Գրքեր

Պատկերագրություն

Մեր հոգևոր ժառանգության կարևոր մաս է կազմում և քրիստոնեական եկեղեցու աստվածպաշտական համակարգում կարևոր դեր կատարում եկեղեցական կերպարվեստը: Ամենայն բարին ու լուսավորը, ազնիվն ու սքանչելին, որ արարվում և ներգոյանում են հոգևոր անձանց մեջ` աստվածահաճ կյանք վարելու ընթացքում, իրենց բազմաբնույթ արտահայտությունն են ստանում եկեղեցական արվեստում՝ դառնալով նրա հարստությունն ու զարդը: Եկեղեցական կերպարվեստի կարևորագույն խնդիրներից մեկը վերաբերում է պատկերին:

 

Հայաստանում քրիստոնեության ընդունման առաջին տարիներից ի վեր կառուցվել են բազմաթիվ մատուռներ և եկեղեցիներ: Եկեղեցու ծեսին և պաշտամունքին զուգահեռ զարգացել է նաև հոգևոր արվեստը, մասնավորապես՝ նկարչությունը:

Քրիստոնեական պաշտամունքի խորհրդաբանության համաձայն նորաբաց եկեղեցիները հարդարվում էին պատկերներով:

Քրիստոնեության առաջին տարիներից սկսած Հայ եկեղեցին ընդունել է սրբապատկերը՝ որպես ծիսակարգի անհրաժեշտ գործոն:

Եկեղեցու հայրերը ժամանակին տեսականորեն հիմնավորել են պատկերների գոյության անհրաժեշտությունը: Քրիստոնեական թեմաներով պատկերները հոգևոր ներգործության դեր ունեն, որոնք օգնում են «զգայականի միջոցով դեպի հոգևորը բարձրանալուն» (Դիոնիսիոս Արիսպագացի), միաժամանակ ունեն պատմողական, տեղեկատվական նշանակություն: Ինչպես նշում է Հովհաննես Դամասկացին. «Պատկերն անգրագետի համար նույնն է, ինչ որ գիրքը՝ գրագետի համար»:

Վրթանես Քերթողը «Յաղագս պատկերամարտից» երկում ընդգծում է պատկերների կարևորությունը՝ շեշտելով պատկերների կատարած և՛ ճանաչողական ու զգայական, և՛ հոգևոր՝ աստվածպաշտական դերը: Հեղինակը գրում է. «Աստծո եկեղեցիներում նկարված ենք տեսնում Քրիստոսի կատարած բոլոր սքանչելագործությունները, ինչպես Գրքերում է գրված… ծնունդը, մկրտությունը, չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը և երկինք համբառնալը: Եկեղեցիներում նկարում են այս բոլորը, ինչ որ Սուրբ Գիրքն է պատմում: Գրքերից միայն ականջներն են լսում, իսկ պատկերները աչքերով տեսնում են, ականջներով լսում և սրտով հավատում»:

Կրոնական արվեստը, ըստ իր պաշտամունքային նշանակության, ենթադրում է արվեստագետի պատասխանատու և երկյուղած խորհրդազգացություն: Անհնար է առանց ներքին հոգևոր կյանք ունենալու ստեղծել ճշմարիտ կրոնական արվեստ և մնայուն հոգևոր արժեքներ, որոնք ոչ միայն արտաքնապես ծառայեն իրենց առարկայական-ծիսական նպատակին, այլև հաղորդակցության միջոց հանդիսանան իմանալի աշխարհի խորհուրդների հետ՝ որպես գործուն նշանակներ և խորհրդակիր պատկերներ: Բոլոր կրոնական պատկերներն ու ծիսական պարագաներն, անմիջականորեն առնչվելով Աստծո խոսքի հետ, պետք է ամբողջապես համահունչ լինեն նրան, ուստի և՝ ամենից առաջ կրեն այդ խոսքի ներգործությունը՝ նրա արդյունքն ու արգասիքը դառնալով: Կրոնական պատկերները եկեղեցու կյանքում սրբագործված սրտի բարի գանձերից բխած կերպավորված խոսքն են՝ տրված ընտիր անոթների միջոցով: Դրանք կրոնական միջավայրում անհրաժեշտ կրթողական ազդակներ են, որոնք օգնում են նիւթական կերպարանօք համբառնալ առ աննիւթն («Լուծմունք Դիոնեսիոսի ի Դաւթէ եւ Յակոբայ», ՄՄ, ձեռ. 55)

