Գրքեր

Ա Պետրոս 4:6

6. Զի ՚ի սոյն իսկ և մեռելոց խոստացեալ է, զի դատեսցին ըստ մարդկան մարմնով, և կենդանի՛ լիցին ըստ Աստուծոյ հոգւով։

Սրա համար իսկ հարության հույսը նաև մեռելներին է խոստացված, որպեսզի իբրև մարդ դատվեն ըստ մարմնի և կենդանի լինեն Աստծու հոգով:

Երանելի առաքյալը, երբ խոսեց «մասնավոր» Դատաստանի մասին և վստահեցրեց, որ այն Աստծու ամենակալ զորությամբ է լինելու, այնուհետև սկսեց խոսել ընդհանրական հարության մասին, որը հավատացյալների ակնկալությունն ու անհույսների հույսն է, տատանվողների հաստատությունն ու հոգնաբեկների հանգստությունը, բոլոր վշտացյալների մխիթարությունն ու բոլոր նավաբեկյալների նավահանգիստը:

Իսկապես, ոչ մի աշխատանք չի կարող «տարուբերել» հարության հույսով հաստատված հոգին, քանի որ հանուն հարության հույսի են առաքինության բոլոր ջանքերը, մարմնի ժուժկալությունը, երկրավոր անդամների «մահը», խաչը, չարչարանքներն ու մինչև իսկ մահը: Դրա համար էլ առաքյալը պարծանքով հիշեցնում է այդ հարության խոստումն ՝ ասելով. «Սրա համար իսկ հարության հույսը նաև մեռելներին է խոստացված, որպեսզի իբրև մարդ դատվեն ըստ մարմնի և կենդանի լինեն Աստծու հոգով»:

Այսինքն՝ Նրա կողմից, Ով պատրաստ է դատելու ողջերին և մեռածներին, համընդհանուր հարության խոստումն է տրված մարդկային բնություն ունեցող բոլոր արարածներին, արդարներին ու մեղավորներին, հավատացյալներին ու անհավատներին, քանի որ ամենքն էլ ստուգապես հարություն են առնելու և արժանանալու են հատուցման ըստ իրենց գործերի:

Բայց նախ և առաջ տեսնենք, թե ի՞նչ է նշանակում այս խոսքը. «Սրա համար իսկ հարության հույսը նաև մեռելներին է խոստացված»: Աստվածային ո՞ր գրքերում է հայտնապես երևում այս խոստումը: Հնարավոր է, որ առաքյալը նկատի ունի մարգարեական խոստումը, որն Աստծու Հոգով բարբառեցին մարգարեները: Սուրբ Եսային ասում է. «Մեռյալները հարություն կառնեն, կկենդանանան բոլոր նրանք, ովքեր հողի տակ են իջել, նրանք կզարթնեն ու կցնծան»:

Տեսնո՞ւմ ես հարության հայտնապես խոստովանությունը՝ տրված Սուրբ Հոգու կողմից: Այդ մասին վկայում է նաև Եզեկիելը, որին Աստված տեսիլքի միջոցով ասաց. «Ես կբացեմ ձեր գերեզմանները, Ես ձեզ կհանեմ ձեր գերեզմաններից, Ի՛մ ժողովուրդ»: Կամ էլ առաքյալը նկատի ուներ հենց Տերունական խոստումը, որը մտաբերելով՝ երանելին ասում է. «Սրա համար իսկ հարության հույսը նաև մեռելներին է խոստացված»:

Պետրոսն իր մեջ ուներ Աստծու Սուրբ Հոգին, Որն էլ հենց նրան հայտնում էր խորին ու անճառելի խորհուրդները, այդ թվում և հարության մեծ ու անհաս խորհուրդը, այն, որը մեզ համար անիմանալի է: Եվ արդ առաքյալն ասում է. «….նաև մեռելներին է խոստացված, որպեսզի իբրև մարդ դատվեն ըստ մարմնի և կենդանի լինեն Աստծու հոգով»:

Իր այս խոսքով երանելին բազմաթիվ խորհուրդներ է դնում մեր առջև, թեպետ մեզ անհասանելի և միայն սրբերին է տեսանելի այդ մեծահրաշ խորհուրդների կատարելությունը: Եվ եթե այդպես է, ուրեմն մենք պարտավոր ենք ուշադիր զննել և խոհեմաբար քննել այս խոսքերը, հասկանալու համար, թե դրանք ում են վարաբերում:

«….նաև մեռելներին է խոստացված, որպեսզի իբրև մարդ դատվեն ըստ մարմնի և կենդանի լինեն Աստծու հոգով»: Ինձ թվում է, որ այս խոսքերը միաժամանակ վերաբերում են արդարներին և մեղավորներին: Արդարները մարմնով մեռածների նման «անշարժ» են չարիք գործելիս և, ասես դատաստանի ենթարկելով իրենք իրենց, «տանջվում» են զանազան ու բազմապատիկ ճգնություններով՝ սովով ու ծարավով, մերկությամբ և աղքատությամբ ու սրանց նման այլ կտտանքներով չարչարվելով ու տքնելով: Սակայն չմոռանանք, որ որքան մեր արտաքին մարդը ապականվում է, այնքան ներքին մարդը օրըստօրե նորոգվում է, և դա արդարև հոգևոր կենդանություն է:  

Իսկ ահա մեղավորները, մեղքով մեռած լինելով, «անշարժունակ» են բարիք գործելիս ու մշտաշարժ՝ չարիք գործելիս, որի պատճառով նրանք նման են անասունների և շրջում են իբրև դիակներ, քանի որ նրանց մեջ կյանքը մեռած է:

