Գրքեր

Աբբա Ագաֆոնն ու բորոտը

Աբբա Ագաֆոնը քաղաք էր գնում՝ իր համեստ ձեռքի աշխատանքները վաճառելու և ճանապարհին մի բորոտ տեսավ պառկած: Նա հարցրեց.

- Ո՞ւր ես գնում:

- Քաղաք,- պատասխանեց աբբա Ագաֆոնը,- ձեռքիս աշխատանքերը վաճառելու:

- Սեր ցուցաբերիր և ինձ էլ այնտեղ տար:

Ծեր վանականը բարձրացրեց նրան և ուսերին դրած քաղաք տարավ: Բորոտն ասաց.

- Ինձ այնտեղ դիր, որտեղ աշխատանքներդ ես վաճառելու:

Ծերն այդպես էլ արեց: Երբ նա մի իր վաճառեց՝ բորոտը հարցրեց.

- Որքանո՞վ վաճառեցիր:

- Այսքանով,- պատասխանեց ծերը:

Բորոտը խնդրեց.

- Ինձ համար հաց գնիր:

Երբ վանականը մեկ այլ իր վաճառեց՝ բորոտը հարցրեց.

- Իսկ դա ինչքանո՞վ վաճառեցիր:

- Այսքանով,- պատասխանեց ծերը:

- Ինձ համար էլի հաց գնիր:

Վանականը գնեց: Երբ վաճառեց ամբողջն ու ցանկանում էր հեռանալ՝ բորոտը հարցրեց.

- Գնո՞ւմ ես:

- Գնում եմ,- պատասխանեց աբբան:

Բորոտն ասաց.

- Սեր ցուցաբերիր և ինձ տար այնտեղ, որտեղից բերել ես:

Վանականն այս էլ կատարեց: Այդժամ բորոտն ասաց.

- Օրհնյալ ես դու, Ագաֆո՛ն, Տիրոջից, որ երկնքում ու երկրի վրա է:

Աբբան շրջվեց բորոտի կողմն ու ոչ ոքի չտեսավ: Դա Տիրոջ հրեշտակն էր, որ եկել էր ծեր վանականին փորձելու:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

30.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․