Գրքեր

Անհանգստության մեղավորը

Իրական կյանքը լի է մարդկային անդորրը խաթարող անհանգստություններով: Անհանգստության պատճառները բազմազան են, իսկ արդյո՞ք բազմազան են նաև աղբյուրները: Որո՞նք են անհանգստությունից դուրս գալու կամ ապագայում այն մեղմելու ճանապարհները: Եթե հետևենք սբ. Հովհան Ոսկեբերանի հոգեշահ ճառին, ապա խաղաղաբեր ելքերը գտնելով՝ համարձակ կընթանանք նրանցով դեպի խաղաղության Աղբյուրը՝ Աստված: Երանելի հայրապետը ցավով նշում է, որ մարդիկ, անհանգստությունից դուրս գալու ոչ մի քայլ չձեռնարկելով, ընկնում են հուսահատության մեջ: Մեկն աղքատությունից է տառապում, մյուսը՝ հիվանդությունից, մեկ ուրիշը բազմաթիվ հոգսերից և տան վերահսկումից, հաջորդը՝ երեխաների դաստիարակությունից, մյուսն էլ՝ անզավակությունից: Ճառում, ընթերցողի ուշադրությունը հրավիրելով այս հանգամանքի վրա, հայրապետը նշում է, որ գրեթե բոլորը գանգատվում են ոչ մեկ, այլ տարբեր պատճառների և հանգամանքների առումով, և եթե նրանց գանգատների պատճառները բնական հանգամանքները լինեին, ապա միանման չէին տառապի հակադիր իրերի պատճառով: Եթե աղքատությունը չարիք է և այն էլ՝ անտանելի, ապա հարստության մեջ գտնվողը ոչ մի դեպքում չպետք է տառապեր: Կամ եթե անզավակությունն է չարիք, ապա երեխաներ ունեցողը մշտապես ուրախության մեջ պետք է լիներ:  

Անհանգստության և աններդաշնակության մեղավորը 

Այժմ տեսնում ենք, որ տառապում են և՛ հարուստները, և՛ աղքատները, իսկ երբեմն հարստության մեջ գտնվողի համար տառապանքը հասնում է ավելի մեծ աստիճանի, քան աղքատի համար: Տրտմում են թե՛ իշխանություն վայելողները, թե՛ ենթակաները, թե՛ բազմազավակ երեխաների հայրը և թե՛ անզավակը, և այսպիսի աններդաշնակության մեղավորները համարվում են ոչ թե հանգամանքները, այլ նրանք, ովքեր չեն կարողանում դրանցից օգտվել ինչպես հարկն է՝ հեռացնելով իրենցից ամեն հուսահատություն:

Սբ. Հովհան Ոսկեբերանը նշում է կոնկրետ ելք. եթե մարդու միտքը ճիշտ կրթվածություն ունենա, ապա մշտապես հանգիստ կլինի թե՛ ծովի վրա և թե՛ նավահանգստում, անգամ եթե բոլոր կողմերից անթիվ փոթորիկներ բարձրանան: Դա կարելի է դիտարկել մարմնի առումով․ նա, ով ամրացրել է իր մարմինը, ոչ միայն չի համբերի և չի դիմադրի դժվար իրավիճակներին, եղանակային անթիվ փոփոխություններին, այլ փոփոխական ջերմաստիճանին և վարժություններին սովոր լինելու շնորհիվ, նույնիսկ ուժերի աճ կունենա: Իսկ թույլ և վտիտ մարմին ունեցողը, թեկուզ և վայելի բարեհաճ եղանակը, ոչ մի օգուտ չի ստանա այդ լավ պայմաններից, քանի որ իր սեփական թուլությամբ դիմադրում է լավ եղանակի ազդեցությանը: Նույնը կարող ենք տեսնել նաև այս օրինակով՝ մարսողության խնդիր չունեցողը կոպիտ կերակուր ուտելիս էլ խնդիր չի ունենա, իսկ առողջական խնդիր ունեցողի համար առողջարար սնունդն էլ վատ ազդեցություն կունենա: Այդպես և մարդը, երբ տեսնի իր գործերի մեջ աններդաշնակություն, թող չմեղադրի Աստծուն, թող չփորձի աշխարհի կառավարումը դևերին վերագրել, թող չհամեմատի աստվածային նախախնամությունն ինչ-որ ճակատագրի կամ բախտի բռնապետության հետ: Այս ամենը լի է աստվածանարգությամբ և հիրավի հոգեկան խռովքն ու աններդաշնակությունը կախված է ոչ թե գործի ընթացքից, այլ հոգու տրամադրվածության հայտնի վիճակից, որը թեև վայելել է անսահման հաճելի հանգամանքների ընթացքը, բայց այդ ամենից ոչ մի օգուտ չի ստացել այնքան ժամանակ, քանի դեռ չի ուղղել նրանում առկա աններդաշնակությունն ու անկանոնությունը: Սա նման է նրան, ինչպես աչքը, եթե հիվանդ լինի, ապա պայծառ ցերեկն էլ կտեսնի որպես խավար և ոչ մի օգուտ չի ունենա արևի լույսից, իսկ եթե առողջ է և ամուր, ապա անգամ երեկոյան ի վիճակի կլինի անվտանգ պահել իր մարմինը: Նույնն է և մտքի աչքը, եթե առողջ է և ամուր, ապա զննելով իրերը՝ կտեսնի ներդաշնակությունը, իսկ եթե վնասված է, անգամ երկինք բարձրանալով էլ, կտեսնի աններդաշնակություն:

Ապա սբ. Հովհան Ոսկեբերանն այս հարցումներով հետևյալ օրինակներն է մեջբերում. մարդկանցից քանի՞սն են հանգիստ տանում աղքատությունը՝ չդադարելով Աստծուն շնորհակալություն հայտնելուց: Քանի՞սն են, հարստության և շքեղության մեջ ապրելով, շնորհակալության փոխարեն չարախոսում Ամենակարողին: Քանի՞սն են, դժվարություններ տանելով, մեղադրում համընդհանուր Նախախնամությանը: Քանի՞սը, որ թեև բանտում են, բայց խոհեմաբար են տանում իրենց չարչարանքները, քան նրանք, ովքեր ապրում են ազատության և անվտանգության մեջ: Տեսնո՞ւմ ես, որ ոչ թե բնական հանգամանքները, այլ մեր հոգեվիճակն ու սեփական միտքն է ծառայում թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում: Այդ պատճառով, եթե մենք հոգ տանեինք մեր հոգու մասին, ապա չէր լինի ո՛չ անհանգստություն, ո՛չ աններդաշնակություն, չէր լինի և ոչ մի սարսափելի վիճակ, թեև մեր կյանքի հանգամանքները տատանվեին ավելի ուժեղ, քան ծովի ամեն մի ալեկոծություն:

Սուրբը օրինակ է բերում սբ. Պողոս առաքյալին և հարց տալիս՝ ասա՛ ինձ, ինչո՞ւ է առաքյալը գոհաբանություն հայտնում Տիրոջը, թեև նա պատկանում է այն առաքինի մարդկանց թվին, ովքեր մեծ փորձությունների են ենթարկվել: Այնինչ սբ. Պողոս առաքյալը շնորհակալություն է հայտնում Աստծուն և դա խորհուրդ է տալիս նաև մյուսներին, թեև նա տեսնում է, որ մարդկանցից շատերն ուրախանում են՝ ապրելով արատավոր ու զեխ կյանքով: Ապա հորդորում է՝ երբ տեսնես, որ արատավոր մարդն ուրախանում է, երբ տեսնես, որ նա մեծարվում է, որ թշնամիների հանդեպ իշխանություն ունի, վրեժ է լուծում իրեն վիրավորողներին, որ բոլորը պատվում և շողոքորթում են նրան, և դու ինքդ գտնվում ես ամբողջովին հակադիր վիճակում, որ քեզ զրպարտում են, չարիք նյութում քո դեմ, չմտածես, որ մերժվածների շարքում ես և նայելով առաքյալին, որ ենթարկվել է նույն բախտին, ինչ դու, ոգեշնչվի՛ր, վերականգնի՛ր մտքերդ և մի՛ ընկիր հուսահատության մեջ: Եթե տեսնես, որ ինչ-որ մեկն ապրում է արդար և բարեպաշտ կյանքով, բայց հյուծվել է հիվանդությունից, ապա քաջալերիր նրան, թեև նրան շրջապատել են անթիվ շղթաներ, թեև նա ապրել է բանտում, եղել է անարժան մարդկանց մոտ որպես ստրուկ՝ համբերելով մեկը մյուսից ավելի սարսափելի վիճակների: Երանելի է այդ մարդը, թեև խոցել են նրա աչքերը և մարմինն էլ մի փոքր հյուծվել է:

Իսկ եթե տեսնես մեկին՝ ծայրահեղ չարագործ և անբարո կյանքով ապրող, որ վայելում է մեծ պատիվ, հասնում է մինչև թագավորական գահի, կրում է ադամանդակուռ թագ, ծիրանի և իշխում է ողջ տիեզերքին, ապա այդպիսի մեկին դժբախտ համարիր, թեև նրան ենթարկվում է ողջ տիեզերքը: Իրականում, ի՞նչ օգուտ հարստության առատությունից, եթե նա առաքինությունների մեջ ամենաաղքատն է: Ի՞նչ օգուտ շատերին իշխելուց, երբ ինքն ի վիճակի չէ հաղթահարելու իրեն և իր սեփական կրքերը:

Եթե միայն մարդիկ իմանային, որ իրական կյանքում չկա այլ օգուտ առաքինությունից բացի, ապա երբեք չէին ապրի հուսահատության մեջ, երբեք չէին քաջալերի նրան, ում հարկ էր համարել դժբախտ և չէին համարի նրան դժբախտ, ում հարկ էր քաջալերել:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

11.11.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․