Հայ իրականության մեջ ձեռագիր մատյանների նկարազարդման գեղագիտական ըմբռնումները, գույնի և պատկերի խորհրդաբանությունը և ընդհանրապես կերպարվեստի խնդիրներն արծարծվել են դեռևս 8-12-րդ դարերում ստեղծված մեր եկեղեցու հայրերի երկասիրությունների մեջ:

Քրիստոնեական արվեստի պատկերագրության ձևավորման շրջանի առանձնահատկությունները և զարգացման ընթացքը յուրահատուկ ձևով արտահայտվում են հայ միջնադարյան արվեստում՝ սկսած վաղ շրջանից ընդհուպ մինչև 19-րդ դարի առաջին կեսը: Միջնադարում առավել հաճախ պատկերազարդվել են Ավետարանները, ապա՝ Աստվածաշունչ, Շարակնոց, Ճաշոց, Մաշտոց մատյանները, սակավադեպ՝ պատմագրքերն ու մյուս ձեռագրերը: Միջնադարյան արվեստագետի համար պատկերը ոչ թե նպատակ էր, այլ՝ միջոց, որով պետք է վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում: Ձեռագրերը հարդարվում էին ոչ միայն Տերունական պատկերներով, այլև ըստ ամենայնի զարդանկարվում, որպեսզի ընթերցողին հրավիրեն դեպի «քառավտակ, ծաղկավետ ու բերկրալի երկիր», այն է՝ Քրիստոսի Սուրբ Ավետարանը: Միջնադարյան նկարիչներն ու ծաղկողները մեծ մասամբ վանականներ էին, որոնք լիովին տիրապետում էին ոչ միայն պատկերազարդման արվեստին, այլև քաջատեղյակ էին Հին և Նոր կտակարաններին, Հայ եկեղեցու դավանաբանությանն ու սրբազան ավանդությանը:

Հայկական սրբանկարչության առանձնահատկությունները քննելով՝ պարզաբանվում են այն էական հատկանիշները, որոնք կապված են մեր եկեղեցու դավանաբանության, վարդապետության, ավանդության և հայ քրիստոնեական արվեստի զարգացման օրինաչափությունների հետ, ներկայացվում են գեղարվեստական տարբեր դպրոցների և ոճական ուղղությունների, առանձին վարպետների ստեղծագործական անհատականության հետ կապված հարցերը:

Քրիստոնեական արվեստի պատկերները ներառում են ինչպես աստվածաշնչյան թեմաներով տեսարաններ, այնպես էլ սիմվոլիկ, այլաբանական բովանդակության իրերի, առարկաների, բույսերի, կենդանիների պատկերներ:

Պատկերագրության բաժնի նպատակն է ներկայացնել քրիստոնեական պատկերներ՝ ընդհանուր պատկերացում տալով դրանց պատկերագրության և խորհրդաբանության մասին: Խորհրդաբանական վերլուծության համար հիմք են ծառայել մեր եկեղեցու սուրբ հայրերի մեկնությունները: Յուրաքանչյուր թեմայի պատկերագրական զարգացումն ավելի ամբողջական ներակայացվելու համար օգտագործված են հայ և համաքրիստոնեական կերպարվեստի այլ նմուշներ:

