Գրքեր

Ա Պետրոս 3:9-11

9. Մի՛ չար փոխանակ չարի հատուցանել, կամ բամբասանս ընդ բամբասանաց. այլ զնորին հակառակն՝ օրհնե՛լ, զի յա՛յս իսկ կոչեցարուք՝ զի զօրհնութիւնն ժառանգիցէք։

Չարի փոխարեն չար մի՛ հատուցեք, կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև այդ բանի՛ն իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը։

10. Զի որ կամի զկեանս սիրել, և զաւուրս իւր տեսանել ՚ի բարութեան, լռեցուսցէ՛ զլեզու իւր ՚ի չարութենէ, և զշրթունս իւր ՚ի չխօսելո՛յ զնենգութիւն։

Եվ «ով ուզում է Կյանքը սիրել և բարությամբ լեցուն օրեր տեսնել, թող լռեցնի՛ իր լեզուն չար բաներ ասելուց և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։

11. Խոտորեսցի՛ ՚ի չարէ, և արասցէ զբարի՛. խնդրեսցէ՛ զխաղաղութիւն, և երթիցէ՛ զհետ նորա։

Թող հե՛տ քաշվի չարից և բարի՛ն անի, թող խաղաղությո՛ւն փնտրի և գնա նրա հետևից։

Մեկնություն

Երանելի առաքյալը, իր խոսքի մեջ խորանալով, քանի գնում՝ այնքան ավելի հոգեշահ ու օգտակար խրատներ է տալիս: Նա մեզ պատվիրում է սիրել ու խնամարկել ոչ թե միայն մեր սեփական ընտանիքի անդամներին ու սիրելիներին, այլ նաև՝ մեր թշնամիներին ու ատելիներին: Եվ եթե մենք որևէ մեկի կողմից էլ չարչարանքների, նախատինքների ու բամբասանքների ենթարկվենք անգամ, միևնույն է, համաձայն առաքելական այս պատգամի, չպետք է հետ դառնանք մեր ուղուց և «չպետք է չարի փոխարեն չարը հատուցենք»:

Պետրոս առաքյալն իր այս պատվերն է տալիս ըստ տերունական օրինադրության, համաձայն որի Տերը հրամայեց սիրել թշնամիներին ու բարիք գործել ատելիներին, և ոչ թե նախատել կամ «չարի փոխարեն չարը հատուցել», այլ բարեկամաբար ողջունել, պատվել, շնորհների արժանացնել և բարեգործ լինել նրանց նկատմամբ:

Այս միևնույն պատվերն է տալիս նաև Պողոս առաքյալը՝ որպես վկայություն իր գրվածքներում մեջբերելով սողոմոնյան խոսքերն ու ասելով. «Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան»։ Եվ որպեսզի դժկամություն չցուցաբերեն նրանք, որոնցից որ պահանջվում է այսպես գործել, առայալը հավելում է՝ «Այդպես վարվելով՝ դու կրակի շանթեր կկուտակես նրա գլխին»:

Իսկ Պետրոս առաքյալն էլ, քանի որ այսպիսի մի միտք էր պատրաստվում փոխանցել իր ունկնդիրներին, այդ պատճառով էլ նախապես իսկ Քրիստոսի օրինակը ամենքի առջև դրեց, և ապա միայն հորդորելով՝ ասաց. «Չարի փոխարեն չար մի՛ հատուցեք»: Ինձ այնպես է թվում, որ երանելի առաքյալն իր այս խոսքով դիմում է զորավորներին ու հարուստներին, որոնք կարող են «չարի փոխարեն չարը հատուցել» իրենցից ավելի թույլերին և տանջանքների, բանտերի ու տուգանքների մատնել նրանց:

