Գրքեր

Ա Տիմոթեոս 2.8-3.13

2.8 Ուզում եմ, որ տղամարդիկ աղօթեն ամէն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դէպի վեր՝ առանց բարկութեան եւ երկմտութեան: 9 Նոյնպէս եւ կանայք համեստ զարդարանքով, ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ թող զարդարուեն. ոչ թէ՝ մարգարտով ընդելուզուած ոսկեայ հիւսքերով կամ պճնազարդ զգեստներով, 10 այլ՝ բարի գործերով, ինչպէս վայել է աստուածապաշտութիւնը յանձն առած կանանց: 11 Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ: 12 Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ. 13 որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց, եւ ապա՝ Եւան: 14 Եւ Ադա՛մը չխաբուեց, այլ կի՛նը խաբուեց եւ յանցանք գործեց: 15 Բայց նա պիտի ապրի որդեծնութեան համար, եթէ պարկեշտութեամբ մնայ հաւատի, սիրոյ եւ սրբութեան մէջ:

3.1 Հաւաստի է այս խօսքը, թէ՝ ով եպիսկոպոսութեան է ձգտում, ձգտում է բարի գործի: 2 Եպիսկոպոսը պէտք է անարատ լինի, մէկ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, ուսուցանելու ընդունակ, 3 ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռուազան, ոչ փողասէր, այլ՝ այնպիսին, 4 որ իր իսկ տանը լաւ վերակացու լինի, ունենայ որդիներ, որոնք հնազանդութեան մէջ լինեն կատարեալ պարկեշտութեամբ 5 (իսկ եթէ մէկն իր տունը կառավարել չիմանայ, հապա ինչպէ՞ս Աստծոյ եկեղեցուն խնամակալ կլինի), 6 ոչ նորադարձ, որպէսզի գոռոզանալով՝ սատանային վիճակուած դատապարտութեան մէջ չընկնի. 7 այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաեւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ սատանայի որոգայթների մէջ: 8 Նմանապէս եւ սարկաւագները թող լինեն պարկեշտ, ոչ երկդիմի խօսող, ոչ գինեսէր, ոչ շահամոլ, 9 այլ թող պահեն հաւատի խորհուրդը մաքուր խղճով: 10 Նախ իրենք թող փորձի ենթարկուեն, եւ եթէ անմեղադրելի գտնուեն, ապա պաշտօն կատարեն: 11 Նոյնպէս եւ նրանց կանայք թող լինեն պարկեշտ, ոչ չարախօս, հեզ, հաւատարիմ ամէն ինչում: 12 Սարկաւագները թող մէկ կնոջ մարդ լինեն, իրենց որդիներին եւ իրենց տները լաւ կառավարեն, 13 որովհետեւ այն սարկաւագները, որ լաւ են ծառայում, իրենց համար շահում են բարի աստիճան եւ մեծ համարձակութիւն կունենան ի Քրիստոս Յիսուս իրենց ունեցած հաւատի մէջ:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․