Գրքեր

Ամեն ինչում մեղավորը

Մի փոքրիկ քաղաքի վանքի վանահայրը հայտնի էր իր առաքինի և զուսպ կյանքով: Նա իր բոլոր պարտականությունները խնամքով կատարում էր և ապրում հանգիստ, խաղաղ կյանքով: Կանոնավոր կերպով ծառայություն էր մատուցում և շաբաթը երկու անգամ, երկու ժամով նստում էր տեղի բարեգործական ընկերության իր մշտական տեղում:  

Մի անգամ, նա չհայտնվեց այնտեղ: Տանն էլ չէր: Համայնքի անհանգստացած անդամները որոնողական աշխատանքներ կազմակերպեցին, բայց ապարդյուն:

Մի ամիս անցավ: Երեկոյան ակումբում, ինչպես միշտ, իր տեղում նստած էր վանահայրն ու հանգիստ սուրճ էր խմում:

- Հա՛յր, որտե՞ղ էիք այս ամբողջ ընթացքում,- հարցրեցին զարմացած մարդիկ:

- Բանտում,- հանգիստ պատասխանեց նա:

- Ինչպե՞ս կարող էր դա պատահել,- ապշեցին բոլորը:

- Շատ պարզ,- պատասխանեց հոգևորականը,- Մեկ ամիս առաջ շրջկենտրոն գնացի եպիսկոպոսի մոտ, իսկ երբ վերադառնում էի, սկսեցի կայարանի խանութների ցուցափեղկերը դիտել, մինչ գնացքը կգար: Դեռ շատ ժամանակ կար և ես սարսափելի ձանձրանում էի: Եվ ահա, մի միտք ծագեց գլխումս. այդ ողջ ժամանակը կարող էի նվիրել դժբախտության ու կործանման մեջ գտնվողների համար աղոթքին: Շատ մարդիկ կարող էին զոհվել այն պատճառով, որ աղոթքի ժամը բաց էի թողել… Հենց այդ պահին կառամատույցում տարօրինակ արտաքինով մի երիտասարդ կին հայտնվեց՝ երկու ոստիկանների ուղեկցությամբ, և ինձ մատնացույց անելով բացականչեց. «Նա՛ է ամեն ինչում մեղավոր»: Սիրտս լի էր զղջմամբ: Ամբողջովին համաձայնեցի նրա հետ ու ընդունեցի նրա ճշմարտացիությունը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

16.12.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․