Օգտագործված գրականության ցանկ՝

  1. Քնարիկ Ավետիսյան, «Աստվածածնի պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում», Երևան, 2015թ.
  2. Հրավարդ Հակոբյան, «Հայոց Տերունական սրբապատկերները», Երևան, 2003թ.
  3. Տիգրան Խաչատրյան, «Հոգևոր պատկերըմբռնողությունը և կանոնի նշանակությունը եկեղեցական կերպարվեստում»
  4. «Ավետարանական պատկերներ», Երևան, 1993թ.:
«Ղազարոսի հարությունը». պատկեր և խորհուրդ
Քրիստոս Իր երեքամյա քարոզչության ընթացքում հարություն տվեց երեք հոգու, որից մեկը չորսօրյա մահացած Ղազարոսն էր: Այս մասին գրում է միայն Հովհաննես ավետարանիչը (Հովհ. 11:1-46): Վերջինս, անդրադառնալով այս իրողությանը, մանրամասն պատմում է, թե երբ Հիսուս Բեթանիայում էր, լսում է, որ Իր հետևորդներից Մարիամի և Մարթայի եղբայր Ղազարոսը, հիվանդացել և մահացել է: Քրիստոս գնում է գերեզման՝ պատվիրելով մի կողմ տանել այն ծածկող քարը և երբ ասում է. «Ղազարո՛ս, .....
«Երկրորդ գալստյան» պատկերագրական տարբերակը
Երկրորդ գալստյան պատկերներում Քրիստոս Իր ամենազոր առաքելությամբ հայտնվում է մարդկանց: Երբ անցել են երկրային փորձություններն ու չարչարանքները՝ մատնություն, անարգանք, խաչելություն, թաղում ու հարություն, Նա Իր համբարձումից հետո Հոր կամքով հայտնվում է որպես մահվան դեմ հաղթանակած Փրկիչ: «Երկրորդ գալստյան» թեմայի հետ կապված մեջ են բերվում Աստծո արքայության վայելմանը արժանի արդար մարդկանց ուղղված Քրիստոսի խոսքերը՝ «Եկե՛ք, Իմ Հո՛ր .....
Ավետման պատկերի խորհուրդը
Հիսուսի հրաշափառ ծննդյան ավետման մասին պատմվում է Ղուկասի ավետարանում, որը ավետմանը նվիրված միջնադարյան մանրանկարների գլխավոր սկզբնաղբյուրն է: Ավետման տեսարանը ներկայացնում է Հիսուսի մարդեղության՝ երկրային առաքելության սկզբնավորումը: Մանրանկարիչների համար սկզբնաղբյուր են ծառայել նաև պարականոն երկերը, որոնք են՝ Հակոբ Տեառնեղբոր ավետարանը, Հիսուսի մանկության ավետարանը և այլն: Ղուկաս ավետարանիչն ասում է, որ հրեշտակի խոսքերից .....
Ադամն ու Եվան պատկերների համակարգում
Պատկերագրության համակարգում դրախտը պատկերվում է եդեմական թռչուններով ու բույսերով, վառ, պայծառ գույներով: Հանդիպում ենք նաև դրախտի պատկերման այլ տարբերակի. ծառերով ու ծաղիկներով լի պարտեզը վերացված է, մնում են միայն կենդանիները, ինչպես հնադարյան մի շարք փղոսկրաքանդակների վրա: 10-րդ դարում կառուցված Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու հարթաքանդակից սկսած դրախտի կենտրոնում իմացության ծառի աջ և ձախ կողմերում Ադամն ու Եվան են, նրանց հետ պատկերվում .....
«Հովնանի պատմությունը» տեսարանի կոմպոզիցիոն լուծումները
Հովնան մարգարեն տասներկու փոքր մարգարեներից է, ով  Աստծուց հրաման էր առել՝ մեկնել Նինվե զղջման քարոզով քաղաքի չարության և ապագա կործանումը զգուշացնելու համար, եթե նրա բնակիչները չզղջան: Փորձելով խույս տալ այդ հրամանից՝ մարգարեն նստեց նավ, ուղևորվելով Թարսիս, որ փյունիկյան գաղութ էր: Ուղևորության ժամանակ նավը փոթորկի մեջ ընկավ, և նավավարները վախեցած վիճակ գցեցին, որ իմանան, թե ում մեղքերի պատճառով են իրենց վրա հրավիրել Աստծո զայրույթը: .....