Եվ, ահավասիկ, առաքյալն ամեն կերպ պատկառանք է ազդում նրանց վրա՝ Քրիստոսի կյանքի օրինակները բերելով. «Քո Տերը չարչարվեց հրեաների կողմից՝ չնայած Իր մատուցած այն բյուրապատիկ երախտիքների,- ասում է նա,- նախատվեց ու բամբասվեց, սակայն չարի փոխարեն չարը չհատուցեց, և դա այն դեպքում, երբ Նա կարող էր ամբողջովին կործանել նրանց, երկնքից տանջող հուր իջեցնել նրանց գլխին, ինչպես սոդոմացիների դեպքում արեց, կամ էլ հողին հրամայեր բացվել ու կուլ տալ նրանց, ինչպես որ պատահեց Ահարոնի, Դաթանի ու Աբիրոնի հետ: Կամ էլ կարող էր ջրով խեղդամահ անել նրանց, ինչպես որ պատահեց նրանց, ովքեր պոռնկացան Կայենի դուստրերի հետ:

Արդ, դու նմանվի՛ր քո Տիրոջը,- ասում է առաքյալը,- դո՛ւ, որ գեթ մի մահկանացու մարդ ես, և մի՛ հաղթվիր չարից՝ չարի փոխարեն չարը հատուցելով, այլ բարությամբ հաղթի՛ր չարին ու երախտիքնե՛ր հատուցիր նրան»:

«Չարի փոխարեն չար մի՛ հատուցեք,- ասում է,- կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք»:

Առհասարակ ամենքի և այդ թվում՝ սրբերի ու մանավանդ՝ Պողոսի կողմից չարախոս բամբասանքը մեծագույն մեղքերի շարքին է դասվում: Ուստի և Պողոսը դատապարտում է չարախոսներին և նրանց կրած մեծագույն վնասների հետ մեկտեղ այդպիսիններին «տարագրում» է Արքայությունից: Պետրոս առաքյալը ևս նույն մտքով խրատում է՝ ասելով. «Նախատինքի փոխարեն նախատինք մի՛ հատուցեք»:

Կարծում եմ, որ արդեն իր այս խոսքը առաքյալն առհասարակ ամենքին է ուղղում՝ ամեն մի մարդու, քանի որ «չարի փոխարեն չարը չհատուցելու» մասին այն խոսքը, ինչպես ասվեց, զորավոր մարդկանց էր ուղղված, իսկ չարախոսության արգելքը ուղղված է նաև զորությամբ տկարներին։ «Բամբասվեցիր որևէ մեկի կողմից ու նախատվեցի՞ր,- ասում է,- սակայն մի՛ չարացիր, քանի որ բամբասվեց նաև քո Տերը ու բյուրապատիկ անգամ նախատվեց, և դա այն դեպքում, որ Նա Աստված էր ու առանց մեղքի էր, բայց չընդդիմացավ իրեն նախատողներին և փոխարենը նախատինք չհատուցեց նրանց»։

Եթե նա, ով նախատեց քեզ, սուտ ասաց ամեն բան, ինչ որ ասաց, ապա ուրեմն այդ դեպքում դու էլ ի՞նչ ասես նրան, չէ՞ որ հենց իսկ նրա չարախոս ամբաստանությունները իր «գլուխը կուտեն»։ Իսկ եթե արդարացիորեն նախատվեցիր, քոնն է մեղավորությունը, քանի որ տրվել ես գայթակղությանը և ահա այդ պատճառով էլ նախատվեցիր։

Երկու դեպքում էլ, սակայն, չի կարելի հակառակամիտ որևէ խոսք ասել և նախատինքի փոխարեն՝ նախատել, «այլ, ընդհակառակը, օրհնել»։ Ավետարանի աշակերտները ամեն բանում և ամեն գործում արդարացան «ընդհակառակը» գործելով։ Ինքը՝ մեր Տերն էլ մարդկային չարիքին հակառակ ճանապարհով գնաց, բամբասվելով ու նախատվելով՝ փոխարենը չնախատեց ու ոխ չպահեց, այլ այդ բոլոր ապերախտների նկատմամբ երախտավոր ու բարեգործ գտնվեց։