Արդ, թեպետ նրանք ևս մեռնելու են բոլոր մարդկանց հատուկ մահով, որ այդպիսինների համար մարմնի դատապարտություն է նշանակում, բայց և այնպես համընդհանուր հարության ժամանակ նաև մեղավորներն են հարություն առնելու՝ հոգով կենդանանալով ու անմահություն «հագնելով», չնայած նրանք հարություն են առնելու դատապարտության և տանջանքների մատնվելու մահար:

Կամ էլ առաքյալը նկատի ունի մարմնի դատաստանը՝ մարդկային բնության մահը, որին մեզ դատապարտեց Արարիչը: Ուրեմն առաքյալն ասում է, որ թեպետ մարդկությունը այս դատաստանը կրում է մահանալով, սակայն չի նմանվում անասուններին, որոնք ոչնչի են վերածվում, քանի որ շնչավոր են, այլ ոչ թե հոգևոր: Ուստի մենք, թեպետ մարմնով մեր մահվան «պարտքն» ենք վճարում՝ հողին հանձնվելով, փտելով ու ապականվելով, սակայն ըստ Աստծու զորության հարությամբ կենդանանալու ենք հոգով:

Չէ՞ որ սերմանվում ենք ապականությամբ, սակայն հարություն ենք առնելու առանց ապականության, սերմանվում ենք անարգանքով, սակայն հարություն ենք առնելու փառքով, սերմանվում ենք տկարությամբ, սակայն հարություն ենք առնելու զորությամբ, սերմանվում ենք շնչավոր մարմնով, սակայն հարություն ենք առնելու հոգևոր մարմնով: Սա է նշանակում առաքյալի խոսքը. «….որպեսզի իբրև մարդ դատվեն ըստ մարմնի և կենդանի լինեն Աստծու հոգով»:

Կամ էլ, սա ասելով, երանելին հիշեցնում է գալիք Դատաստանի ու մեծ Ատյանի մասին: Իբրև օրինակ նշենք, որ թագավորների կողմից վճռվելիք երկրային դատաստանը մեծասարսափ տագնապ ու սարսուռ է հանցավորների համար, մանավանդ երբ դատավոր-թագավորը սկսում է իրավաբանել և մեկ առ մեկ թվել մեղապարտի հանցանքները՝ պատասխան պահանջելով: Այդ դատաստանին ենթարկված մարդը, եթե անմեղ էլ լինի, սարսափահար է լինում թագավորի ցասումի պատճառով:

Նմանապես նաև երբ երկնավոր Թագավորը մեծաձայն որոտմամբ իջնի ու հրեշտակային իշխանությունները Նրա առջևով ընթանան, երկիրը կշարժվի ու կսասանվի, իսկ երկինքը կխռովվի ու «կտագնապի», գահը կդրվի, և Դատավորը կբազմի, բոլոր մարդիկ հարություն կառնեն ու երկյուղով կկանգնեն Աստծու առջև: Այդժամ Տերը կսկսի իրավաբանել և հաշիվ պահանջել յուրաքանչյուրից անհատապես:

Ինչպիսի՜ սարսուռ, ինչպիսի՜ դող կտիրի այնժամ, երբ ամոթից գլուխներս ցած կխոնարհենք: Իսկ Դատավորը մեր առջև կհիշատակի յուրաքանչյուրիս հանցանքները՝ դրան «հակառակ» հիշեցնելով Իր տնօրինական մարդեղության ու մարդասիրության մասին: Ինչպիսի՜ տագնապ, ինչպիսի՜ սոսկում կտիրի ամենքին: Դատավորի սարսռազդու խոսքերից ոչ միայն մեղավորներն են զարհուրում ու դողում, այլև բոլոր արդարները, առաքյալների ու մարգարեների բոլոր դասերը:

Այդժամ, տեսնելով արդարների հուզախռով մտածումները, սրտերի տագնապն ու սեփական փրկության հարցում կասկածի նշմարումը, Դատավորն իսկույն քաղցրությամբ կնայի նրանց՝ ահասարսուռ ու երկյուղալից հայացքով նայելու փոխարեն:

Մինչդեռ մեղավորները, քանի որ մարմնական անկարգություններով լեցուն աշխարհի «սերն» էին ընտրել, իբրև հատուցում մարմնով էլ կտանջվեն: Իսկ արդարները, քանի որ հոգևոր էին և արդարության փնտրտուքով էին ապրել իրենց կյանքը՝ մահկանացու մարմիններում Աստծու կենդանությունը կրելով, հարությամբ էլ հավիտենական երանավետության կարժանանան: Դրա համար է ասվում. «Կենդանի կլինեն Աստծու հոգով»:

Դատաստանի սարսափազդու Օրվա մասին հիշեցնելուց հետո առաքյալը մեկ այլ, առաջինից ավելի երկյուղարժան հանգամանքի մասին է հիշատակում: Սակայն դրան խառնում է նաև խրատական խոսքեր, որպեսզի, դրանք ունկնդրելով, կարողանան Դատաստանի ժամանակ զերծ մնալ պատիժներից:

Դա իմաստուն վարդապետներին բնորոշ հատկանիշ է. ունկնդիրներին սարսափեցնել երկյուղալի երևույթներով և լսելի դարձնել Աստծու պատգամները պիտանացու խրատների միջոցով: Ուստի առաքյալը խրատելով ասում է. «Ամենքի վախճանը մոտեցել է»:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828թթ

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ Կարապետյանը

 

02.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․