Հրեշտակների պատկերագրական յուրահատկությունները
Հրեշտակները լուսեղեն էակներ են, որոնք, ինչպես ակնարկում է Աստվածաշունչ մատյանը, ստեղծվել են առաջին օրը, լույսի հետ միասին: Աստծո հրահանգով նրանք կոչված են սպասավորելու մարդուն: Հետևաբար նրանք սպասավոր հոգիներ են, որոնք երկնաբնակ լինելով, իրենց մասնակցությունն են բերում երկրավոր կյանքի ընթացքին և գործում են ժամանակի ու տարածքի մեջ կենցաղավարող մարդու հետ, մարդու համար (Եբր. 1:14): Հրեշտակները ավետարանական պատկերների անբաժանելի մասն են .....
Հիսուս Քրիստոսի կերպարը
Քրիստոնեական արվեստում առանձնապես արտահայտիչ է Քրիստոսի պատկերագրական կերպարը: Փրկչի ճշմարիտ կերպարը տրված է Ավետարանում: Ավետարանի խորհրդաբանական իմաստն իր մեկնաբանությունը ստացել է դեռևս VIII դարում ի դեմս Կ. Պոլսի պատրիարք Ս. Գերմանոսի. «Ավետարանն արտահայտում է Աստծո Գալուստը, երբ նա հայտնվեց մեզ… Նա եկավ անսքող, ինչպես իրական մարդ և հայտնի դարձավ մեզ… Լսեցինք մենք և տեսանք մեր աչքերով, որ նա Աստծո խոսքն է և իմաստությունը»: .....
«Կոտորումն մանկանց Բեթլեէմի» տեսարանի պատկերագրական նմուշները
«Կոտորումն մանկանց» թեման (Մատթ. 2:16-18), որի առաջին օրինակները հայտնի են վաղ քրիստոնեական հուշարձաններից, ունեցել է պատկերագրական ամենատարբեր մեկնաբանություններ: Այս տեսարանի պատկերագրական հիմնական կառույցը հետևյալն է. Հերովդես թագավորը նստած է ձեռքին սուր բռնած, որը խորհրդանշում է կատարվելիք արյունահեղությունը: Նրա աչքի առջև զինվորները կոտորում են անմեղ երեխաներին. ներքևում ողբացող որդեկորույս մայրերն են: Հայկական արվեստում .....
«Կանայի հարսանիք»-ի պատկերագրական դրվագը
Հիսուսի փրկչական գործունեության սկիզբը նշանավորվեց Կանայում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ ջուրը գինուն փոխակերպելով: Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների և հայտնեց Իր փառքը: Անդրադառնալով Հիսուսի այս առաջին հրաշագործությանը՝ Հովհաննես ավետարանիչը գրում է, որ այդ հարսանիքին Հիսուս աշակերտների հետ էր, հրավիրված էր նաև Տիրամայրը: Հարսանիքի ժամանակ, երբ Տիրամայրը մտահոգվում է, որ գինին պակասում .....
Պատկերագրության մեջ «Փախուստն յԵգիպտոս» հորինվածքը
Քրիստոսի մանկության պատկերաշարի ուշագրավ թեմաներից մեկը «Փախուստ Եգիպտոսն» է: Այս թեմային հայ մանրանկարչության ոչ բոլոր դպրոցներում են անդրադարձել: Տպավորիչ ու ինքնատիպ կերպով է լուծված «Փախուստ դեպի Եգիպտոս» հորինվածքը ձեռ. № 6319-ում, ուր Մարիամը՝ մանուկը գրկին, ոտքով գնում է Եգիպտոս: Առջևից քայլում է Հովսեփը. նրանք փախչում են թագավորի մանկասպան հրամանից: Նկարում չկա միջավայրն արտահայտող որևէ մանրամաս, և այդ լռությունը դիտողի .....