Այդ նույն կերպ էլ այն մարդիկ, որոնք հավատում են Քրիստոսին, պարտավոր են Նրա ճանապարհով գնալ և չարին հակառակ գործելով՝ արժանանալ բարուն. թշնամիների նկատմամբ բարեգթությամբ Քրիստոսի բարեգթությունը ստանալ և օրհնությամբ՝ օրհնություններ ժառանգել: Հենց այս իսկ է առաքյալի ասածը. «Չարախոսվեցիր մեկի կողմից ու նախատվեցի՞ր կամ որևէ մեկը լուտանքնե՞ր տեղաց քեզ վրա, սակայն դու նրա արած չարիքի փոխարեն նույն կերպ մի՛ հատուցիր,- ասում է երանելին,- այլ դու, նրան հակառակ, օրհնի՛ր, բարեբանի՛ր և մի բան էլ շնորհակա՛լ եղիր»:

Այս նույն բանն է քեզ ուսուցանում նաև Պողոս առաքյալը. «Օրհնեցե՛ք,- ասում է,- ձեզ հալածողներին, օրհնեցե՛ք և մի՛ անիծեք»: Տեսնո՞ւմ ես, երկու անգամ նույն խոսքն ասելով՝ երանելի առաքյալը առավել ևս զգուշության է կոչում մեզ, որպեսզի երբևէ չխախտենք աստվածատուր այդ պատվիրանը՝ ո՛չ խոսքերով ու ո՛չ էլ գործերով:

«Որովհետև այդ բանի՛ն իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը»։

Ինձ թվում է, որ այստեղ «կոչում» ասելով՝ առաքյալը նկատի ունի Ավետարանը, որը մարդկանց անհավատությունից՝ հավատի կոչեց, օրենքի անեծքից՝ Քրիստոսի օրհնության, մեղքերի դատապարտությունից՝ արդարության, ծառայութոյւնից՝ ազատության: Այդ պատճառով էլ Պետրոսն ասաց՝ «այդ բանի՛ն իսկ կոչվեցիք, որպեսզի ժառանգեք օրհնությունը»։

Ես երկու տեսակի օրհնություններ եմ հասկանում, որոնց մասին կարող է ակնարկած լինել առաքյալը: Մեկը և առաջինը Քրիստոսի ծննդյան օրհնությունն է, որով օրհնվեցին կանանց բոլոր սերունդներն ու ազատվեցին նախկին՝ անեծքի և քրտինքի, ցավերի ու տրտմության դատավճռից: Դրա համար էր, որ մարգարեների դասերը նախապես իսկ կարապետեցին Կենարարի օրհնաբեր գալուստը, որի երկյուղով են հղանում մարդկային բոլոր սերունդներն ու ծնվում՝ փրկության հոգիները:

Նրան տեսնելով՝ նաև նախամարգարե՛ն ճշմարտաբար ավետեց՝ երկրորդելով օրենքի խոսքն ու ասելով. «Աստված օրհնելու է քո որովայնի պտուղը և քո երկրային ծնունդներին, դու անսերմ ու ամուլ չե՛ս լինելու, և ո՛չ էլ՝ քո անասուններն ու անդաստանները»: Մեկ ուրիշ մարգարե էլ կնքում է այս խոսքերն՝ ասելով. «Օրհնված եք դուք Տիրոջ կողմից, Նրա՛, ով արարեց երկինքն ու երկիրը»:

Եվ արդ, մարգարեների պատգամը կատարվեց. եկավ մեր Տերը և կատարեց Իր ծառաներին տված խոստումն ու «արդարացրեց» հրեշտակների մտածումները՝ հոգևոր օրհնություններ ժառանգելով մեզ: Եվ ովքեր էլ որ կամենան հոգևոր ամուսնությամբ Աստծու օրհնության սերմն իրենց մտքի արգանդի մեջ գցել, երբևէ անսերմ, ամուլ ու անծնունդ չեն լինի, այլ առաքինությունների հոգևոր ու աստվածային «ծնունդներ» կտան: Այդ «ծնունդներից» մեկն էլ այս է. թշնամիներին օրհնելով՝ Աստծու օրհնությունները ժառանգել:

