Գրքեր

Աղոթքն ընտանիքում

- Հա՛յր, ամբողջ ընտանիքը միասի՞ն պետք է աղոթի երեկոյան:

- Մեծահասակներն այդ հարցում պետք է մեծահոգի լինեն: Նրանք պետք է աղոթեն ու երեխաներին ասեն. «Եթե ուզում եք, ապա մի քիչ աղոթեք մեզ հետ»: Երբ երեխաները մի փոքր մեծանան, ապա աղոթքի նկատմամբ մի որոշակի կարգ կունենան, օրինակ՝ եթե մեծերը տասնհինգ րոպե են աղոթում, ապա երեխաները՝ երկու կամ հինգ, իսկ եթե ավելի շատ են ուզում, ապա թող աղոթեն, որքան ցանկանում են: Եթե ծնողներն ուժով են ստիպում երեխաներին ողջ աղոթքն իրենց հետ կանգնել, ապա հետո երեխաներն սկսում են ընդդիմանալ: Պետք չէ ճնշել երեխաներին, որովհետև նրանք դեռ չեն հասկացել աղոթքի ուժն ու արժեքը: Օրինակ՝ ծնողները կարող են և՛ լոբի ուտել, և՛ միս, և՛ այլ կոշտ կերակուր: Սակայն, եթե փոքրիկը դեռ միայն կաթով է սնվում, ապա մի՞թե ծնողները կստիպեն նրան միս ուտել, որովհետև այն ավելի սննդարար է: Այն իսկապես ավելի սննդարար է, սակայն նորածինն առայժմ չի կարող մարսել դա: Այդ պատճառով էլ, ծնողներն սկզբում միսը քիչ-քիչ են տալիս նրան, որպեսզի վարժվի. մի փոքրիկ կտոր, մի գդալ մսաջրի հետ, որպեսզի հետագայում երեխան՝ ինքը, կամենա այդպիսի կերակուր ուտել:

- Հա՛յր, երբեմն ոչ միայն երեխաները, այլև մեծերն այնքան են հոգնում մինչև երեկո, որ չեն կարողանում երեկոյան ծառայությունն ամբողջովին մատուցել:

- Եթե նրանք շատ հոգնած են կամ հիվանդ, ապա թող աղոթքների մի մասը կարդան միայն, այլ ոչ թե՝ ամբողջությամբ: Կամ գոնե «Հայր մեր»-ը թող մեկ անգամ ասեն: Չի կարելի աղոթքն ընդհանրապես թողնել: Ինչպես պատերազմի ժամանակ թշնամիներով շրջափակված զինվորն է ժամանակ առ ժամանակ կրակում, որպեսզի թշնամիները վախենան և չհարձակվեն, այնպես էլ մարդիկ, եթե ուժ չեն ունենում լիարժեք աղոթքի համար, ապա պետք է հոգևոր կրակոցներ անեն, որպեսզի չարը վախենա և փախչի:

Աղոթքն ընտանիքում մեծ ուժ ունի: Ես երկու եղբայրների եմ ճանաչում, ովքեր իրենց աղոթքով կարողացան ամուսնալուծությունից ետ պահել իրենց գժտված ծնողներին, և ոչ միայն ետ պահել, այլև՝ կապել նրանց միմյանց ավելի ուժգին, քան նախկինում էր: Մեր հայրն ասում էր մեզ. «Ինչով էլ որ զբաղված լինեք, օրը երկու անգամ պարտավոր եք զեկուցել Աստծուն, որպեսզի Նա իմանա, թե որտեղ եք»: Ամեն առավոտ և ամեն երեկո մենք բոլորս՝ հայրս, մայրս, քույր և եղբայրներս աղոթում էինք սրբապատկերների առաջ, իսկ վերջում ծնրադրում էինք Քրիստոսի սրբապատկերի առջև: Իսկ երբ մեր ընտանիքում ինչ-որ դժվարություն կամ փորձություն էր լինում, ապա աղոթում էինք, որ դա լուծվի: Հիշում եմ, երբ մի անգամ կրտսեր եղբայրս հիվանդացավ, հայրս ասաց. «Գնանք, խնդրենք Աստծուն, որ կամ բուժի նրան, կամ՝ Իր մոտ տանի, որպեսզի չտանջվի»: Մենք ողջ ընտանիքով աղոթեցինք և մեր եղբայրն առողջացավ: Եվ սեղան էլ բոլորս միասին էինք նստում: Նախ աղոթում էինք և ապա՝ սկսում ուտել: Եթե ինչ-որ մեկն սկսում էր ուտել, մինչև սեղանի օրհնելը, ապա մենք ասում էինք. «Նա շնացավ»: Ժուժկալության պակասը մենք շնություն էինք համարում: Եթե ընտանիքի յուրաքանչյուր անդամ առանց պատճառի, երբ խելքին փչի, տուն է վերադառնում և միայնակ սեղան է նստում, ապա դա ընտանիքի քայքայմանն է բերում:

 

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

15.05.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․