19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ա Կորնթացիներ 2.12-3.10

2.12 Ուրեմն, մենք ոչ թէ այս աշխարհի հոգին առանք, այլ՝ այն Հոգին, որ Աստծուց է, որպէսզի ճանաչենք այն, որ Աստծուց շնորհուեց մեզ: 13 Եւ ինչ որ յայտնում ենք, ոչ թէ ճարտար խօսքերի մարդկային ուսուցումով է, այլ՝ Հոգու վարդապետութեամբ. հոգեւոր բաները հոգեւոր խօսքերով ենք բացատրում. 14 քանզի ոչ հոգեւոր մարդը Աստծոյ Հոգուց եկած ճշմարտութիւնները չի ընդունում, որովհետեւ այդ յիմարութիւն է նրա համար. եւ չի կարող հասկանալ, քանզի հոգեւոր կերպով են քննւում դրանք: 15 Իսկ հոգեւոր մարդը քննում է ամէն ինչ. եւ ինքը ոչ ոքից չի քննւում: 16 Իսկ արդ, ո՞վ իմացաւ Տիրոջ մտածումը, որ խորհուրդ տայ նրան. բայց մենք Քրիստոսի միտքն ունենք:

3.1 Եւ ես, եղբայրնե՛ր, չկարողացայ խօսել ձեզ հետ՝ իբրեւ հոգեւորների հետ, այլ խօսեցի իբրեւ մարմնաւորների հետ: 2 Իբրեւ մանուկներ ի Քրիստոս՝ կաթ տուեցի ձեզ եւ ոչ՝ կերակուր, քանի որ դեռ կարող էլ չէիք. եւ հիմա էլ կարող չէք, քանզի դեռ մարմնաւոր էք: 3 Հիմա էլ ձեր մէջ կան կռիւ եւ նախանձ. չէ՞ որ մարմնաւոր էք եւ մարդկայնօրէն էք ընթանում: 4 Երբ ձեզնից մէկն ասում է՝ ես Պօղոսեան եմ, եւ միւսը թէ՝ ես՝ Ապողոսեան, մարմնաւոր մարդիկ չէ՞ք: Իսկ արդ, ո՞վ է Պօղոսը, կամ ո՞վ է Ապողոսը. պաշտօնեաներ, որոնցով հաւատացիք. եւ իւրաքանչիւրն այն է, ինչ որ Տէրը տուեց նրան: 6 Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուեց, բայց Աստուած աճեցրեց: 7 Այնպէս որ, մի բան չէ նա, ով տնկեց, ոչ էլ մի բան է նա, ով ջուր տուեց, այլ՝ նա, ով աճեցրեց՝ Աստուած: 8 Ով որ տնկեց եւ ով որ ջուր տուեց, մի են, բայց իւրաքանչիւր ոք իր վարձը կստանայ՝ ըստ իր վաստակի. 9 որովհետեւ Աստծուն գործակից ենք. Աստծոյ այգին էք, Աստծոյ կառոյցն էք: 10 Որպէս իմաստուն ճարտարապետ՝ հիմքը դրեցի ըստ Աստծոյ այն շնորհի, որ տրուած է ինձ. բայց ուրիշն է, որ կառուցում է.

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․