Առաջին օրհնությունն, ահա՛, այն էր, որ ասացի, իսկ երկրորդ օրհնությունը մեր հարության և Քրիստոսի դատաստանի ժամանակ է դրսևորվելու, երբ Նա յուրայիններին առաջ է հրավիրելու Իր աստվածային ձայնով: Եվ դեռ Քրիստոս ոչ թե միայն Իր օրհնությամբ է զորացնելու և պսակելու Իր սիրելիներին, այլ նաև Հո՛ր օրհնությամբ, քանի որ թեպետ Հայր ու Որդի իրարից բաժանված չեն, որպեսզի Հոր օրհնությունն այլ լիներ, Որդունը՝ այլ, սակայն իրարից տարբեր են Հոր փառքն ու Որդու պատիվը, ինչի մասին Քրիստոս Ինքն է վկայում՝ ասելով. «Եկե՛ք, Իմ Հոր օրհնյալներ, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Արքայությունը…»:

Երանելի Պետրոսը, այս խոսքերն ասելով, այնուհետ էլ վկայությամբ է հաստատում իր ասածը և հորդորում է իր ունկնդիրներին մտքի մեծ իմաստությամբ հետ գնալ դեպի մարգարեական մեջբերվող խոսքերը՝ օրհնություններ ժառանգելու համար:

«Քանի որ,- ասում է,- ով ուզում է Կյանքը սիրել և բարությամբ լեցուն օրեր տեսնել»։

Մեր հայացքը մարգարեական այս խոսքի վրա ուղղելով՝ առաքյալը նպատակ ունի մեզ հիշեցնել ճշմարիտ Կյանքի մասին, ա՛յն Կյանքի, որը արեգակի լույսով և ապրած օրերի քանակով չի չափվում, այլ որը մշտնջենավորապես կա և պիտի մնա Աստծու հետ գոյակցության մեջ:

Արդ, առաքյալը ասում է. «Ով որ կամենում է այս Կյանքը սիրել, որն Աստծու մոտ է, այդ հնարավոր կլինի նրա համար՝ ուզում է այդ մարդը տղամարդ լինի, ուզում է՝ կին, լինի տեր, ծառա, թե՝ ազատ, բարետոհմիկ, թե՝ աննշան ազգատոհմից սերող. այդ բանի համար նրանցից միայն կամք և բարին գործելու հոժարություն է պահանջվում:

Ուրեմն,- ասում է երանելին,- ով որ կամենում է այդ Կյա՛նքը սիրել, պետք է փախչի մարմնական մեռելությունից ու այդպիսով նաև՝ ախտավոր և խավարեցուցիչ կյանքից, որը լի է դառնությամբ ու ամեն տեսակի անօրենություններով և որը իրենով «ապրողներին» կորստյան է մատնում: Ուստի և,- ասում է առաքյալը,- պետք է, որ այդ կյանքի փոխարեն մարդ կամենա ճշմարի՛տ Կյանքը սիրել, որի մեջ ո՛չ ցավ կա, ո՛չ հեծություն և ո՛չ որևէ դառնացուցիչ մի բան, այլ որը համակ բարություն է և ամբողջովին՝ բերկրանք ու կատարյալ ուրախություն»:

«Եվ բարությամբ լեցուն օրեր տեսնել»: Բարությամբ լեցուն օրերը ոչ թե այս կյանքի օրերն են, որոնք «սահմանափակվում» են գիշերով, այլ հանդերձյալ, հավիտենության օրերն են դրանք, որոնք, արդարև, լեցուն են ճշարիտ բարիքներով, քանի որ այդ օրերում է, որ մարդը Քրիստոսի հետ պիտի վայելի թագավորությունը և պարակից պիտի լինի հրեշտակներին:

Իսկ ինչո՞ւ է առաքյալը հոգնակի թվով գործածում բառն՝ ասելով «օրեր», և ոչ թե եզակի թվով՝ միայն «մեկ օրվա» մասին խոսելով, քանի որ համայն հանդերձյալ կյանքը մեկ օր է միայն, որը, սակայն, չի «սահմանափակվում» գիշերով: Ինձ այնպես է թվում, որ բառի՝ հոգնակի թվով կիրառության պատճառը Աստծու պարգևների անպատում և անճառելի լինելն է, ա՛յն պարգևների, որոնք խոստացվել և ամբարված պահվում են սրբերի համար՝ օրըստօրե բազմանալով և առատանալով հավիտենության մեջ:

