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․