Գրքեր

«Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, Իմ ձայնը լսում է»

«Ամենայն որ ի ճշմարտութենէ է, լսէ բարբառոյ իմոյ:

«Ամեն մարդ, որ ճշմարտությունից է, Իմ ձայնը լսում է» (Հովհաննես 8:37):

Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ.

Այս խոսքերը Պիղատոսին ասաց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս: Աստված մարդու հետ խոսում է մարդու իսկ փրկության համար, որին պետք է ունկն դնել: Քրիստոսի մարդանալուց առաջ Աստված մարդկանց հետ խոսում էր մարգարեների միջոցով, որպեսզի հրեա ժողովրդին սթափեցնի, արթնացնի մեղքերի թմբիրից, թույլ չտա, որ իր ժողովուրդը մխրճվի մեղքի խորխորատները: Հնչում էր մարգարեների խոսքը, նշանակում է՝ Աստծո ձայնն էր հնչում, նշանակում է, որ մարդիկ սխալ ուղով էին ընթանում, մոռացել էին իրենց Աստծո պատվիրանները, հեռացել էին Աստծուց, հետևաբար՝ եկեղեցիների զանգերի պես հնչում էր մարգարեների ձայնը՝ հրավիրելու ապաշխարության և առաքինության: Մարգարեները խորհրդանշում էին մարդկանց խիղճը, որ արգելք էին հանդիսանում մեղքերի բազմացմանն ու խորացմանը: Մարգարեները մարդկանց ցույց էին տալիս այն անդունդը, դեպի որը շտապում էին նրանք իրենց կյանքի սխալ ընթացքով: Մարգարեները չէին զլանում մարդկանց տեսանելի դարձնել այն խորխորատը, որի մեջ գլորվում էին հրեաները իրենց անհնազանդությամբ և ամբարտավան կյանքով:

Երուսաղեմի կործանման մասին խոսել են տարբեր մարգարեներ, սակայն դա ազդակ չի հանդիսացել հրեա ժողովրդի աչալրջության և ապաշխարության համար, որը տեսնում ենք նինվեացիների դեպքում: Հովնան մարգարեի քարոզությամբ նինվեացիները ապաշխարեցին և փրկվեցին ոչնչացումից: Հովնանը չէր ցանկանում քարոզել նինվեացիներինև և կատարել Տիրոջ պատգամը: Աստված հրահանգեց նրան գնալ և նինվեացիներին ասել, որ նրանց չարության համբավը հասել է Իրեն: Երեք օրից պետք է Նինվեն կործանվի: Քաղաքի բնակիչները պահք պահեցին, փոքրից մինչև մեծը քուրձ հագան և հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից: Եվ Աստված տեսնելով այդ՝ ողորմաց նրանց: Հովնանի գիրքը Աստվածաշնչի մարգարեների շարքում ոչ թե մարգարեություն է, այլ փոքրիկ պատմություն այն մասին, որ փրկությունը բոլոր ազգերի համար է, ոչ թե միայն հրեաների:

Մարգարեների ներկայությունը մարդկանց մեջ միայն բարի նպատակ էր հետապնդում: Թվում է, թե նրանք Հայր Աստծո բարկության խորհրդանիշն են, սակայն իրականում իր զավակների կյանքի համար անհանգստացող Հոր հոգատարությունն են մատնանշում, որ փորձում է իր որդիներին կործանումից ետ բերել:

Երբ Դավիթ թագավորը կենակցում է իր զինվորիներից մեկի՝ Ուրիայի կնոջ հետ, այդ կինը՝ Բերսաբեն, հղիանում է, և Դավիթը Ուրիային ուղարկում է մարտի թեժ տեղերը, որպեսզի նա սպանվի: Այդպես էլ լինում է (Բ Թագավորություններ 11: 1-27), և Դավթի մոտ Աստված ուղարկում է Նաթան մարգարեին, որը մի առակ է պատմում արքային: Դավիթ թագավորը հասկանում է իր կատարած հանցանքը Աստծո առաջ: Նրան մեծ պատիժ էր սպասվում՝ համապատասխան իր մեղքի: Մարգարեի հանդիմանությունը առիթ է դառնում, որ Դավիթը զղջա և ապաշխարի: Նաթանը հայտնում է, որ Տերը ներում է նրան, բայց իբրև պատիժ՝ նրա որդին պիտի մեռնի ծնվելուց հետո: Նրանից հետո ծնված մյուս որդին՝ Սողոմոնը, ողջ է մնում, որը դառնում է Դավթի հետնորդ թագավորը: Սա ևս Տիրոջ ողորմածության մասին է վկայում:

Հիվանդացած Եզեկիա թագավորին Եսայի մարգարեն հայտնում է, որ նրան քիչ է մնացել ապրելու: Եզեկիան շրջվում է պատի կողմը և աղոթք անում Տիրոջը: Եսայուն Աստված ասում է, որ վերադառնա Եզեկիայի մոտ և հայտնի Իր կամքը. «Այսպես է ասում քո նախնի Դավթի Տեր Աստվածը. «Լսեցի քո աղոթքը և տեսա քո արտասուքը: Ես, ահա, պիտի բժշկեմ քեզ, երրորդ օրը պիտի գաս Տիրոջ տունը, քո կյանքը տասնհինգ տարով պիտի երկարեցնեմ, Ասորեստանի արքայի ձեռքից պիտի փրկեմ քեզ ու քո քաղաքը, պաշտպան պիտի կանգնեմ քո քաղաքին՝ ինձ ու իմ ծառա Դավթի համար» (Դ Թագավորություններ 20:5, 6): Այսպես համոզվում ենք, որ ապաշխարող սիրտը Աստված չի անտեսում:

«Մարգարեություն» բառն այսօր ընկալում են որպես ապագայի կանխատեսում, և Հին Կտակարանի մարգարեները հիրավի ճշգրիտ գուշակություններ են կատարել հատկապես Մեսիայի գալստյան մասին, սակայն մարգարեների պատգամի առանցքը ներկային էր առնչվում, ոչ թե ապագային: Նրանց առաջադրանքն էր ազգին հետ դարձնել դեպի Աստծու ճանապարհները և միմիայն Աստծու նկատմամբ հավատը» (Աստվածաշնչի հանրագիտարան, 1999, էջ 94):

Երբեմն կարող է թվալ, որ մարգարեություններում գծագրվում է դաժան, խիստ և պատժող Աստծու կերպարը, սակայն դա այդպես չէ: Այնտեղ երևում է հոգատար Հոր կերպարը, որը հետամուտ է լինում իր զավակների բարեկրթմանը: Հայր, որ ցանկանում է ոչ թե իր երեխաների մահն ու կործանումը, այլ միմիայն՝ փրկությունը: Մարգարեները Աստծո սիրո ապացույցն են, որոնք մարգարեանում էին նաև Մեսիայի՝ մարդկության Փրկչի գալուստը:

Ճիշտ է, Քրիստոս, որի մասին խոսում էին մարգարեները, արդեն մարդացել է և Իր Ավետարանի քարոզչությունը առաքյալների միջոցով հասցրել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց և ազգերին, սակայն պետք չէ անտեսել Սուրբ Գրքի անքակտելի մասը կազմող մարգարեների գրքերը և ընթերցելուց հետո չփորձել կյանքի կոչել այնտեղ հնչող պատգամները: Հիշենք Աղքատ Ղազարոսի առակը: Երբ մեծահարուստն ու Ղազարոսը մահանում են, Ղազարոսը Աբրահամի գոգին հանգստանում էր, իսկ մեծահարուստը դժոխքում տանջվում: Մեծահարուստը խնդրում է Աբրահամին, որ Ղազարոսին ուղարկի իր հոր տունը՝ վկայելու համար իր եղբայրներին, որպեսզի նրանք էլ չհայտնվեն տանջանքների այդ վայրում: Աբրահամը նրան պատասխանում է, որ նրանք ունեն «Մովսես և մարգարեներ», եթե «Մովսեսին և մարգարեներին չեն լսում, մեռելներից մեկն էլ եթե հարություն առնի, չպիտի համոզվեն» (Ղուկաս 16: 19-31):

Մարգարեների կյանքն ու վարքագրությունը նաև ոգեշնչման աղբյուր են եղել հավատացյալ մարդկանց համար, ինչպես օրինակ՝ Դանիել մարգարեի քաջությունը, քանի որ Դանիելը փոքր հասակից գերի էր ընկել Բաբելոն և իր արիությամբ և հավատարմությամբ հաղթահարել բոլոր փորձությունները:

Թվում է՝ մարգարեները, իբրև ընտրյալներ, ի ծնե եղել են անսխալական: Սակայն, ինչպես տեսնում ենք Հովնան մարգարեի օրինակով, նրանց ևս Աստված հայրաբար խրատել է և փրկության առաջնորդել: Հետաքրքիր է, որ Սուրբ Հակոբոս առաքյալը Եղիա մարգարեի մասին ասում է. «Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակա. նա աղոթեց, ու երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց: Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը» (Հակոբոս 5:17,18): Եղիան այն մարգարեն է, որ մահ չճաշակեց, արժանացավ երկինք փոխադրվելու հրեղեն կառքով և Հին ուխտի ընտրյալներից Մովսեսի հետ միասին Հիսուս Քրիստոսի պայծառակերպության ականատեսը եղավ Թաբոր լեռան վրա:

Ուստի, սիրելինե՛ր, եկեք լսենք Ճշմարտության ձայնը, որ է Քրիստոս, և ջանանք ապաշխարությամբ գնալ դեպի փրկություն, որպեսզի Դատաստանի ժամանակ չդատապարտվենք: Հովնան մարգարեի քարոզությամբ նինվեացիները դարձի եկան և ապաշխարեցին, իսկ Հիսուս Քրիստոս Հովնան մարգարեից մեծ է (Ղուկաս 11:30), և Նրա Ավետարանը մշտապես հրավիրում է մեզ ապաշխարության և հավիտենական փրկության:

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

 

12.07.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․