Եվ որքան որ սրբերը վայելում են այդ պարգևները, այնքան նրանց մտքում մեծանում է Աստծու մասին գիտությունն ու գնալով առավել բարձր աստիճանի է հասնում այն՝ աստվածգիտության լույսով լուսավորելով սրբերի հոգիները: Եվ նրանց այդ վերընթացի ամեն մի աստիճանն էլ ասես, իբրև գիշեր՝ օրվա համար, հետևում է թողնում նախկին իմացության մակարդակը: Իսկ այսպիսի «աճն» էլ երբևէ չի դադարում անեզր հավիտենության մեջ այնքան ժամանակ, մինչև որ սրբերը աստվածային իմացության գագաթնակետին են հասնում:

Ահա ա՛յս պատճառով է առաքյալը իր խոսքի մեջ հոգնակի, և ոչ թե՝ եզակի թիվն օգտագործում, ուստի և ասում է՝ «օրեր»:  Սա իմ սեփական տեսությունն է այս հարցի վերաբերյալ, սակայն եթե մեկը այլ բան է տեսնում, ապա թո՛ղ որ Աստծու վեհագույն և արժանավոր շնորհներն ընդունելով՝ փորձի կատարյալ իմաստությամբ միայն քննել առաքյալի այս խոսքը:

Իսկ առաքյալը, շարունակելով իր ասելիքը, մարգարեության մեծագույն ու ամենակարևոր մասն է մեջբերում, որպեսզի այդպիսով թերամիտների երկբայությունը վերացնի ու հաստատամիտ դարձնի նրանց բարին գործելու և վնասակար սովորություններից հեռու մնալու մեջ: Այս նպատակով էլ երանելին, երբ ասաց, թե «Եվ ով ուզում է Կյանքը սիրել և բարությամբ լեցուն օրեր տեսնել», այնուհետ էլ հավելեց հետևյալը.

«Թող լռեցնի՛ իր լեզուն չար բաներ ասելուց և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց»։

Խոսքի «հանցավորությունը», որ լեզվով և շուրթերով է գործվում, բազմիցս և շատ դյուրությամբ է կատարվում մեր կողմից, իսկ տգետներին և ծուլամիտներին էլ թվում է, թե երբևէ մեծ մեղադրության արժանի չեն նրանք, ովքեր այդ հանցանքներով են մեղանչում: Սրա պատճառով էլ Ինքը՝ Աստված, ու Նրա բոլոր ծառաները՝ առաքյալներն ու մարգարեները, մեծ ջանքեր են գործադրում հենց ա՛յդ ախտի դեմ զգուշացնելու համար, քան թե՝ մնացյալ բոլոր անկարգությունների:

Այս պատճառով էլ լեզվի չարությունը երբեմն ածելու են նմանեցնում, երբեմն նմանեցնում են օձի ու քարբի դառը թույնի, և ուրիշ շատ օրինակներ էլ բերում՝ անիծողներին, բամբասողներին, ստախոսներին, երդմնազանցներին, դատարկաբաններին ու ծաղրախոսներին դատապարտելու համար: Սրա համար իսկ Պետրոսը, Պողոսն ու Հակոբոսը աստվածային գրվածքների միջոցով չարախոս լեզուն հանդիմանության են ենթարկում ամենքի առաջ:

«Չտրտնջա՛նք,- ասում է Պողոս առաքյալը,- ինչպես որ նրանցից ոմանք տրտնջացին ու կորստյան մատնվեցին սատակչի ձեռքով»: Եվ թե՝ «բամբասողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու»: Եվ դարձյալ, թե՝ «Ամեն տեսակի բարկություն, դառնություն ու խեղկատակություն թո՛ղ որ ձեր բերանից դուրս չգա»: Նաև, թե՝ «Մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքվեցիք ձեր փրկության օրվա համար»:

Իսկ երանելի Հակոբոս առաքյալն էլ երկարահունչ ճառով հանդիմանում է լեզվի «վնասակարությունը»: Այդպիսի լեզուն առաքյալը անվանում է չար, անկարգապահ ու լի՝ մահաբեր թույնով, և լեզվի սաստիկ վնասակարությունն ու անհնազանդությունն էլ նմանեցնում է փոքրագույն մի հրի, որը, սակայն, անտառներ է հրդեհում: 

