Գրքեր

Գ Թագավորություններ 2.1-11

1 Երբ մօտեցան Դաւթի մահուան օրերը, նա, դիմելով իր որդի Սողոմոնին, ասաց. 2 «Ըստ այս աշխարհի կարգի, ես անցայ իմ կեանքի ճամփան: Դու զօրացի՛ր, տղամարդ եղի՛ր, 3 պահի՛ր քո Տէր Աստծոյ հրամանները՝ գնա՛ նրա ճանապարհով, պահի՛ր նրա պատուիրանները, նրա օրէնքները, նրա հրամաններն ու նրա վկայութիւնները ըստ Մովսէսի օրէնքների գրքի, որ ինչ էլ անես, նկատի ունենաս այն ամէնը, որ պատուիրել եմ քեզ: 4 Եւ Տէրը կիրագործի իր խօսքը, որ ասաց իմ մասին, թէ՝ “Եթէ քո որդիները հաստատ պահեն իրենց ընթացքը եւ իրենց ամբողջ սրտով ու հոգով հաւատարմութեամբ գնան իմ առջեւից, ապա մարդ չի պակասի Իսրայէլի գահի վրայից”: 5 Դու ինքդ գիտես, թէ ինչ է արել ինձ Շարուհիի որդի Յովաբը, ինչ է արել Իսրայէլի երկու զօրապետներին՝ Ներէի որդի Աբեններին եւ Հեթերի որդի Ամեսայիին: Նա սպանեց նրանց, խաղաղ ժամանակ պատերազմի ժամանակուայ պէս արիւն թափեց, իր կեանքում անպարտ արիւն թափեց՝ ներկելով իր մէջքն ու կօշիկները: 6 Գործի՛ր ըստ քո իմաստութեան եւ նրա ալեւոր մազերը խաղաղութեամբ մի՛ իջեցրու դժոխք: 7 Գաղաադացի Բերզելիի որդիներին ողորմութի՛ւն արա, նրանք թող քո սեղանից ուտողների հետ լինեն, որովհետեւ նրանք ինձ աջակից եղան, երբ ես փախչում էի քո եղբայր Աբեսաղոմից: 8 Ահա քեզ հետ է բաւուրիմացի Յեմինի որդի Գերայի որդի Սեմէին: Սա ինձ ծանր անէծքներով անիծել է այն օրը, երբ գնում էի իմ բանակատեղին: Նա Յորդանան գետի ափին ինձ ընդառաջ եկաւ, եւ ես, Տիրոջ անունով երդուելով, նրան ասացի. “Քեզ սրով չեմ սպանի”: 9 Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թէ ինչ պէտք է անես նրա ալեւոր մազերն արեամբ դժոխք իջեցնելու համար»: 10 Եւ Դաւիթը գնաց իր նախնիների գիրկը: Նա թաղուեց Դաւթի քաղաքում: 11 Դաւիթն Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի. Քեբրոնում թագաւորել էր եօթ տարի, իսկ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․