Մկրտության խորհրդապատկերի դրսևորումը
Մկրտությունը՝ իբրև տնօրինական պատկերաշարի գլխավորագույն դրվագ, հաստատուն տեղ է զբաղեցրել հայ միջնադարյան կերպարվեստի մեջ: Հիսուսի մկրտության վաղագույն պատկերները մեզ են հասել 2-3-րդ դարերից, հայկական արվեստում՝ 4-5-րդ դարերից՝ Թալինի և Օձունի քարակոթողների վրա, իսկ մանրանկարչության մեջ՝ «Էջմիածնի Ավետարանում» (6-րդ դար): Մկրտության մանրանկարների պատկերագրական ամենատարածված տարբերակը հետևյալն է. կենտրոնում պատկերվում է Հորդանանի .....
Սուրբծննդյան պատկերագրությունը
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը ստեղծագործական մեծ ներշնչման աղբյուր է եղել ոչ միայն միջնադարյան շարականագիրների, այլև ծաղկողների համար: Քրիստոնեական արվեստում Քրիստոսի Ծննդյան տեսարանը պատկերող հնագույն նմուշները հանդիպում են 4-5-րդ դարերի սարկոֆագների վրա և կատակոմբների որմնանկարներում (վաղագույն օրինակը՝ 320-323թթ.): Հայ արվեստում Ծննդյան հնագույն պատկերները մեզ են հասել 6-րդ դարից: Դրանք են՝ Օձունի նշանավոր քարակոթողի հարթաքանդակը, .....
Պետրոս և Պողոս առաքյալների պատկերագրական կերպը
Պետրոս առաքյալ Պատկերագրության մեջ հանդիպում ենք Պետրոս առաքյալին՝ փրկության ճանապարհը ցույց տվող, Ավետարանը ձեռքին, ով Քրիստոսի խոսքի համաձայն (Մատթ. 16:18-19) համարվում է եկեղեցու վեմը (հուն. Պետրոս նշանակում է վեմ): Երբ Հիսուսը հարցրեց աշակերտներին, թե՝ -Իսկ դո՞ւք ինչ եք կարծում, ո՞վ եմ Ես: Սիմոն Պետրոսը պատասխանեց. -Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որդին: Հիսուսը նրան ասաց. -Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, որովհետև դա քեզ հայտնողը .....
«Իսահակի զոհաբերություն»-ը տեսարանի պատկերագրությունը
«Իսահակի զոհաբերություն»-ը քրիստոնեական պատկերագրության մեջ մուտք է գործել վաղ միջնադարում: Պատահական չէ մի շարք ձեռագրերում ավետարանական պատկերաշարի սկսվելը Իսահակի զոհաբերության պատկերով: Այն ունի իր աստվածաբանական պատճառաբանությունը: «Իսահակի զոհաբերություն»-ը մանրանկարում ակնարկ կա Քրիստոսի քավչարար զոհաբերության մասին: Եկեղեցական մեկնաբանական գրականության մեջ այս կապակցությամբ հանդիպում ենք վկայաբերելի հատվածների, .....
Քրիստոնեական արվեստում «Չորեքկերպյան աթոռ» հորինվածքը
«Չորեքկերպյան աթոռ» հորինվածքում գահանիստ Քրիստոս շրջապատված է Եզեկիելի տեսիլքի (Եզեկիել 1:1-28) անիվներով և «կենդանի արարածներով», որոնցից յուրաքանչյուրն ունի չորս գլուխ՝ մարդու, առյուծի, եզան և արծվի: «Չորեքկերպյան աթոռ» մանրանկարը հանդիպում է Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ամենաճանաչված ու ամենաբեղուն ներկայացուցիչներից մեկի՝ մանրանկարիչ Հովհաննես Խիզանցու գրեթե բոլոր Ավետարաններում, այն տարբերությամբ, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․