19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Հեսու 3:14-4:18

3:14 Երբ ժողովուրդը Յորդանան գետն անցնելու համար դուրս ելաւ վրաններից, քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը եւ տարան ամբողջ ժողովրդի առաջից: 15 Երբ ուխտի տապանակը կրող քահանաները մտնում էին Յորդանան գետը, եւ տապանակը կրող քահանաների ոտքերը խրուեցին Յորդանան գետի ջրի մէջ – մինչ Յորդանան գետը գալիս էր ափէափ լցուած, ինչպէս ցորենի հնձի օրերին – 16 վերեւից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձոյլ, անջրպետուած, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտէս քաղաքից, որը Կարիաթարիմի մասն է. իսկ ցած իջնող ջրերը թափուեցին Արաբացիների ծովը՝ Աղի ծովը, մինչեւ որ իսպառ կտրուեցին, եւ ժողովուրդն արդէն կանգնած էր Երիքովի դիմաց: 17 Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները հաստատ կանգնեցին Յորդանան գետի հունի մէջ՝ ցամաքի վրայ: Եւ բոլոր իսրայէլացիներն անցան ցամաքով, մինչեւ որ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը:

4:1 Երբ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը, Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. 2 «Ա՛ռ դու ժողովրդից տասներկու մարդ՝ ամէն ցեղից մի մարդ, 3 հրամա՛ն տուր նրանց ու ասա՛. “Այդտեղից՝ Յորդանան գետի միջից, հաստատ կանգնած քահանաների ոտնատեղերից տասներկու քարեր առէ՛ք, տարէ՛ք ձեզ հետ եւ դրէ՛ք ձեր այն բանակատեղիում, որտեղ իջեւանելու էք այս գիշեր”»: 4 Եւ Յեսուն տասներկու փառաւոր իսրայէլացիներ կանչեց՝ իւրաքանչիւր ցեղից մէկ մարդ, 5 եւ նրանց ասաց. «Իմ աչքի առաջ մօտեցէ՛ք Տիրոջը յանդիման՝ Յորդանան գետի մէջտեղում, եւ ամէն մէկդ այնտեղից Իսրայէլի ցեղերի թուի համեմատ մի քար վերցրէ՛ք ձեր ուսերին, 6 որպէսզի դրանք ձեզ համար միշտ նշան լինեն: Երբ վաղը ձեր որդիները ձեզ հարցնեն եւ ասեն՝ “Ի՞նչ են նշանակում այս քարերը ձեզ համար”, 7 դուք ձեր որդիներին կպատմէք եւ կասէք, թէ՝ “Յորդանան գետի ջրերը կտրուեցին ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակի առջեւ, երբ այն անցնում էր Յորդանան գետով. Յորդանան գետի ջուրը կտրուեց”: Այս քարերը յաւիտեան յիշատակ թող լինեն իսրայէլացիների մէջ»: 8 Եւ իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս Տէրը պատուիրեց Յեսուին: Առնելով տասներկու քարեր Յորդանան գետի միջից, ինչպէս Տէրը հրամայել էր Յեսուին իսրայէլացիների անցնելուց յետոյ, դրանք իրենց հետ տարան բանակատեղի եւ դրեցին այնտեղ: 9 Յեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Յորդանան գետի մէջ՝ այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները. եւ մինչեւ այսօր դրանք այնտեղ են: 10 Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները կանգնեցին Յորդանան գետի մէջտեղում, մինչեւ որ Յեսուն աւարտեց հաղորդել այն ամէնը, որ Տէրը Յեսուին պատուիրել էր ժողովրդին ասելու, ճիշտ այնպէս, ինչպէս Մովսէսը պատուիրել էր Յեսուին: Եւ ժողովուրդը շտապեց ու անցաւ գետը: 11 Երբ ամբողջ ժողովուրդն անցաւ, Տիրոջ ուխտի տապանակն ու տասներկու քարերը տանողները անցան ժողովրդի առաջ: 12 Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը սպառազինուած անցան իսրայէլացիների գլուխը, ինչպէս պատուիրել էր նրանց Մովսէսը: 13 Կռուի պատրաստ քառասուն հազար սպառազինեալներ անցան Տիրոջ առջեւ՝ պատերազմելու Երիքով քաղաքի դէմ: 14 Այդ օրը Տէրը մեծարեց Յեսուին Իսրայէլի ամբողջ ազգի առաջ. նրանից վախենում էին, ինչպէս որ վախենում էին Մովսէսից նրա կենդանութեան բոլոր օրերին: 15 Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. 16 «Հրամա՛ն տուր վկայութեան ուխտի տապանակը տանող քահանաներին, որ դուրս գան Յորդանան գետից»: 17 Եւ Յեսուն հրաման տուեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկէք Յորդանան գետից»: 18 Երբ Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները դուրս եկան Յորդանան գետի միջից, եւ քահանաները ոտք դրեցին ցամաքի վրայ, Յորդանան գետի ջուրը յետ իր տեղը դարձաւ եւ հոսեց իր ամբողջ հունով, ինչպէս երէկ եւ նախորդ օրը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․