Գրքեր

«Աղոթքը հոգու կենդանության նշանն է»

Դեպի սրբավայր տանող աղոթքի ուղին օգնում է ուխտավորին առավել մոտ լինել իր Արարչին, քանի որ առանց այս հոգենորոգ ու փրկարար կապի մեռնում է մարդու հոգին՝ դառնալով անընդունակ ապրելու հոգևոր ուրախությունը ո՛չ այս կյանքում և ո՛չ էլ հանդերձյալում: Երբ մարդու հոգին սկսում է կենդանանալ Աստծով, ապա մարդուն շրջապատող ամեն ինչ սկսում է կենդանանալ և ուրախություն ապրել: Առօրյա հոգսերի մեջ գտնվող քրիստոնյայի համար ուխտի ճանապարհը միջոց է իր հայացքը դեպի երկինք հառելու. «Մենք պետք է այս երկրի վրա ապրենք այնպես, ինչպես անիվն է պտտվում. միայն մեկ կետով է դիպչում գետնին, իսկ մնացածն, անշուշտ, ձգվում է դեպի վեր, իսկ երկրին կառչածը չի կարողանում վեր կենալ»,- ասել է երանելի Ամբրոսիոս Օպտինացին:

Արարչին առավել մոտ լինելու, Նրանով զորանալու և Հայաստան ու Արցախ աշխարհի համար Տիրոջ օրհնությունն ու ողորմությունը հայցելու մեծ բաղձանքն էր, որ հարթեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տղամարդկանց հերթական ուխտի ուղին: Այս անգամ ուխտավորները, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, նոյեմբերի 13-ին ուխտի մեկնեցին Գեղարդավանք:

Հայ եկեղեցու առաջին հայրապետի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հիմնած վանքում ուխտավորները Տեր Հոր գլխավորությամբ համախմբվեցին միասնական աղոթքի շուրջը: Ուխտավորները, օրվա հիշատակելի սրբերի՝ Ս. Անդրեաս և Ս. Փիլիպպոս առաքյալների բարեխոսությանը դիմելով, Տիրոջը ողորմությունը հայցեցին: Աղոթքի ավարտին Տեր Գրիգորը զրուցեց փրկության տանող ճանապարհի մասին՝ նշելով, որ որքան էլ բարդ ու քարքարոտ լինի այն, որքան էլ խոչընդոտներ ու փորձություններ հանդիպեն այդ ճանապարհին, որքան էլ քրիստոնյան սայթաքի ու վեր բարձրանա, նա միայնակ չէ. Երկնավոր Հայրը միշտ նրա կողքին է, դժվարություններին արիաբար տոկալու և դրանք վճռականորեն հաղթահարելու ուժ և համբերություն է տալիս: Տեր Հայրն անդրադարձավ նաև Քրիստոսին հետևելու կարևոր պայմանի՝ խաչը կրելու մասին. «Առանց խաչի չկա փրկություն, և եթե սիրով ու հեզաբար չվերցնենք մեր խաչն ու չհետևենք Քրիստոսին, արժանի չենք լինի ո՛չ Նրա Արքայությանը, ո՛չ Նրա աշակերտն ու զավակը կոչվելու: Պետք է հաստատակամորեն պայքարենք դժվարությունների դեմ, հավատարիմ մնանք Ավետարանի վարդապետությանը և մեր խաչը կրենք քաջ զինվորի պես՝ հետևելով երկնային զորքերի Զորագլուխ Քրիստոսին»:

Ուխտի օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի ուխտավորներին Տիրոջն առավել մերձ լինելու, Նրա օրհնությանն ու զորությանը հաղորդ դառնալու լավագույն հնարավորությունը տվեց: Այստեղ՝ երկրի վրա է սկիզբն այն ամենի, ինչը շարունակվելու է ավելի ուշ՝ հավիտենության մեջ, ուստի քրիստոնյան, Տիրոջ խոսքի համաձայն, օր օրի աղոթքով, պահեցողությամբ և բարեգործությամբ պետք է ձգտի կատարելության: «Աղոթքը հոգու կենդանության նշանն է, ուստի և պետք է միշտ եռանդուն լինել աղոթելու մեջ, իսկ եթե աղոթքը դադարում է, նշանակում է, թե մեռած է հոգին»,- ասել է Ս. Գրիգոր Տաթևացին:

 

Կարինե Սուգիկյան

 

13.11.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․