Գրքեր
19 Հունվար, Եշ Սուրբ Թեոդոս թագավորի և Եփեսոսի մանուկների հիշատակության օր

Սուրբ Թեոդոս թագավոր

Ըստ մեր շարականների բացատրության, որ երգվում են ի պատիվ թագավորների, Թեոդոս կայսրը մեկ այլ «մեծ թագավոր» է. ինքը նույնպես արդարացիորեն և իրավացիորեն արդարացնում է իրեն տրված «Մեծ» տիտղոսը: Կոստանդիանոսից հետո երկրորդ ամենակարող կայսրն էր, որին նույնպես շատ բան է պարտական ուղղափառ քրիստոնեությունը: Մեկը, որ կայսրության տարածքում գրեթե ջնջեց հեթանոսության հետքերը և վերջ տվեց արիոսականությանը ու քրիստոնեությունը պետական կայսրության պաշտոնական կրոն հռչակեց: Իսկ աշխարհիկ պատմության մեջ նա մի հզոր զորավար էր, որը գոթերի, վանդալների, հոների և այլ բարբարոս ցեղերի արշավանքներին վերջ դրեց: Հռոմեական կայսրությունը, վերջին անգամ, նրա իշխանության վերջին տարիներին, մեկ գավազանի տակ միավորվեց:

Ծնվել է Իսպանիայում, 346 թ.-ին: Իր հայրը հռոմեական բանակի մի զորավար էր, որին ինքն էլ հետևեց և բարբարոսների դեմ իր վարած կռիվներով մեծապես հայտնի դարձավ: Հոր դավադրական մահից հետո, Թեոդոսն Իսպանիայի իրենց ընտանեկան կալվածքներում առանձնանում է: Երբ Արևելքի կայսրը՝ Վաղեսը, մահացավ, Արևմուտքի կայսր Կրատիանոսը, 379 թ.-ին, Թեոդոսին նշանակում է նրա փոխարեն: Թեև Թեոդոսի հայրը և մայրը ուղղափառ քրիստոնյաներ էին և ինքն էլ քրիստոնեական դաստիարակություն էր ստացել, բայց տակավին չէր կնքվել: Նույն թվականին, Սալոնիկում, ծանր հիվանդության ժամանակ մկրտվեց: Որին հաջորդող գրեթե 15 տարիներին իր գործունեությանը մեծամասամբ կենտրոնացրել էր Ուղղափառության ամրապնդելուն և արիոսականության իսպառ վերացնելու աշխատանքներին: 381 թ.-ին գումարեց Կ. Պոլսի տիեզերական ժողովը, որով արիոսականության վերջակետը և Ուղղափառության վերջնական հաղթանակը եղավ: 390-ական թվականներին Սալոնիկում ծագած մի ըմբոստություն ճնշելու ժամանակ, Թեոդոսը մի պահ մոռացավ իր Մեծությունը և 7000 քաղաքացիների սպանել տվեց: Երբ եկավ Միլան և փորձեց եկեղեցի մտնել, այնտեղի եպիսկոպոսը և իր ընկեր Ամբրոսիոսը այս ոճիրի պատճառով արգելեցին նրան մուտք գործել եկեղեցի: Թեոդոսը խոնարհվեց և ընդունեց Ամբրոսիոսի կողմից նշանակված ութամսյա ապաշխարության շրջանը: Մահացավ 395 թ.ին, իր հետևից արդար և հզոր կառավարիչի անուն թողնելով:

Հայերս հիշատակում ենք Ութօրեքից հետո, բայց երբ տարեգիրը Ա-Ը է լինում նրա հիշատակությունը փոխադրվում է Վարդավառից հետո:

Ծանոթ. Հույները նաև տոնում են Թեոդոս Բ, կամ «Փոքր» կոչված կայսրի (408-450) հիշատակը: Մենք չենք տոնում նրան, բայց Պատարագի ժամանակ «սուրբ թագավորների» բաժնի մեջ հիշատակվող «Թեոդոսները» սրա ակնարկությունն է:

 

Եփեսոսի մանուկներ

Սուրբերի վկայաբանության մեջ այս երիտասարդների վարքը բացառիկ տեղ ունի, քանի որ տարբերվում է մյուսներից:

Այս յոթ երիտասարդ զինվորները Եփեսոսում Դեկոս (249-251) հալածիչ կայսեր օրերին ապրող յոթ բարձրաստիճան ընտանիքների զավակներ էին: Սրանք գաղտնի կերպով քրիստոնյա էին դարձել, սակայն երբ դա հայտնի դարձավ՝ կայսերական ատյան տարվեցին, որպեսզի կուռքերին զոհ մատուցեն: Երիտասարդները մերժեցին, որի պատճառով իրենց զինվորական պատիվներից զրկվեցին, ապտակվեցին, անարգվեցին և գանակոծվեցին: Կայսրը, ստիպված լինելով քաղաքից հեռանալ, հրամայում է նրանց իրենց տներն ուղարկել, հուսալով, որ կզղջան և իրենց ծնողների ազդեցությամբ դարձի կգան: Ատյանից դուրս գալով երիտասարդները որոշում են իրենց տները չվերադառնալ, այլ քաղաքի մոտակայքում գտնվող քարայրում ապաստանել և ճգնողական կյանք վարել:

Կայսրը, վերադառնալով, հետաքրքրվում է նրանցով և երբ տեղեկանում է, որ անհետացել են՝ հրամայում է, որ ամեն տեղ փնտրեն նրանց: Վերջ ի վերջո նրանց գտնում են իրենց ապաստանած քարայրում, նրանք, նախընտրելով մահանալ, չեն ցանկանում այնտեղից դուրս գալ; Այդ ժամանակ կայսրը, խնայելով նրանց բարձրաստիճան  ծնողներին, չարաչար և անարգալից մահվան չի դատապարտում նրանց, այլ հրամայում է, որ հյուսեն այրի մուտքը և թողնեն որպեսզի սովից և օդի պակասութունից մահանան: Երիտասարդները խորը քուն են  մտնում: Անցնում են տարիներ, ժամանակները փոխվում են: Քրիստոնեությունը հաղթանակում է և պետական կրոն դառնում; Թեոդոս Մեծ կայսեր օրերին՝ 389 թ.-ին, այս քարայրի մոտակայքում գտնվող կալվածատերերից մեկը հրամայում է, որ քանդեն քարայրի մուտքը, որպեսզի այն իր ոչխարների համար որպես փարախ ծառայի: Հաջորդ առավոտյան արթնանում են քուն մտած երիտասարդները այնպես, կարծես թե երեկ էին քուն մտել, այնինչ 140 տարի էր անցել նրանց քնելուց ի վեր: Իրենցից մեկին քաղաք են ուղարկում՝ հաց առնելու: Դուրս եկողը, տեսնելով, որ ամեն ինչ իր շուրջը փոխված է, առաջին իսկ պատահած մարդուն հարցնում է, թե արդո՞ք այդ քաղաքը Եփեսոս քաղաքն է, թե ինչ որ տեսիլք է: Թեև դրական պատասխան է ստանում, սակայն ինքն իրեն ավելի տեսիլքի, կամ հրաշքի հանդիպած է համարում, վերջ ի վերջո, երբ հացթուխին դրամ է տալիս, վերջինս, զարմանալով, չի ցանկանում վերցնել այն, քանի որ գործածությունից դուրս էր: Այստեղից սկիզբ է առնում կծիկի քանդվելը՝ տարվում է կուսակալի և քաղաքի եպիսկոպոսի մոտ, որոնց պատմում է, որ ինքն իր ընկերների հետ, Դեկոսի հալածանքներից խուսափելու համար, լեռներում են պատսպարվել, և որպես իր ասածի ապացույց նրանց առաջարկում է գնալ և մյուս ընկերներին էլ տեսնել:

Այս արտասովոր դեպքի լուրը ոչ միայն տարածվում է ամբողջ քաղաքով մեկ, այլև այդ օրերի քրիստոնյա կայսեր ականջն է ընկնում, որը եղելությունը ստուգելու համար անձամբ Եփեսոս է գալիս, և ամեն մեկը կատարված հրաշքի համար փառավորում էր Աստծուն՝ այս դեպքը համարելով ընդհանրական փրկության մի մանրակերտը և իրականությունը հաստատող անժխտելի փաստը: Յոթ երիտասարդները նույնպես փառաբանում էին Աստծուն, որ նա իրենց արժանացրեց մարմնական աչքերով հալածված քրիստոնեության հաղթանակը տեսնելուն: Այնուհետև քաղաքի եպիսկոպոսի օրհնությունն են խնդրում և քարայրում իրենց առանձնական կյանքը շարունակելու արտոնություն են խնդրում և աղաչում, քանի որ, թեև բոլորի կողմից հարգված և սիրված էին, բայց իրենք իրենց բոլորովին օտար էին զգում այս նոր իրականության մեջ: Եվ հազիվ էին հասել իրենց քարայրը, երբ կրկին քուն են մտնում և ավանդում իրենց հոգիները: Այնտեղ էլ թաղվում են և մի փառավոր եկեղեցի է կառուցվում այդ այրի վրա: Երիտասարդների անուններն են՝ Մաքսիմիանոս, Մարտիանոս, Ամղիքոս, Դիոնեսիոս, Կոստանդիանոս, Անտոնիոս և Հովհաննես:

Տոնում ենք Թեոդոս Կայսեր հետ:

 

«Համաքրիստոնեական Սուրբեր», Շնորհք արքեպսԳալուստյան, «ԳԱՆՁԱՍԱՐ» մատենաշարԵրևան1997 

Արևելահայերենի փոխադրեց՝ Վաչագան սրկԴոխոլյանը

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․