Եվ ահա Պետրոսն էլ մարգարեական խոսքի միջոցո՛վ է խրատում մեզ՝ ասելով. «Ով ուզում է սիրել ճշմարիտ Կյանքը՝ Հիսուսին, և իր առաքինի օրերում բարություն տեսնել, թող որ հեռո՛ւ լինի ամեն տեսակ հակառակությունից և լռեցնի՛ իր լեզուն չար բաներ ասելուց և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց»: Այստեղից հետևում է, որ մեզ համար պարտադիր ու վայելուչ է մարգարեական այս խոսքին ամենայն ուշադրությամբ հետևելը, քանի որ այն մեզ չի հրամայում առհասարակ ամեն խոսքից հեռու պահել լեզուն կամ դադարել ամեն գործ անելուց, այլ միայն՝ չարությունից է հարկավոր հեռու մնալ:

Իսկ ահա բարի ու պիտանի խոսքեր ասելուց, որոնք խրատ են ունկնդիրների համար և ծառայում են հոգու զորացմանը, ոչ թե միայն պետք է չդադարենք, այլ դեռ մի բան էլ անհրաժե՛շտ է «շատախոս» լինել ու իմաստությամբ բարբառել և խորհել թե՛ ցերեկն ու թե՛ գիշերը: Ինչ վերաբերում է չարախոսությանը, ստաբանությանը, զրպարտությանը, երդմնահարությանը, բամբասանքներին ու այսպիսի այլ երևույթներին, ապա այդ ու նման բոլոր դեպքում հարկավոր է բացարձակապես լուռ լինել:

Մենք պետք է կողպեք ու սանձ դնենք մեր լեզվի և շուրթերի վրա, որպեսզի որևէ նենգություն չխոսենք, քանի որ նա, ով սիրում է Կյանքը, պարտավոր ու «ստիպված» է զերծ մնալ ամեն մի նենգավոր խոսք ասելուց և բոլոր չար խորհուրդներից: Իսկ եթե մեկը զերծ չէ այդ չարաբանություններից, ապա ուրեմն չի սիրում Կյանքը, ուստի «իր օրերում բարիքների ականատես չի լինի»:  

Այնուհետ էլ, շարունակելով իր խոսքը, Պետրոս առաքյալը մեկ այլ վեհագույն խոսք է «դնում» նախորդների կողքին, որով պատվիրում է հոգին անսահմանորեն հեռու պահել չարիքից և «մոտեցնել» բարուն՝ ասելով. «Թող հե՛տ քաշվի չարից և բարի՛ն անի, թող խաղաղությո՛ւն փնտրի և գնա նրա հետևից»։

Մեծ իմաստությամբ են լեցուն առաքյալի այս խոսքերը, և եթե մեկը իր միտքն ուշադրությամբ սևեռի ասվածին, կնկատի, որ երանելին չի ասում, թե՝ «թող հեռանա՛ չարից», այլ ասում է՝ «թող հե՛տ քաշվի» (=խոտորվի): Քանի որ «խոտորվել» բառն ավելի է պատշաճում՝ տվյալ միտքը արտահայտելու համար, քան թե՝ «հեռանալը», որովհետև բարին և չարը իրենց բնույթով ճանապարհորդակից են իրար, այդ իսկ պատճառով էլ չարը հաճախ խաբում է պարզամիտներին՝ չարի ճանապարհը իբրև բարու ճանապարհ վարկանելով, իսկ բարին էլ իբրև «իրապես» չար ներկայացնելով:

Եվ արդ, առաքյալը հրամայում է մեծ իմաստությամբ զանազանել այդ երկուսն իրարից ու այդուհետ «հետ քաշել» ոտքը չարության ճանապարհներից և ոտնակոխ անել դեպի բարին տանող ճանապարհը: Այդ պատճառով էր, որ առաքյալն ասաց՝ «Թող հե՛տ քաշվի չարից և բարի՛ն անի»: Իսկ այս խոսքն էլ հետևյալն է նշանակում. «Առաքինության համար բավական չէ միայն չարից ձեռք քաշելը,- ասում է երանելին,- քանի որ եթե մեկը, հրաժարվելով չար ճանապարհով ընթանալուց, սակայն, այդուամենայնիվ, բարիք չգործի, ապա այդպիսի մեկը չի կարող առաքինության կրող համարվել»:

Ինձ այնպես է թվում, թե այս խոսքը այն միևնույն միտքն է բովանդակում, որը նույն մարգարեն արտահայտել է մեկ ուրիշ տեղում՝ ասելով. «Ատեցի ու արհամարհեցի մեղքը», սակայն, այդքանը միայն բավական չհամարելով առաքինությունը լրումին հասցնելու համար և, հետևաբար, շարունակելով՝ ասում է. «Եվ Քո օրենքները սիրեցի»: Նույն կերպ էլ նաև այստեղ է ասվում. «Թող հե՛տ քաշվի չարից և բարի՛ն անի, թող խաղաղությո՛ւն փնտրի և գնա նրա հետևից»։

«Խաղաղություն» ասելով՝ ինձ թվում է, որ առաքյալը նկատի ունի Քրիստոսին, որ ճշմարիտ Խաղաղությունն է և որն Ինքը ասաց. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ»: Նրան նաև Պողո՛սն է ճշմարտապես «խաղաղություն» անվանում՝ ասելով. «Նա է մեր խաղաղությունը, որ քանդեց իր մարմնի մեջ միջնորմը և հաշտեցրեց Հորն Իր արարածների հետ»:

Երանելի Պետրոս առաքյալն էլ ասում է. «Արդ, եթե դու Նրա ճշմարտության աշակերտն ես, ապա պարտավոր ես նաև Նրա հեզությա՛նը նմանվել ու գնալ Նրա հետքերով: Իսկ Նա, ատյանի առաջ կանգնեցվելով, դատապարտվելով ու ապտակվելով՝ չէր աղաղակում և չէր վիճաբանում ու հրապարակում ոչ ոք Նրա ձայնը չէր լսում: Ահա այսպիսի խաղաղությո՛ւն փնտրիր դու նախատվելուդ և տանջվելուդ ժամանակ»:

Տեսնո՞ւմ ես, թե երանելին ինչպիսի՜ զգուշությամբ է խրատում քեզ. «Խաղաղություն փնտրեցիր և գտա՞ր այն,- ասում է առաքյալը,- սակայն տե՛ս, որ չլինի թե մոլորվես և չքայլես Նրա հետքերով ու դարձյալ խռովությամբ և չարիքներով լցվես: Քանի որ մեկն է խաղաղության արքունական ճանապարհը, և այլ ուղի գոյություն չունի»:

Արդ, ուրեմն, արքունական պողոտայի մեջտեղո՛վ քայլիր և մի՛ խոտորվիր ո՛չ աջ ու ո՛չ ձախ: Իսկ ահա խաղաղության ճշմարիտ ճանապարհով ընթանալով էլ՝ մարդը ոչ թե միայն ինքն իր համար է խաղաղություն ստեղծում, այլ նաև խաղաղություն է ստեղծում իրեն շրջապատողների համար: Այդ նույն կերպ էլ Հիսուս, որ կատարյալ Խաղաղությունն էր, Իր բոլոր արարածներին խաղաղություն պարգևեց Խաչի վրա թափած Իր արյամբ:

«Եվ, հետևաբար, այս խաղաղությունը գտնելը,- ասում է,- դյուրին գործ չէ, այլ մեծ ջանքեր են անհրաժեշտ այն գտնելու համար, այդ խաղաղությանն հասնելու համար շատ քրտիքն է պետք թափել և շատ աղոթել է պետք»։ Այդ մասին Ինքը՝ մեր Տերն իսկ խոստացավ մեզ՝ ասելով. «Ով որ փնտրի, կգտնի, ով որ խնդրի, կստանա, և ով որ բախի, նրա առաջ կբացվի»։ Ուրեմն, ճշմարիտ խաղաղությո՛ւնը փնտրենք և գնա՛նք նրա հետևից, որպեսզի արժանի լինենք այն գտնելուն։

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ.

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

 

19.04.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․